Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Հանրային խորհուրդ. անունը կա, ամանումը չկա

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված բուռն իրադարձությունները երկրորդ պլան մղեցին կորոնավիրուսի առնչությամբ Հայաստանի աղետալի վիճակը: Պետք է ասել, որ տվյալ դեպքերն ինքնին COVID-19-ով վարակվելու բավական վտանգավոր աղբյուր էին: Բայց չէ որ ամեն վատագույնից կարելի էր խուսափել, եթե 2018 թվականի մայիսին քաղաքական գնահատական տրվեր նախորդ իշխանության գործունեությանը, եւ օրենքից դուրս հայտարարվեին կոալիցիոն կուսակցությունները, որոնք ԱԺ-ում պատասխանատու էին կառավարող վարչակարգի բոլոր հանցավոր գործողությունների համար:

Վերը նշվածը մեզ ստիպում է շեղվել կենսական հիմնախնդիրներից: Ցավոք, այժմ մենք մեր բոլոր ուժերը վատնում ենք հին վարչակարգի դեմ պայքարի վրա եւ այդ պատճառով հնարավորություն չունենք առաջ շարժվելու, մինչդեռ պետք է նայել հեռանկարին: Այդ տեսակետից կցանկանայի ուշադրություն հրավիրել Հանրային խորհրդի կողմը` նրա դերին: Հանրային խորհրդի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանի խոսքով` «Հանրային խորհուրդը, ըստ էության, հարթակ է, կամուրջ իշխանությունների եւ հասարակության միջեւ: Այն չպետք է դիտարկել որպես ուղղակի 45 մարդ, որոնք Խորհրդի անդամներ են հանդիսանում: Հանրային խորհուրդը բաղկացած է 15 մասնագիտացված ճյուղային հանձնաժողովներից, որոնցից յուրաքանչյուրի մեջ մտնում են հասարակական կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ: Դա հավաքվելու, հարցեր քննարկելու եւ առաջարկություններ անելու լավ հնարավորություն է: Այդ առումով Հանրային խորհրդի գործունեությունն օգտակար եմ համարում` որպես տիպօրինակ»:

Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ ճիշտ է նշված: Հանրային խորհրդի դերը կարող է մեր հասարակության համար լինել շատ ավելի արդիական եւ օգտակար, եթե այդ Խորհուրդը ստանձնի բոլոր հասարակական կազմակերպությունների, իրենց գործի լավագույն մասնագետների, գիտնականների, փորձագետների (բայց ոչ քաղաքական գործիչների ու քաղաքագետների) համակարգումը: Այժմ արդեն կան մի շարք հասարակական կազմակերպություններ, ստեղծագործական միություններ, գիտնականներ ու մասնագետներ, որոնք մշակում են Հայաստանի եւ Արցախի հետագա զարգացման տիպօրինակներն ու ծրագրերը: Հանրային խորհուրդը կարող էր դրանք վերցնել իր հովանու ներքո եւ իր ընդհանուր համակարգմամբ, Հայաստանի նախագահի աջակցությամբ, որը համաշխարհային անուն ունեցող գիտնական է, մշակել հեռանկարային ծրագրեր եւ դրանք առաջարկել Կառավարությանը:

Փորձագետների այդպիսի մասնագիտացված խմբերի գործունեության հիմնական ուղղությունները պետք է դառնան Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտային ցանցի (երկաթուղային, ավտոմոբիլային եւ ավիացիոն փոխադրումների տեսակները) զարգացումը, հեռանկարային տեխնոլոգիաների ներդրումը, Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գործունեությունը, բնական պաշարամիջոցների ու առանձին բիզնես առաջարկությունների խթանումը, որոնք շահավետ են ինչպես պետության, այնպես էլ առանձին բիզնես խմբերի համար: Այս ցանկում կարող է անհեթեթություն թվալ արտաքին քաղաքական գործունեության մասին հիշատակումը: Այստեղ շատ խնդիրներ եւ ուղղություններ կան, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել:

Օրինակ`մեկ տարուց էլ պակաս ժամանակ հետո մենք պետք է պաշտոնական մակարդակով մեր վերաբերմունքը հայտնենք Մոսկվայի եւ Կարսի հարյուրամյա վաղեմության պայմանագրերի նկատմամբ: Դրան պիտի պատրաստվել արդեն այժմվանից: Դա այնքան էլ հեշտ չէ: Հարկ է հաշվարկել բոլոր տարբերակները, այդ հարցում արտաքին քաղաքական գործունեության ռազմավարությունն ու մարտավարությունը, հանգամանորեն պատրաստվել այդ ամենին եւ հետո արդեն մշակել հայտարարության տեքստ: Հանրային խորհրդի նախագահը պետք է արդեն մշակված ծրագրերը Կառավարությունում դնի քննարկման, եւ Կառավարությունը ժողովրդին պարզաբանի, թե ինչու Հանրային խորհրդի հետ համաձայնեցված ու հաստատված այս կամ այն առաջարկը չեն կարող ընդունել կամ ընդունել են:

Այդպիսով` կբարձրանա Հանրային խորհրդի դերը եւ կապահովվի հասարակության եւ պետության հետադարձ կապը: Առայժմ այդ հետադարձ կապը չի երեւում: Հանրության համար մեծ հանելուկ է, թե ինչով է զբաղված Խորհուրդը: Ինչպես ասում են` անունը կա, ամանումը չկա:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: