Մոտ մեկ ամիս առաջ մի ծանոթի հետ, ով չի փայլում տրամաբանելու եւ սեփական վերլուծություն անելու կարողությամբ, խոսում էինք տարածաշրջանային զարգացումներից։ Օրինակներով ու փաստերով բացատրեցի, թե ինչ է ուզում Թուրքիան, ինչի է ձգտում Ռուսաստանը, ինչու մեզ երբեք ձեռնտու չի եղել ու հիմա էլ ձեռնտու չէ միջանցք տալ Ադրբեջանին։ Թվաց, թե փաստերով հասկացավ։
Օրերս կրկին հանդիպեցինք, ոգեւորված ասում է՝ քո փաստերը բանի պետք չեն, քանի որ ինձ ասել են՝ էդ միջանցքը մեզ խնդիր չի, որովհետեւ շուտով Նախիջեւանը մեզ են տալու, Թուրքիան քանդվելու է, ռուսներին էլ դուրս կքշենք այստեղից, ֆրանսիական զորքը կգա, քանի որ Մակրոնը հայերեն է սովորել, սիրում է Հայաստանը։
Այդ պահին հասկացա, որ մեկ ամիս առաջվա աշխատանքս ջուրն է ընկել, քանի որ կրկին փաստը պարտվել է զգացմունքին։
Միջին վիճակագրական մարդու համար հաճելի է լսել հեքիաթներ, երեւակայել եւ ապրել այդ երեւակայության մեջ, քան թե իրեն նեղություն տալ մտածել ու լուծումներ գտնել։ Դա կյանքի բոլոր ոլորտներում է։ Փաստը եւ վերլուծությունը ջանք են պահանջում, նաեւ կարող է տհաճ ու մտահոգիչ լինել, իսկ զգացմունքը կախված է մարդու ցանկությունից․ կուզենա՞ ինքնախաբեությամբ զբաղվել եւ լինել անգիտությամբ բախտավոր, այդպես էլ կլինի։
Նայեք մեր շուրջը, ավելի քան կես միլիոն մարդ Հայաստանում համոզված է, որ 3-4 տարի հետո մենք ապրելու ենք դրախտային պայմաններում, քանի որ հավատում է Նիկոլի ստերին ու դիտում է Youtube-ի անգրագետ ու տխմար տեսանյութերը «Էրդողանը ծնկի իջավ Նիկոլի առաջ», «Միայն իմանաք, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ 2 տարի հետո» եւ նման հիմար վերնագրերով։
Սա հեշտ է, տալիս է դրական հույզեր, ապագայի մասին տխմար, բայց լավ պատկերացում, եւ հոգ չէ, թե հաջորդ օրը մարդիկ կմոռանան այդ մասին, կարեւորը, որ այսօր աչքաթող արեցին փաստերը՝ ապրելով զգացմունքի աշխարհում։
Նույն մերժելի տեխնոլոգիան հանրության նկատմամբ կիրառում է նաեւ ընդդիմությունը՝ մարդկանց ամենօրյա ռեժիմով ներարկելով միայն բացասական հույզեր «կործանվող հայրենիքի», «հանձնված Սյունիքի» մասին։ Սա էլ հանրության ավելի քան 300.000-ոց հատվածին տրամադրում է ապագայի նկատմամբ հավատի կորստի եւ թեւաթափ լինելուն։
Եթե իշխանության տխմար քարոզչության հետեւանքով հանրության մեծ մասը ապրում է երազներում՝ կորցնելով դիմադրողականությունը, ապա ընդդիմության հուսահատեցնող քարոզչության հետեւանքով հանրության մեկ այլ մեծ հատված իրեն չի տեսնում վաղվա Հայաստանում։ Ի վերջո, մենք հայտնվում ենք հոգեբանական անպաշտպան հանրության մեջ։
Պետք է իրականությունն ասել հանրությանը, ասել փաստերով, ասել թեկուզ դառը ճշմարտությունը, բայց համեմված խնդիրների լուծման տարբերակներով։ Դա իմունիտետ կստեղծի հանրության մեջ՝ առաջ բերելով նոր առաջնորդների։
Այլ հարց է՝ իշխանությանն ու ընդդիմությանը պե՞տք է արդյոք փաստերով մտածող առողջ հանրություն։
Նաիրի Հոխիկյան