Որքան շատ ենք ճանաչում մարդկանց ու ժողովուրդներին, այնքան ավելի մեծ են լինում ինչպես ոգեւորության, այնպես էլ հիասթափության առիթները։ Մենք սովոր ենք հայ ժողովրդի անցած պատմական հերոսական ճանապարհի մասին խոսել կենացներով ու հպարտությամբ, բայց միշտ խուսափում ենք բաց աչքերով նայել մեր ժողովրդի գործած սխալներին։ Ու երբ ճանաչում ենք ոչ միայն հերոսությունները, այլեւ սխալները, սկսում ենք ամոթ զգալ՝ մեծ ամոթ։ Մի քանի օրինակ պատմեմ միայն վերջին 100 տարվա կյանքից:
1918-19 թվականներին Զորավար Անդրանիկի դեմ Նախիջեւանում մահափորձեր արեցին հայերը՝ հայտարարելով, թե իրենք ուզում են թուրքերի հետ խաղաղ ապրել, իսկ Անդրանիկը խանգարում է։ Անդրանիկը հեռացավ նեղսրտած, թուրքերն էլ կոտորեցին նախիջեւանցիներին։ Իսկ 1919-ին, երբ Անդրանիկը կռվում էր Շուշիի համար, շատ հայեր խանգարեցին Անդրանիկին՝ հայտարարելով, թե Արցախը մեզ պետք չէ, թող մնա թուրքին, որ խաղաղ ապրենք։ Արդյունքում Շուշիում եղավ հայերի կոտորած, իսկ թուրքերը ներխուժեցին Սյունիք։
1920-ին Նժդեհի համար մեծ գլխագին էին խոստացել թուրքերը, ու Սյունիքում բազմաթիվ անգամներ հայերը փորձեցին սպանել Նժդեհին, որ թուրքերից փող ստանան։ Դրանից խոցված՝ Նժդեհը գրեց իր հայտնի «Ապերախտ ժողովուրդ»-ը։ Նույն 1919-20 թվականներին Վարդենիսի ազատագրության համար թուրքերի դեմ կատաղի պայքար էր մղում Տաղլարի Աղաբեկը։ Արդյունքում նրան Մարտունիում սպանեցին հայերը։
Գանք մեր ոչ հեռու անցյալին. 1991-ից հետո Վարդենիսի արեւելյան գյուղերում հաստատված գարդմանահայերին տեղի հայերն անվանում են «գյալմա», որ թուրքերենից թարգմանաբար նշանակում է «եկվոր»: Փոխարենը այդ գյուղերի պատմական հայկական անունների փոխարեն մարդիկ շարունակում են կոչել թուրքական զզվելի անուններով՝ Շիշկայա, Ջանայմադ, Մազրա, Բասարգեչար եւ այլն։ Այսինքն՝ հայերին իրենց բնիկ հայրենիքում կոչում են «եկվոր», իսկ պատմական հայկական գյուղերը ճանաչում են թուրքական անուններով։
1988-91 թվականներին Շիրակի մարզի Ամասիա բնակավայրից հեռացան եկվոր ադրբեջանցիները, փոխարենը այնտեղ հաստատվեցին հայեր։ Մինչեւ այսօր հայերի մեջ տարածված է կարծիք, թե Ամասիան թուրքական բնակավայր է, այնինչ Ամասիան պատմական հայկական բնակավայր է դեռ հնագույն ժամանակներից։ 2022-ի գարնանը Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքից մարդիկ հեռանում էին՝ ասելով, թե դա Արցախը չէ, թուրքի հող է, իսկ իրենք չեն ուզում թուրքի հետ ապրել։ Այնինչ պատմական Բերձորը նախկինում ունեցել է Սարալանջ անվանումը եւ Ադրբեջանի ենթակայության տակ անցել է միայն 1921-ից հետո։ Դրանից առաջ եղել է ամբողջովին հայաբնակ, հայկական գյուղ։
Երբ ժողովուրդը չի ճանաչում իր հայրենիքը եւ դրան վերաբերվում է հյուրանոցի պես, մի օր անպայման հայտնվում է հյուրանոցի ադմինիստրատորը եւ դուրս է հրավիրում։ Հայրենիքը հյուրանոց չէ։ Սիրենք մեր հայրենիքը՝ ինչքան էլ փողն ու անհոգ ապրելու ցանկությունը մեծ լինի:
Նաիրի Հոխիկյան

