Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Ազատ ամբիոն

Պաշարված Արցախի կյանքից…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

1.

Այդ ո՞վ չգիտեր, որ Արցախի հանձնումը 120 հազարին կանգնեցնելու է սպանդի առջեւ… Այդ ովքե՞ր են, որ երկրի հանձնումը տարանջատում են մեզ պատուհասած պաշարումից։

Օրվա ընթացքում, եթե լույսերը հանգած են, թույլ են կապի միջոցները, անհասանելի` համացանցը։

Վերջերս հացի համար հերթերը շատ ավելի են տեսանելի կամ հակառակն՝ այնքան արագ է հացը սպառվում, չես էլ հասցնում հերթ բռնել։ Սովորական է դառնում այն, ինչն ասում են՝ օգտակար է առողջության համար, այն է՝ հացի սահմանափակ քանակի օգտագործումը։ Ուղղակի թշնամին բացահայտ կերպով արցախցիներիս տանում է սովամահության՝ ձգտելով մեզ ենթարկեցնել իր կամքին։

Ձմռանը մենք ամիսներով մնացել էինք առանց բանջարեղենի, միրգ հիմա երազում ենք տեսնում, հոգ չէ: Բայց կա երկու բան, որ խիստ մտահոգիչ է՝ հացի սակավությունը եւ խուճապը։ Օրվա ընթացքում տարբեր խանութներ ես մտնում՝ հույսով, որ ինչ-որ բան կգտնես։ Օր օրի դատարկվող խանութները գուշակել են տալիս, որ ամեն նախորդ օրվան երանի ենք տալու։ Այն ամեն ինչը՝ թանկ, թե էժան, այդ պահին տեսար, հետո չես տեսնելու։ 

ԱՂՈՒՀԱՑ-ով Արցախը ԱՂ-ի երես վաղուց չի տեսնում, իսկ ՀԱՑ-ի սակավության մասին արդեն վերն ասացի։

Հնարավոր չէ ընտրել մահվան ճանապարհը՝ հումանիտար աղետը կանխելու համար, երբ թշնամին մատուցում է մեզ Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհը։ Արցախցուն անհրաժեշտ է Հայաստանին կապող Բերձորի (Լաչինի) միջանցքի բացումը կամ օդային ճանապարհ, որին կարող են միջնորդել միջազգային կազմակերպությունները։ Հավատա՞նք, որ 120 հազարի սովամահությունը կարող է արթնացնել աշխարհի խիղճը, երբ Արեւմուտքի նախաձեռնած վերջին բանակցություններն ավելի մոտեցրին մեր «մահը»` Արցախը նետելով գազանի երախը։

Ինչպե՞ս են իրենց զգում Արցախ հանձնող հողատուներն ու նրանց սատարողները: Գոնե ողջ մնանք՝ տեսնելու նրանց կործանումը:

 

2.

Հատ-հատ գիտենք, թե Երեւանից Ստեփանակերտ ովքեր մեզ բերեցին այս աղետը։ Թող չհոխորտան, չգոռոզանան այն բոլոր հուդաները, որոնք մեզ այս օրին հասցրին։ Բոլորն  էլ դատապարտված են արդար դատաստանի, երբ իրենց կեղտոտ ճանկերը խրեցին Արցախի «ջանին», խոցոտեցին ամեն կողմից, թե երկիր ենք պահում-պաշտպանում։

Ո՞րն էր պահածն ու պաշտպանածը, երբ 105 տարեկան անօրեն երկիրը տեր դարձավ հինավուրց Արցախին՝ աչքը գցած Հայաստանին։ Հիմա էլ, թե՝ հազարամյակների հայ-ադրբեջանական բարեկամություն է եղել։

Ամաչում եմ, երբ պաշտոնն ավելի բարձր դասվեց, քան երկիրը, գերադասվեցին փողն ու  աթոռը… Չկշտացան, թալանեցին՝ ով ինչպես կարող էր, հիմա էլ ձեն հանող չկա, լուռ են,  բա որ Հայաստանից հանկարծ աշխատավարձ չստանա՞ն։ Երկիր են հանձնում՝ մոռացած, որ դրամը փոխվելու է մանաթի, իսկ իրենք զրկվելու են պաշտոններից, էլ չշարունակեմ, թե որտեղ են հայտնվելու։

Ո՞վ է ասում, որ աշխատավարձերի խաթեր պիտի լռել, երբ հայրենիք ենք կորցնում։ Ո՞վ է պատասխան տալու այս բոլոր չարիքների համար։ Կա՞ աշխարհում մի երկիր, որ երաշխավոր է դառնում իր հայրենակիցներին եւ նրանց հայրենիքը հանձնում թշնամուն, նրանց մատնում պաշարման ու սովամահության։ Լավ, հիմա սոսկ հացի խնդիր լուծելու փափագով մեզ դեպի ո՞ւր են քշում՝ հայաթափմա՞ն, թե՞ ինտեգրման, որը նույն դանդաղ հայաթափումն է:

Երեւանյան հողատուներից մեկը հիշեցնում էր, որ Արցախը հազարամյակներով կգոյատեւի Ադրբեջանի կազմում, գոնե նա գալիքում տեսավ այդ հազարամյակները, արցախյան հողատուն, իբր, անցյալի հազարամյա բարեկամության մասին էր խոսում տգիտաբար:

Չէ՛, միակ փրկությունը երկիրը հուդաներից մաքրելն է, որտեղ էլ որ լինեն…

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: