Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Ազատ ամբիոն

Արտախորհրդարանական ընդդիմության որոնումներում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Իշխանության բոլոր տարրերը, որոնք ներառում են նրա առանցքային հիմքերը, փոփոխման աղբյուրներն ու իրացման սկզբունքները, ենթակա են հետազոտողների եւ փորձագետների անդադրում ուսումնասիրությանը: «Ընդդիմություն» հասկացությունն ինքնին իշխանության կախյալ բաղադրիչն է: Հենց քաղաքական իշխանության բնույթն է որոշում ընդդիմությունը: Բնակչության շահերի անտեսում, ընդունված որոշումների վերահսկողության համար ընտրախավերի պայքար` այս ամենը հող է պատրաստում քաղաքական ընդդիմության ի հայտ գալու համար:

Արդի քաղաքագիտության մեջ քաղաքական որոշումների ընդունման վրա ազդեցության ունակ այլընտրանքային քաղաքական սուբյեկտների առկայությունը ժողովրդավարական քաղաքական վարչակարգի հանգուցային բնութագրիչն է: Չավարտված ժողովրդավարական տարանցիկություն ունեցող պետություններում քաղաքական ընդդիմության աճած դերն ավելի է կարեւորվում: Այն պայմաններում, երբ սկսվում է վարչակարգի ժողովրդավարացման գործընթացը, ընդդիմությունը, իշխանության եկած բարեփոխականների հետ միասին, կարող է դառնալ վերափոխումների շարժիչ ուժերից մեկը եւ շատ դեպքերում լրացնել վարչակարգի անկումից հետո առաջացած իշխանական վակուումը:

«Թավշյա» հեղափոխության հետ կապված իրադարձությունները եւ նորերի իշխանության գալը առավել համարժեք է մեզ բնութագրում իբրեւ չավարտված ժողովրդավարական տրանցիկություն ունեցող պետություն: Մի կողմից մեզ առաջին անգամ հաջողվեց ժողովրդի կամարտահայտությամբ ձերբազատվել համատարած կոռուպցիայի վրա հիմնված իշխանության համակարգաստեղծ վարչախմբից, մյուս կողմից էլ` ուղիղ երկու տարի է անցել իշխանափոխությունից հետո, իսկ մենք դեռ ապրում ենք նախորդ իշխանությունների կողմից մշակված ամբողջատիրական իրավական օրենսդրության շրջանակներում: Չնայած հնչեցված բազմաթիվ առաջարկներին ու հորդորներին, գործող իշխանություններն այդպես էլ չընդունեցին կուսակցությունների մասին, սեփականության մասին եւ ընտրությունների մասին օրենքներ, չանցկացվեց ամբողջական լյուստրացիա: Եվ այն խոչընդոտներին, որոնց բախվում է ներկա իշխանությունը, հիմնականում այդ թերացումների հետեւանքն է:

Հայաստանում այժմ յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել` փաստորեն մենք ունենք արտախորհրդարանական երկու ընդդիմություն: Առաջինը միավորում է գլխավորապես նախկին արատավոր համակարգի ներկայացուցիչներին, որոնք մերժում են գործող իշխանությունների ընդունած անխտիր բոլոր որոշումներն ու տարբեր ոլորտներում նրանց ընտրած մարտավարությունը, ինչպես նաեւ քննադատում են համապատասխան հայեցակարգերի ու մարտավարության բացակայությունը: Այդ տեսակետից դժվար է նրանց կառուցողական ընդդիմություն համարելը, քանի որ կանխակալորեն հակված են ցանկացած ձեռնարկ, գործ կամ միջոցառում ընկալել մռայլ գույների ներքո:

Ընդդիմության երկրորդ տեսակը, որին կարելի է կառուցողական անվանել, կարծես թե, նոր-նոր է սկսել ձեւավորվել: Այն կազմակերպված չէ, տարանջատված է եւ, ի տարբերություն առաջին ընդդիմության, չունի նյութական ռեսուրսներ: Բայց ժամանակի ընթացքում կարող է միավորվել ու դառնալ պետական կառավարման համակարգում եւ ճիշտ որոշումների ընդունման գործում առաջընթացի շարժիչ ուժ եւ իրենով փակել արտախորհրդարանական դաշտի ընդդիմադիր հատվածը:

Որպես կառուցողական ընդդիմություն` այդօրինակ քաղաքական ուժն ի զորու է վերլուծական փաստարկների, դատողությունների եւ առաջարկների հիման վրա կառավարությանը լսելի դարձնել իր ձայնը, ստիպել, որ վերջինս վերանայի ընդունած որոշումները եւ եթե նույնիսկ չընդունի ընդդիմության նախաձեռնությունները, ապա գոնե կսրբագրի դիրքորոշումներն ու գործողությունները ժամանակի պահանջներին համընթաց: Տեղի կունենա՞ արդյոք նոր կառուցողական ընդդիմության կայացումը, թե ոչ, կերեւա ամենամոտ ապագայում: Ի վերջո` դրական ամեն ինչ անաչառ գնահատող վճռորոշ ատյանը ժողովուրդն է, որն ընտրությունների ժամանակ իր ձայնը կտա ամենանախընտրելի քաղաքական ուժի օգտին:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: