Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Նոր երգ երգելու ժամանակը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Թերեւս՝ շատերին դուր չգա այս դիտարկումս, բայց կարծում եմ սրա մասին չխոսելը ավելի մեծ վնաս է հասցնում մեզ՝ որպես հասարակության, քան ինձ՝ որպես դրա մասին խոսողի։

Պատկերացնենք, թե ես Ավստրալիայում ապրող՝ Ցեղասպանությունը վերապրած մշեցու թոռ Բեդրոս Միսգարյանն եմ, որն իր թոռներին փորձում է դաստիարակել որպես իսկական հայ։

Ըստ ձեզ, ի՞նչը պիտի ստիպեր ինձ՝ հեռավոր Ավստրալիայում բարեկեցիկ կյանքով ապրող, լավագույն կրթություն ու առողջապահություն ունեցող երկրի լիիրավ քաղաքացուս, ամեն կերպ փորձել հայ մնալ եւ հայ պահել, «հայացնել» թոռներիս։

Կարծում եմ՝ մի երկրում, որտեղ ոչ մի բանի կարիք չունես, որտեղ այսօրվա Հայաստանի հետ քեզ ֆիզիկապես կապող ոչինչ չկա, միակ զգացումը, որը կարող է ստիպել մարդուն հայ մնալ եւ վեցերորդ սերնդին «հայեցի» դաստիարակել, ցեղասպանված լինելու բարդույթն է՝ սերնդեսերունդ փոխանցվող վրեժի ծարավը եւ թուրքի նկատմամբ ատելությունը։

Պատկերացրեք վեց սերունդ երեխա, որոնք մեծացել են հայրենասիրական երգեր լսելով ու երգելով։ Որոնք հայրենասիրությունը պատկերացրել են երգի շրջանակներում ստացած մշակութային արժեքների մեջ։ Վստահ եղեք, որ Ավստրալիայում Սայաթ Նովա լսող հայ քիչ կգտնես, բայց չես գտնի մեկին, որն իրեն հայ համարի եւ լսած չլինի «Զարթիր լաո», «Ադանայի ողբը», «Հալածված ենք Հայաստանի լեռներեն», «Գետաշեն», «Անցնինք Սասուն, մտնինք Վան», «Արյունոտ դրոշ», «Արդյոք ովքեր են», «Անդրանիկի երգը», «Հայեր միացեք», «Ասպետական սեւ սատանան», «Պատերազմ ենք գնում», «Պարզիր, աղբյուր», «Կիլիկիա», «Հերոս Տարոնի երգը», «Հեյ ֆիդայիք», «Նժդեհի երգը», «Քեռու երգը», «Գեւորգ Չավուշ», «Գինի լից», «Սասուն», «Արծիվ, սլացիր» ու մի երկու տասնյակ եւս նման բովանդակությամբ երգեր։

Թող հոգեբաններն ասեն, թե ինչպիսի ինքնություն պիտի ձեւավորվի երեխայի մոտ նման երգեր լսելով, եւ ինչ ներքին իմաստ պիտի ունենա այդ երեխայի համար հայ մնալն ու հայեցի սերունդ դաստիարակելը, եթե ոչ վրեժ ու ատելություն։

Հայաստանը կլիներ իմ ու իմ երեխաների համար մի էկզոտիկ միջավայր, որի կայացման, զարգացման, գոյության իմաստը հաճախ չի էլ դրվում ոչ իմ մեջ, ոչ էլ իմ թոռների, իսկ եթե դրվում է, ապա միայն նրա համար, որ Հայաստանում ապրողները վրեժ լուծեն իմ որբացած պապի համար։

Թող դարձյալ հոգեբաններն ասեն, թե ինչի՞ է ընդունակ վրեժով տոգորված ու ատելությամբ լցված մարդը։

Պարզ է, որ սա միայն Ավստրալիայում ապրող ինձ չի վերաբերվում։ Մեծամասամբ Դաշնակցության հայապահպանության գաղափարը հենված է հենց այդ ատելության ու վրեժի վրա։

Ես բան չունեմ ասելու, գուցե դա Հայաստանից հեռու փոքրիկ գաղութներում հային հայ պահելու միակ հնարավոր եղանակն է, այլապես նրանք կուծվեին, բայց խնդրն այն է, որ հավաքական հայը իր ամբողջության մեջ նման արժեքներով առաջնորդվելու դեպքում, բացառվում է, որ հայկական պետություն կայացնի։ Նրա համար պետությունը լինելու է Ավստրալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Արգենտինան, իսկ Հայաստանը մնալու է որպես թուրքի կողմից ուզուրպացված հայրենիքի մի չնչին մաս, որը ոչինչ է կորցրած հայրենիքի համեմատ։

Հայկական պետության, պետականության մասին, պետության հիմքում ընկած արժեքների մասին ոչ մի խոսք չի գնում այդ դաստիարակության, ինքնության ձեւավորման այդ գործընթացի մեջ։

Հայկականության ու հայ մնալու ամբողջ առանցքը թուրքի նկատմամբ ատելությունն է, ջարդված ու կոտորված լինելը եւ, որ կարեւորն է, ոչ մի կառուցողական առաջարկ, միայն վրեժ, վրեժ, վրեժ։ Եթե նույնիսկ Արեւմտյան Հայաստանը վերադարձնելը որպես լուծում է դրվում հիմքում, ապա բոլորն էլ հասկանում են, որ Ավստրալիայից ու Կանադայից չեն գալու ապրեն քրդերի ու թուրքերի հետ։

Ուզում եմ, որ ճիշտ հասկանաք։ Ես պահանջատիրության դեմ քարոզ չեմ անում։ Ես թուրքին սիրելու քարոզ չեմ անում։ Ես խոսում եմ խեղված հոգեբանությամբ սերունդների մասին, այդ սերունդներին նոր նպատակ տալու անհրաժեշտության մասին։

Հրեաները հազարամյակներով պետություն չունեին, բայց նրանց ինքնության առանցքում դրված՝ Ավետյաց երկիր վերադառնալու միասնական գաղափարը ավելի հզոր գտնվեց, քան ուծացվելու վտանգը։ Ու նրանք այսօր կառուցում են իրենց երկիրը։

Մենք ունենք պետություն, ունենք պետականություն, ունենք այդ «Ավետյաց երկիրը», որը կարող ենք ծաղկեցնել, շենացնել, արժանապատիվ կյանք ապահովել մեզ ու մեր սերունդների համար, բայց դրա հիմքում ընկած գաղափարը չի կարող լինել ատելությունը եւ վրեժը։

Եկել է նոր երգ երգելու ժամանակը։

 

Գարեգին Միսկարյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: