Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Կորոնավիրուսը եւ համաշխարհային տնտեսության կառուցվածքը

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

2019 թվականի դեկտեմբեր ամսին բռնկված համաճարակը ստեղծեց նոր իրողություններ համաշխարհային տնտեսության կառուցվածքի առումով։ Տվյալ իրավիճակով պայմանավորված` մի շարք պետություններ սկսեցին վարել հովանավորչաական քաղաքականություն։ Գլոբալացման հետեւանքով Չինաստանը դարձել էր համաշխարհային տնտեսության մեջ խոշորագույն արտադրողն ու արտահանողը։

Ամերիկայում 2016-ին կայացած նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը հսկայական փոփոխություններ մտցրեց միջազգային տարբեր ոլորտներում։ ԱՄՆ սկսեց վարել ազգային տնտեսական շահերի վրա հիմնված քաղաքականություն։ Վերանայվեցին ազատ առեւտրի` նախկինում կնքված մի շարք համաձայնագրեր։ Առաջին հերթին` ԱՄՆ-ը վերանայեց հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագիրը, որը կնքվել էր ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեքսիկայի միջեւ։

Թրամփը հաճախ է քննադատության ենթարկում տարբեր պետությունների տնտեսական քաղաքականությունը։ Քաղաքական կոշտ ուղեգծի թիրախում հայտնվեց մասնավորապես Չինաստանը։ Այս համատեքստում էլ ԱՄՆ-ն սկսեց սակագնային քաղաքականություն վարել Եվրոպայի դաշնակից պետությունների հանդեպ։ Եվրոպական տարածաշրջանում Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիության կազմից, որին մնացել է վերջնական պայմանագրի ստորագրումը։

Թրամփի վարչակազմը, ի տարբերություն նախորդ վարչակարգերի, առանձնանում է պրագմատիկ գործելաոճով։ Նրա օրոք ԱՄՆ-ը դուրս եկավ փոքր եւ միջին հեռահարության հրթիռների մասին համաձայնագրից, որը կնքվել էր Ռուսաստանի հետ։ Թրամփի վարչակազմն է, որ սկսեց կոնկրետ քայլեր ձեռնարկել` կապված Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի հետ: Ի տարբերություն արեւմտյան շատ առաջնորդների, ԱՄՆ նախագահը փորձում է «Մեծ յոթնյակի» կազմ հրավիրել Ռուսաստանի Դաշնությանը, որը դուրս էր մնացել 2014թ. Ղրիմի միավորումից հետո։

Չինաստանի  հանդեպ Թրամփի վարչակազմի որդեգրած քաղաքականությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով.

  1. Ըստ ամերիկյան եւ միջազգային տարբեր գնահատականների, Չինաստանը ձգտում է դառնալ հեգեմոն գերտերություն՝ ձեռնոց նետելով ԱՄՆ-ին.
  2. Չինաստանը տարեցտարի ավելացնում է իր ռազմական բյուջեն, որը ներկա պահին զիջում է միայն ԱՄՆ-ին.
  3. Տարբեր գնահատականներով` Չինաստանը հսկայածավալ ներդրումներ է կատարում տնտեսապես ոչ զարգացած երկրներում, ինչը ամերիկացիները դիտում են որպես այդ երկրներում Չինաստանի ազդեցության ուժեղացում.
  4. Վերջին 30 տարիների ընթացքում Չինաստանը կարողացավ դառնալ կարեւորագույն տնտեսական ուժ, որն այսօր իր ամբողջ կարողականությամբ համեմատելի է միայն ԱՄՆ-ի հետ եւ, շատերի կարծիքով, հավակնում է դառնալ աշխարհաքաղաքական երկրորդ բեւեռ։

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով պայմանավորված` արտասահմանյան շատ խոշոր ընկերություններ փորձում են իրենց արտադրական ձեռնարկությունները տեղափոխել այլ երկրներ։ Մինչեւ կորոնավիրուսի բռնկումը համաշխարհային տնտեսությունը հիմնված էր ֆինանսաբանկային համակարգի վրա։ Ի հայտ եկած  նոր հանգամանքները ստիպում են մի շարք պետությունների` զարկ տալ սեփական արդյունաբերության ու արտադրողականության զարգացմանը, ինչը նրանց թույլ կտա ավելացնել իրենց իրական տնտեսական եկամուտները։

 

Հովսեփ Եսայան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: