Սույն դիտարկումը Հրաչուհի Փալանդուզյանը մեր խնդրանքով «Հայացք» վերլուծական հավելվածի համար պատրաստել էր մահվանից երկու շաբաթ առաջ: Անգամ այս փոքրածավալ հոդվածում զգացվում է ճանաչված լրագրող-հրապարակախոսի եւ հայրենասեր քաղաքացու սրտի անհանգիստ տրոփյունը պետության եւ ազգի օրհասական վիճակի համար: Հայի պայքարող տեսակից մի ուրույն երանգ պակասեց, որի տեղը, ցավոք, երկար ժամանակ դատարկ կմնա: Մեր խորազգաց վշտակցությունն ենք հայտնում Հրաչուհու ընտանիքին, բոլոր մերձավորներին ու գրչընկերներին: Հոգուն լույս իջնի: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:
ՌԱՀՀԿ
«Հայացք»-ի խմբագրակազմ
Հովհաննես Թումանյանը մեծ մտածող էր, մեծ հայ, տիեզերքի կատարյալ կերտվածք։ Բայց անգամ նա չէր կարող պատկերացնել, որ կգա մի օր` աշխարհում կհաստատվի Հայաստանի Երրորդ Հանրապետություն, որն իր դռները կբացի ամեն կարգի ճուռակների առջեւ, սրանք էլ իրենց չարագուշակ կռինչներով հայոց երկինքը կապականեն։
Եթե կարողանար թեկուզ մեկ ակնթարթ պատկերացնել` երբեք չէր գրի «ներսից ենք փչացած» բառերը, որոնք այսօր շատերն առանց երկար-բարակ մտածելու` դրոշակ դարձրած, գլխներից վերեւ փողփողացնում են։ Ու դա անում եմ մի առանձին հրճվանքով` իմաստի մակերեսից ներս չանցնելով։
Թումանյանի հոդվածներին ծանոթ ցանկացած գրագետ մարդ հասկանում է, որ այդ բառերն ուղղված են դրամբյաններին` բոլոր նրանց, ովքեր չեն հանդուրժում իրենցից դուրս գոյություն ունեցող արժեքները, չար են, նախանձ, ճղճիմ։ Նրանք պատրաստ են սեփական երեսները ճանկռտել ու արյունլվիկ անել, միայն թե կարողանան հակառակորդի երեսին մի փոշու հատիկ նետել։ Այն էլ կա, որ հայտնի չէ դրամբյան-չարիքի ազգային պատկանելությունը։
Թումանյանն իր ազգի ներքին գանձերը ճանաչող, պաշտող իմաստուն էր եւ երբ ասում էր, թե «ներսից ենք փչացած»` նկատի էր ունենում ազգի ներքին տականքին։ Երբ ասում էր` փրկությունը ներսից է գալու` նկատի էր ունենում ներքին տականքից ազատագրվելը, նրան ընդմիշտ լռեցնելը, ազգի ականջները նրանց վայրահաչություններից պաշտպանելը։
Ի՞նչ կմտածեր Մեծ Հայը` այսօրվա հազարավոր ճուռակների զառանցանքներն ու բանդագուշանքները լսելով։ Ի՞նչ ապրումներ կունենար նրա նուրբ հոգին։
Երեւի մի անլռելի զանգակատուն էլ նա կդառնար։
Թումանյանն իմացել է միայն ոտքի տակ ընկնող, իրենց քննադատ հռչակած ոչգրական ոչնչություններին` ի՞նչ արգասիքներ կտար նրա խորունկ միտքը` լսելով անկախական ոչնչություններին, որոնք վարգում են մեր քաղաքական, մշակութային, հոգեբանական, ընկերային, հասարակական բոլոր մայրուղիներում։
Անպայման բուժման հանճարեղ միջոց կնշեր։
Ավաղ…
Դա մի առաքելություն է, որ բաժին է ընկել նորերին։
Չեմ հավատում, թե ազգը նոր Թումանյաններ, Սարոյաններ, Նժդեհներ չունի։ Դա էլ իմ իրավունքն է` հավատալ, որ նրանք կան եւ կխոսեն, քանի որ ազգակործանման իններորդ ալիքը կիզակետին է հասնում։
Հրաչուհի Փալանդուզյան
Օգոստոս, 2022