Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Ռեստիտուցիա. պարտքերը վերադարձնելու ժամանակը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Անցնող շաբաթ «Մարտի 1»-ի գործով դատավարության մեկնարկի եւ նույն թեմայով հայաստանյան իշխանությունների հասցեին Արցախի որոշ քաղաքական գործիչների հնչեցրած հայտարարությունների խորապատկերին ստվերում մնաց միջազգային քաղաքականության կարեւոր մի փաստ, որին մեզանում շատ քչերն ուշադրություն դարձրին: Մայիսի 12-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը վերջին պահին չեղարկեց Իսրայելի կառավարության պատվիրակության այցը Վարշավա: Հիմնական պատճառն այն էր, որ պատվիրակությունը նպատակադրված էր լեհ քաղաքական գործիչների եւ պաշտոնատար անձանց հետ քննարկել Երկրորդ աշխարհամարտում լեհական հրեաների կորցրած գույքի վերականգնման թեման: Հատկանշական է, որ Լեհաստանը՝ որպես պետություն, ինքն էլ պակաս չէր տուժել պատերազմի արդյունքում, սակայն Իսրայելի կառավարությունը, միեւնույն է, այս հարցում հետեւողական քաղաքականություն է վարում՝ Լեհաստանում պատերազմի ժամանակ հրեաներ են տուժել, եւ նրանց պետք է փոխհատուցում վճարվի:

Ընդհանուր առմամբ՝ ռեստիտուցիայի թեման արդիական էր դեռ անցյալ դարի 18-22 թվականներին, երբ խորհրդային կառավարությունն ազգայնացրել էր անհատների, այդ թվում` օտարերկրացիների պատկանող բազմաթիվ ձեռնարկություններ, ինչպես նաեւ հրաժարվել էր վճարել ցարական եւ ժամանակավոր կառավարությունների պարտքերը: Բայցեւայնպես, Խորհրդային Ռուսաստանում նախկին սեփականատերերի գույքի վերականգման գործընթացը սկսվել էր 1918 թվականին՝ ազգայնացման ավարտից առաջ: 1946-ին Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ստեղծեցին Եվրոպայի օկուպացված երկրներում Երրորդ ռեյխի կողմից առգրավված ոսկու վերականգնման հարցով եռակողմ հանձնաժողովը (Tripartite Commission for the Restitution of Monetary Gold): 1951-ին իր աշխատանքը սկսեց Claims Conference (Conference on Jewish Material Claims Against Germany) կազմակերպությունը, որի նպատակն էր լուծել հրեական գույքի վերականգնման եւ նացիզմի ազգությամբ հրեա զոհերի փոխհատուցման հարցերը: Ինչի՞ համար են այսպիսի մանրամասները: Բանն այն է, որ մենք նույն խնդիրներն ունենք թուրքական պետության հետ մեր հարաբերություններում: 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին թուրքական պետությունը հայրենազրկեց հազարամյակներ շարունակ իրենց հողի վրա ապրող գրեթե բոլոր հայերին: Ֆիզիկապես ոչնչացնելով մեզ՝ թուրքերը զավթեցին հայերի անշարժ գույքը, վերցրին ամբողջ ոսկին, արժեթղթերը եւ ապօրինաբար տիրացան մեր հողերին: Մինչեւ հիմա Արեւելյան Անատոլիա այցելող հայ զբոսաշրջիկներին թուրքերն առաջարկում են գնել ոսկյա զարդեր, որոնք նրանց նախնիները կողոպտել էին հայերից:

Չի կարելի ասել, որ ռեստիտուցիայի հարցերը երբեք չեն բարձրացվել աշխարհի հայերի կողմից: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններ են ստեղծվում եւ աշխատում, որոնք կամավոր հիմունքով փորձում են մեռյալ կետից շարժել մեզ համար ամենաարդիական խնդիրը: Սակայն այժմ, երբ Հայաստանի Հանրապետությունն այլեւս միջազգային հանրության կողմից ճանաչված պետություն է, թվում է՝ այդ հարցը եւ դրա կազմակերպչական լուծումները պետք է արդեն լինեն Հայաստանի պետական մարմինների հոգածության առարկան: Եթե մենք ասել ենք եւ հիմա էլ կրկնում ենք, որ պատրաստ ենք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, իսկ Թուրքիան Արցախի հանձնման պահանջ է առաջ քաշում, ապա ի՞նչն է մեզ խանգարում պետական մակարդակով Թուրքիայի առջեւ ռեստիտուցիայի խնդիր դնել կամ հայտարարել, որ Հայաստանը՝ իբրեւ ինքնիշխան պետություն, չի ճանաչում Թուրքիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ հայերի թիկունքում կնքած Կարսի եւ Մոսկվայի տխրահռչակ պայմանագրերը: Ի վերջո, այս բոլոր հարցերը գտնվում են միջազգային իրավունքի հարթությունում: Միջազգային դատարանում մեր իրավունքները պաշտպանելու համար Հայաստանը կարող է օգտվել աշխարհի լավագույն հայ փաստաբանների ծառայություններից, որոնք ապրում են Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ աշխարհի այլ երկրներում: Կա վստահություն, որ այդ փաստաբանները՝ որպես Ցեղասպանության զոհերի ժառանգներ, այս գործով անգամ անհատույց կզբաղվեն: Պետք է միայն պետական աջակցություն:

Մենք չպետք է ապավինենք որեւէ մեկին, ով մեր փոխարեն կբարձրացնի այս բոլոր հարցերը: Յուրաքանչյուր պետություն ունի իր ազգային շահերը: Օրինակ՝ ԱՄՆ-ը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչո՞ւ: Որովհետեւ դա նրանց համար շահեկան չէ, այս թեման միշտ եղել է Թուրքիային զսպող մահակ: Այս հարցերը պետք է առաջ քաշել, այլ ոչ թե ամեն տարի ակնդետ սպասել, թե ինչ է ասելու ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին: Բայց եթե մենք ինքներս արծարծենք այդ հարցերը, վստահաբար կարող են ի հայտ գալ բարեկամական պետություններ (օրինակ՝ Հունաստանը, որի բնակչությունը նույնպես ենթարկվել է ցեղասպանության), որոնք կաջակցեն մեզ: Առավել եւս, որ այդ խնդիրներն այլեւս կլինեն ոչ թե բարոյական, այլ իրավական հարթությունում:

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: