Չորեքշաբթի, Հուլիսի 28, 2021

Ազատ ամբիոն

Վտանգը մոտենում է մեր միջնաբերդին

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Լեւոն Տեր-Պետրոսյանը 88-ին քաղաքական հարթակում հայտնվեց կոմունիստների դեմ իր բոցակեզ ելույթներով, որոնցից հեղվում էին ատելություն ու մաղձ: Նա Գերագույն խորհրդի նախագահ դարձավ այդ իսկ եղանակով՝ թույնի հսկայական չափաբաժին ուղղելով նույն կոմունիստներին, որոնց այդ պահին ներկայացնում էր մի հայրենասեր, օրինապաշտ ու արժանավոր հայ մարդ՝ Վլադիմիր Մովսիսյանը: Տեր-Պետրոսյանի ոչնչացնող ելույթը պսակվեց մեծ հաջողությամբ՝ նա այլեւս Հայաստանի ղեկին էր, հաջորդ տարի՝ արդեն Հանրապետության օրինական նախագահ: Աստիճանաբար սկսեց ուրվագծվել նրա ատելությունն Արցախի ու արցախցիների նկատմամբ, ինչը մինչ այդ ընդգծված չէր, բնականաբար, իշխանության հասնելու խորամանկությամբ:

Հաջորդ ու անվրեպ թիրախը Դաշնակցությունն էր: Առաջին նախագահի մաղձաթաթախ ելույթներին հաջորդեցին կուսակցության արգելումը, գործիչների ձերբակալությունը, լրատվամիջոցների փակումը: Մղձավանջը տեւեց մինչեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելը՝ կուսակցությունն ազատագրվեց լեւոնական կապանքներից:

Ասպարեզում նորություն կար. թիրախ համար 4՝ Քոչարյան: Այստեղ պարոն Տեր-Պետրոսյանի ատելավառ տաղանդը սահմանեց աներեւակալի մրցանիշներ, նրա ազդեցությամբ գործող մամուլն ու դեմքերը Երկրորդ նախագահի մասին սկսեցին տարածել միայն իրենց կեղտոտ ուղեղներով անցնող այլանդակություններ: Հայությունը պառակտվեց երկու թշնամական բանակի՝ արցախցիների եւ մյուսների: Շուտով թիրախների թիվն ավելացավ ՀՀԿ-ով՝ գործած ու չգործած մեղքերի ահռելի ցանկով:

Արդեն մեծ դժվարություն չկար՝ ԼՏՊ-ի գաղտնի ու բացահայտ հովանավորությամբ իշխանությունն անցավ երկրում ներդրված գործակալական ցանցին, որի հրեշագործությունները չեմ թվարկում՝ հաշվի առնելով դրանց շարունակականության հսկայական ցավն ու ժողովրդի ազնիվ հատվածի անզորությունը:

Վերոշարադրյալ փաստերը ծանոթ են քաղաքական տվյալ իրավիճակներն ապրած եւ տրամաբանելու ունակ յուրաքանչյուր անհատի, իմ մտադրությունը հիշողության թարմացում չէ: Ինձ հետեւյալ հարցն է հետաքրքրում՝ եղե՞լ է որեւէ առիթ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոմունիստներին, արցախցիներին, Դաշնակցությանը, Քոչարյանին ու ՀՀԿ-ին քննադատելուց բացի, մի քանի թթու խոսք էլ ցեղասպան, հայասպան թուրքի հասցեին ասած լինի:

1995թ. ապրիլին ես Ակադեմիայի մեծ դահլիճում մասնակցում էի Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, որտեղ պարոն Առաջինը հայտարարեց, որ Ցեղասպանության հիմնական մեղավորը… Դաշնակցությունն է: Հետո նրա հպատակներն սկսեցին այդ միտքը լղոզել, բայց ես ներկա եմ եղել եւ լսել եմ սեփական ականջներով: Տեղյակ չեմ՝ արդյոք նա հետագայում հոդվածներ գրե՞լ է, ելույթներ ունեցե՞լ է մեր ժողովրդի կյանքում թուրքի կործանարար դերի մասին, դատապարտե՞լ է սումգայիթում եւ այլուր նրա կատարած վայրագությունները, վերլուծե՞լ է այս վերջին պատերազմում համաթրքացման գործոնները…

Բացի նրանից, որ հիմա իբր թե նիկոլ է քննադատում՝ հոգու խորքում երջանկանալով նրա ճանկերով իր հակահայ ծրագրերի գրեթե իրականացման համար, ուղիներ նշո՞ւմ է, թե հայն ինչպես պետք է տեր կանգնի իր պատմական ու մարդկային իրավունքներին, վերակառուցի ավերված երկիրը, պաշտպանի արցախցի հայրենակիցներին: Չեմ կարծում. Լեւոն Տեր-Պետրոսյանը միայն բարձրագոչ ճառեր է ճարճատում երեւակայական խաղաղության, թուրքի հետ հաշտ ապրելու՝ շատ ավելի երեւակայական բարեկեցության հեռանկարների մասին, դա նրա միակ հաղթաթուղթն է, որը մարդկանց որոշակի խմբերի վրա հիպնոսային ազդեցություն է գործում:

Եզրակացություն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք չի քննադատում արնախում թուրքերին, չի մերկացնում նրանց ոճիրներն ու ծրագրերը, փոխարենը անպատմելի կրքով քննադատում է այն հայ գործիչներին եւ ուժերին, որոնք կանգնած են ազգի լինելության դիրքերում: Նա երբեք չի ասում, թե ովքեր էին երիտթուրքերը, ինչ է սիոնիզմը, ինչ է գլոբալիզմը, ինչու են անդադար հարվածում Հայաստան թիրախին: Մարդը լռության ուխտ է արել, նրան պետք չէ պատճառների մեջ խորանալ, ականնե՞ր կպայթեն…

ԼՏՊ-ի ցնդած աշկերտի մասին խոսել չաժե՝ կյանքում չի լսել պանթուրքիզմ ու Թուրան անունները, բաքվից ինչքան իր հասցեին աղտեղություններ է լսում՝ այնքան Հայաստանի ներսում զառանցելու նոր ազդակներ է ստանում: Խելագարությունը հասել է այն աստիճանին, որ իր հպարտությունը պատերազմում պարտությունն է համարում, իսկ դա նշանակում է, որ հպարտ է հազարավոր զոհվածների, անդամահատվածների, անհետ կորածների, տանջահարվող ռազմագերիների, սգացող մայրերի, երկիր ներխուժած ասկյարներից սարսափող հայաստանցի երեխաների համար, ջախջախված բանակի՛ համար…

Ի՞նչ է սա, բժշկական ախտորոշո՞ւմ: Իմ հաստատ համոզմամբ՝ միմիայն ԴՆԹ հետազոտության պատասխան: Աշխարհում կա՞ մի ազգ, որ թուրքին սիրի՝ բացի ինքն իրենից: Չասեք, թե հրեան: Նա նրան օգտագործում է ու չեմ կարծում վստահ է, թե մի օր իր դեմ չի շրջվելու:

Սիրելի հայեր, հասկանո՞ւմ եք, որ հյուրընկալության մեր Վանատուր Աստվածը սա՛ չէ մեզ պատգամել, որ ամեն ստահակի առջեւ մեր տան դուռը բանանք, գլխներիս տեղ տանք, մեր ոտնատեղը նրան նվիրենք: Մենք իրավուք չունենք հրաժարվել գոյատեւելու մեր իրավունքից, պետք է պայքարենք, հիմա արդեն՝ առանց միջոցների մեջ խտրություն դնելու: Կտրուկ որոշումներ կայացնելու ժամանակը սպառվում է ոչ թե օրերով, այլ ակնթարթներով:

 

Հրաչուհի Փալանդուզյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: