Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Ազատ ամբիոն

ՀԱՊԿ-ը եւ Հայաստանի անվտանգությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հունիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցել է երկրի զինված ուժերի հրթիռային զորամասի բացմանը, որի ընթացքում ծանոթացել է Բելառուսից մատակարարված «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին (ՀԿՌՀ):

Գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցվել է «Պոլոնեզ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի մասին, որի հրաձգության առավելագույն հեռահարությունը 300 կիլոմետր է: Բոլոր հրթիռները կշռում են 780 կիլոգրամ, մարտագլխիկները՝ 140 կիլոգրամ, հարվածի շառավիղը՝ 80 մետր: Համազարկային կրակի այս համակարգը ստեղծվել է Բելառուսում՝ առանց Ռուսաստանի մասնակցության: Այն առաջին անգամ ցուցադրվել է մայիսի 9-ին Մինսկում կայացած ռազմական շքերթում: Ռուսական աղբյուրների համաձայն՝ «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ները բելառուսական եւ չինական ձեռնարկությունների համատեղ արտադրանք են, որտեղ առաջինները պատասխանատու էին շասսիի եւ նրա որոշ սարքավորումների, իսկ վերջինները՝ Չինաստանում արտադրված հրթիռների համար: Ալիեւին ցուցադրվել է նաեւ իսրայելական LORA (Long Range Artillery Missile) օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը: «Մարտական մեքենայի վրա տեղադրվում են չորս հրթիռներ: Նրանց առավելագույն արագությունը կազմում է վայրկյանում 300 մետր, հրաձգության նախապատրաստելու ժամանակը 13 րոպե է, ծառայության ժամկետը` 10 տարի»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: Ինչպես «Պոլոնեզը», այնպես էլ «LORA»- ն վերահսկվում են GPS եւ INS համակարգերով:

Եվ այսպես՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր բանակը հագեցնել հարձակողական սպառազինության ամենավերջին զինատեսակներով: Ընդ որում, այդ հարցում իր գործուն մասնակցությունն ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեր դաշնակից Բելառուսը: Այն արդարացումը, թե սա «զուտ բիզնես» է, մենք բազմիցս լսել ենք ինչպես ռուսներից, այնպես էլ բելառուսներից: «Ափսոսում ենք, որ Բելառուսը՝ համարվելով բարեկամ երկիր, ներգրավված լինելով մեզ հետ բազմակողմ հարաբերությունների ձեւաչափերում եւ ունենալով դաշնակցային պարտավորություններ, զենք է վաճառում մի երկրի, որը հակամարտության մեջ է մեզ հետ»,- հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը: ՀԱՊԿ-ում Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ՝ որպես աղքատ բարեկամի, շարունակվում է իներցիայով, նույնիսկ այն բանից հետո, երբ մենք ունեցանք ազգային վստահության կառավարություն, որը կարող է հանդես գալ միջազգային ասպարեզում ժողովրդի անունից՝ հենվելով նրա աջակցության վրա եւ ելնելով սեփական ազգային շահերից: Իսկ այն, որ վերոհիշյալ պետությունները խստորեն հարգում են իրենց ազգային շահերը եւ չեն վարանում պաշտոնական Երեւանին մատնացույց անել (օրինակ՝ Լավրովի հունիսի 11-ի հայտարարության համաձայն), թե Մոսկվան դժգոհ է ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքում ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ բացված տեղեկատու լաբորատորիաների տեղակայումից: «Մեր հատուկ ծառայություններն ու գիտնականները մտահոգված են այդ լաբորատորիաների բացմամբ»,- ասված է Լավրովի հայտարարության մեջ:

Ադրբեջանին զինելու հարցում հավասարապես ակտիվ է նաեւ Իսրայելը, որն Ադրբեջանին բարձր տեխնոլոգիական զենք է մատակարարում: Մենք տեսանք դրանց կիրառությունը 2016թ. ապրիլին: Այս առումով ճիշտ կլինի ոչ թե «ափսոսալ», այլ ՀԱՊԿ անդամ պետություններից պահանջել, որ անթույլատրելի է Ադրբեջանին զինելը: Հակառակ դեպքում ո՞րն է ՀԱՊԿ անդամ լինելու իմաստը: ՀԱՊԿ-ը չի միջամտի Ադրբեջանի եւ Արցախի զինված հակամարտությանը, քանի որ Արցախը իրավաբանորեն Հայաստանի տարածք չի հանդիսանում, չնայած որ Հայաստանը նրա անվտանգության երաշխավորն է: Մեծ է հավանականությունը, որ ՀԱՊԿ-ը չի միջամտի զինված ընդհարմանը, նույնիսկ եթե Ադրբեջանը Նախիջեւանից հարձակվի Հայաստանի վրա: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ներկա երկկողմ համաձայնագիրը բավարար է Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այստեղ չենք կարող պաշտոնապես արգելել զենքի վաճառքը Ադրբեջանին: Բայց Հայաստանն իրավունք ունի պաշտոնապես հայտարարել, որ կտրականապես դեմ է, որ Իսրայելը՝ ելնելով իր ազգային շահերից, Թուրքիայի հետ հարաբերություններում ամեն անգամ խաղարկում է 1915թ. Հայոց ցեղասպանության հաղթաթուղթը: Հենց որ Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարանում են, Իսրայելը «հիշում է» ցեղասպանության մասին: Հենց որ Թուրքիան զիջումների է գնում, ցեղասպանության մասին «մոռանում» է: Հայտարարության մեջ պետք է նշել, որ մենք ընդհանրապես դեմ ենք Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, եւ թող այդ հարցը հանվի օրակարգից: Այդ հարցը քաղաքական չէ, այլ բարոյական: Մենք առանց ճանաչման էլ յոլա կգնանք եւ քաղաքական ողորմության կարիք Իսրայելի կողմից չունենք: Մենք պետք է դրանից վեր կանգնենք: Չէ՞ որ Հայաստանը՝ ելնելով մարդասիրական նկատառումներից եւ ամբողջ աշխարհում հետագա ցեղասպանությունների կրկնությունները բացառելու նպատակով ճանաչել է Հոլոքոստը: Ադրբեջանին զենք վաճառելով՝ Իսրայելը խթանում է հայերի նոր ցեղասպանության կրկնությունը: Բայց այս անգամ Ադրբեջանին դա չի հաջողվի, եւ նույնիսկ Իսրայելը նրան չի օգնի:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: