Այս թողարկման «Ազատ ամբիոն» խորագրի ներքո ներկայացնում ենք գրական փորձ, որի հեղինակը՝ Ալեքսանդր Սարոն, տակավին պատանյակ է՝ 15 տարեկան: Սովորում է Երեւանի թիվ 148 դպրոցի 10-րդ դասարանում: Ուսմանը զուգահեռ՝ ստեղծագործում է. գրում է գողտրիկ պատմվածքներ ու վիպակներ, որոնք առանձնանում են ուրույն մտածողությամբ եւ գունեղ երեւակայությամբ: Բարի երթ, Ալեքս...
Դեռ չծնված՝ հայտնվեցի հրաշագեղ ալ կարմիր վարդերի մեջ՝ ողողված արևի պայծառ ճաճանչափայլով: Որ կողմը նայես՝ կարմիր է, բայց ես վախենում էի. վարդերի վառ դաշտն անծայրածիր էր: Վախը հետզհետե վերածվեց հետաքրքրասիրության, և ես որոշեցի մի վարդ պոկել, բայց նա միանգամից ծակեց մատս, ու ես այն մի կողմ նետեցի: Վազեցի հեռուներին ընդառաջ՝ դեպի ալ կարմիր ծովը: Վարդերը ծակում էին ոտքերս, բայց ես անտեսում էի ցավը և շարունակում ճանապարհս: Զգում էի բնության այդ հրաշալիքի անզուգական բույրը: Թեթև քամին փչում էր դեմքիս, իսկ արևի ճառագայթները մատնացույց էին անում սկիզբ առնող մի նոր ճանապարհ: Երբեմն կանգ էի առնում՝ հույս ունենալով վերցնել վարդերից մեկը, բայց նրանցից ոչ մեկը չէր տրվում ինձ: Դաշտով մեկ վազելով՝ հասկացա, թե որքան տարբեր կարող են լինել վարդերը. որոշներն ավելի ուժեղ են ծակում, մյուսներն՝ ավելի հաճելի են բուրում, երբեմն էլ՝ հանդիպում են գրեթե թոշնածներ:
Հանկարծ ինձ անծանոթ մի գույն նկատեցի. դա սպիտակ Վարդն էր: Որքան ուժ ունեի՝ վազեցի նրա մոտ և հասկացա, որ հենց նա է՝ իմ երազանքի Վարդը: Ես առաջին հայացքից սիրահարվեցի նրան: Մոտենալով՝ ըմբոշխնեցի ողջ բույրը. նման հրաշալի բույր երբեք չէի զգացել: Ես վերցրի այդ Վարդը և, չնայած որ փշոտ էր, չծակեց ինձ: Եվ որքան մեծ էր զարմանքս, երբ նկատեցի, որ նա ապաքինել է վերքերս:
Ես հասկացա, որ նա միակն էր, ով տարբերվում էր բոլորից, ով չխայթեց, միակը, որի բույրը ես երբեք չեմ մոռանա, միակը, ով սիրեց ինձ: Հանկարծ նա շիկնեց, ինչպես բոլոր մնացած վարդերը, բայց մնաց նույնքան մեղմ, ինչպես նախկինում էր: Ես հասկացա, որ այս վարդերից յուրաքանչյուրը պատկանում է ինչ-որ մեկին և փորձում է պաշտպանել նրան:
…Ես հայտնվեցի մութ աշխարհում, որտեղ չկար գեթ մի բան, ինչը կարող էր ուրախացնել ինձ: Որոշ ժամանակ անց արևի լույս տեսա: Այնտեղ իմ Վարդն էր, որին սիրում էի: Ես ինքնամոռաց վազեցի նրա մոտ… Երբ բացեցի աչքերս, մի պահ տեսա այդ Վարդին, իսկ հետո մեկը ժպտաց ու գրկեց ինձ՝ հիշեցնելով իմ սիրո մասին: Առանց հասկանալու նայեցի նրան ու ասացի՝ «Մամա»:
* * *
Ես ընկել էի բոլորովին այլ աշխարհ: Նման վառ ու հագեցած գույներ առաջին անգամ էի տեսնում: Ամենուր ծաղիկներ էին, կանաչ ու բուրավետ խոտ, երկու ջրվեժ ու վիթխարի մի Ծառ՝ այդ գեղեցկության մեջտեղը, իսկ արևն ավելի ուժեղ էր փայլում, քան երբևէ: Բարեբախտաբար, իմ թանկագին Վարդն ինձ հետ էր, նա ծաղկեց այն ծառի կողքին: Մոտենալով նրան՝ ծառի վրա փեթակ նկատեցի: Հանկարծ այնտեղից մի մեղու դուրս թռավ, մոտեցավ Վարդին ու ծաղկափոշի վերցրեց նրանից: Որոշ ժամանակ անց նա մոտեցավ ինձ՝ երկնքի պես մաքուր, ոսկե նեկտարով, որի մեջ ես տեսա իմ մանկության միամտության արտացոլանքը: Դա մեղր էր: Համտեսելով այն, հիացմունք ապրեցի՝ այնքան մեծ, որ կհերիքեր երջանկացնելու ողջ աշխարհը: Մի լավ փորձելով մեղրը, ես գնացի դեպի առաջին ջրվեժը: Նրա ջուրը մաքուր էր, ինչպես իմ անարատ հոգին և սառն էր, ինչպես վաղորդյան ցողը: Ես ջուր խմեցի նրանից ու, երջանկությունից շողալով, վազեցի մյուս ջրվեժի կողմը: Այնտեղ ջուրը մուգ ու պղտոր էր: Դա տեսնելով՝ ինձ համար անհասկանալի ապրումներ ունեցա:
Վայելում էի մեղրը, խմում մաքուր ջուրն ու զբոսնում այդ գողտրիկ վայրում՝ լի ծաղկաբույրով: Որքան գեղեցիկ էր Ծառը՝ փեթակը ճյուղին: Որքան քաղցր էր այն, անհոգ ու խաղաղ:
Անցնում էին օրեր, շաբաթներ… Դեռ միամիտ երեխա՝ նկատեցի, որ դրախտը, որտեղ ապրում եմ, շրջապատված է մութ անտառով, սաղարթախիտ ծառերով, որոնց միջով չէին կարող ներթափանցել արևի շողերը: Ես սարսափում էի այդ անտառից. ենթադրում էի, թե ինչ կարող է լինել ներսում ու վախենում նրանից, ինչ չկա, բայց այնտեղ կար այն, ինչ երեխայի երևակայությունից դուրս է:
Անցան տարիներ և մի անգամ՝ արդեն արիացած, ես որոշեցի գնալ այդ անտառ, բայց չկարողացա նույնիսկ մոտենալ: Ինչ-որ փշեր փակում էին ճանապարհս: Ես ճանաչեցի նրանց. դրանք այն միակ Վարդի փշերն էին, որոնք երբեք ինձ ցավ չէին պատճառել: Բայց այս անգամ ես ցավ զգացի: Այն թույլ էր, մոծակի խայթոցի պես, բայց մի՞թե հաճելի է թեկուզ աննշան ցավ զգալ հարազատ մարդուց: Ես նեղացա և գնացի մեղրի մեջ լողանալու, ինչին արժանի չէի:
Մի քանի տարի անց ինձ սկսեց ձանձրացնել այդ արքայական Ծառը: Ինչ-որ նոր բան էի ուզում, և համարձակվեցի ջուր խմել երկրորդ ջրվեժից: Սկզբից վախենում էի, բայց մանկան հետաքրքրասիրությունը հաղթեց… Ի վերջո, մի երկու կում արեցի: Ինձ դա զզվանք պատճառեց, բայց նորը ճանաչելու ցանկությունը, այնուամենայնիվ, չպակասեց: Խմելուց անմիջապես հետո, ինչ-որ տարօրինակ բան զգացի իմ մեջ։ Ի՞նչ էր դա։ Բոլորիս հետ էլ պատահում է։ Հոգու խորքում մենք հասկանում ենք, որ դա վատ արարք է՝ վախկոտությամբ ու նենգությամբ լի։ Մի խոսքով՝ սուտը։ Ես գնացի Վարդի մոտ և միամիտ ասացի, որ մութ անտառի կողքին մի գեղեցիկ ծաղիկ կա, որին ուզում եմ ճանաչել։ Վարդը չմերժեց ինձ։ Նա ժպտաց և քաղաքավարի խնդրեց ինձ զգույշ լինել և երկար չմնալ։ Գոհ ինձանից՝ ես գնացի դեպի անտառ ու աչքի ծայրով նայեցի, թե ինչ է կատարվում այնտեղ՝ իմ թագավորությունից դուրս։ Տեսա մութ աշխարհ՝ դաժանությամբ ու ցավով լեցուն։ Անշուշտ՝ ես դեռ չէի հասկանում դա։ Տեղ-տեղ երևում էին բացատները՝ ծառերով ու ճիշտ այնպիսի վարդերով, ինչպիսին իմ Վարդն է։ Ուշադիր նայեցի ու միակ բանը, որ տպավորվեց շատ մանրակրկիտ, այն էր, որ ամեն վարդի գլխավերևում մի ամպ կար, որն անընդհատ ջրում էր վարդն անձրևով։ Այս ընթացքում իմ Վարդի գլխավերևում ես երբեք անձրև չէի տեսել...
Վարդը կանչեց ինձ, և ես ստիպված եղա մի կողմ դնել հետաքրքրասիրությունս ու ետ դառնալ։
Այդ դեպքից հետո ինչ-որ բան տանջում էր ինձ ներքուստ։ Գուցե խի՞ղճը։ Նորից ըմպեցի այդ նողկալի ջրվեժից, ու հոգիս այլևս դադարեց տառապել․ավելի ճիշտ՝ ես էի այդպես կարծում։ Ինձ ամեն ինչ գոհացնում էր: Ես անտարբեր էի Ամպի նկատմամբ, այն չէր գրավում ինձ: Ես չունեի դրա կարիքը, բայց միևնույն ժամանակ՝ չէի նկատում Վարդի ծարավը։
Անցնում էին տարիներ, և ինձ թվում էր, որ մեղրը դառնացել է, իսկ մութ անտառն ավելի հրապուրիչ է դարձել։ Մի հրաշալի օր էլ հարցրեցի Վարդին Ամպի մասին, անձրևների մասին և թե ինչու՞ Ամպ չունենք։ Վարդը համբերատար ամեն ինչ պատմեց ինձ։ Ես հասկանում էի նրա ամեն մի բառը, սակայն միայն հասկանում էի և չէի զգում։ Եսասիրությունը տիրել էր ինձ։ Ես միանգամից գլխի չընկա, որ նրա թերթիկներն աստիճանաբար թափվում են։
Խոստանում եմ, որ մի օր ես հուսալի ամպ կդառնամ, որին չի հաղթի ոչ մի քամի և չի վախեցնի ոչ մի ամպրոպ։ Թող որ հոգատարության անձրևը հորդա հավերժ...
Ես կտնկեմ իմ հրաշալի Ծառը, կգտնեմ իմ սպիտակ Վարդը, բայց երբեք չեմ մոռանա իմ Միակին, ով կարմիր գույնով ներկվեց ինձ համար, ով թաքցնում էր փշերն ինձ համար, բուրում էր բոլորից էլ առավել ինձ և միայն ինձ համար։ Միակը, ում ես պարտավոր եմ ջրել մեղրային անձրևով ողջ կյանքի ընթացքում:
Ալեքսանդր Սարո
Ռուսերենից թարգմանեց Էլիտա Հարությունյանը