Նախկին վարչակարգի համար Հայաստանի ինքնիշխանությունը զուտ վերացական հասկացություն էր եւ հաճախ` առեւտրի առարկա: Ինչպես գույքն էր պարտքի դիմաց հանձնվում, այնպես էլ ինքնիշխանությունը` վարչակարգի իշխանության դիմաց: Երբ երկրի ղեկավարն ընտրվում էր ոչ թե քաղաքացիների կողմից, այլ իշխանական բուրգի գագաթին էր հասնում ներքին պայմանավորվածությունների եւ արտաքին աջակցություն ստանալու միջոցով, պարզ էր դառնում, որ պետությունը եւ պետականությունն ինքնաբերաբար ետ էին մղվում` ընդհուպ մինչեւ չգոյության սահման:
Ինքնիշխանությունը նախկինների համար ավելորդ բեռ էր, որն ավելի շատ խանգարող հանգամանք էր դիտվում սեփական ծրագրերը լուծելու ճանապարհին: Այդ ծանր բեռից ազատվելու ավելի հարմար միջոց, քան Հայաստանը միտումնավոր Ռուսաստանի սատրապության վերածելն էր, այդպես էլ չգտնվեց: Հայաստանի պետական շահերը նենգափոխվեցին իշխող վարչակարգի նեղ անձնական շահերով եւ տարրալուծվեցին Կրեմլի աշխարհաքաղաքական շահերի մեջ: Ռուսաստանն իր կայսերապաշտական քաղաքականությունը կոռուպցիոն գծապատկերով Հայաստան արտահանելու համար պարարտ հող եւ չափազանց գրավիչ առաջարկ ստանալուն պես անցավ գործի՝ ստանձնելով իրեն վերագրված առասպելական «ամենակարող փրկչի» դերը:
Իշխող վարչակարգը սկսեց իրեն նույնականացնել կրեմլյան իշխանության հետ՝ փորձելով ավելի ամրապնդել սեփական դիրքերը երկրի ներսում: Տրամաբանությունը խիստ մակերեսային էր. քանի որ Հայաստանի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, եւ մենք էլ Կրեմլի «փոխանորդն» ենք Հայաստանում, հետեւաբար մեզ չի կարելի ձեռք տալ՝ մենք անվտանգության միակ գրավականն ենք:
«Ներքին սպառման» համար եւս ինչ-որ բան պետք է ստեղծվեր, եւ ստեղծվեց ոչ միայն սատրապի «անփոխարինելիության» առասպելը, այլ նաեւ՝ սատրապ նշանակողինը: Անվրեպ էին աշխատում հասարակությանը հրամցված՝ «ռուսը չլինի, կորած ենք», «ռուսը հենց ոտքն այստեղից հանի, թուրքը մեզ կուտի» կարծրատիպերը, որոնք եւ դարձան ողջ արտաքին քաղաքականությունը ձեւավորող ազդակը, ինչի արդյունքում Հայաստանը միջազգային հանրության կողմից նույնպես սկսվեց դիտվել որպես Ռուսաստանի կցորդ:
Հեղափոխությունից հետո նախկին վարչակարգն իրեն հասանելի դիվանագիտական բոլոր խողովակներով աղաղակում էր «անկարելիի» մասին. նոր իշխանությունը կրեմլահպատակ չի լինելու: Դա մատուցվում էր որպես իրական ողբերգություն, քանի որ Ռուսաստանի օրինակով Հայաստանը կլեպտոկրատիայի վերածած ուժի հետ մեկտեղ մերժվում էր այն մոդելը, որով կանխագծվում էր Հայաստանի քաղաքական ուղեծիրը:
Այս ամենը պարզ է դարձնում, որ ներկայում նոր կառավարության առջեւ կա ինքնիշխանությունը վերագտնելու եւ վերահաստատելու գերխնդիր: Ակնհայտ էր, որ ներքին լեգիտիմության ամրապնդումը, կոռուպցիայի վերացումը եւ օրենքի գերակայության հաստատումը այն գործիքակազմն է, որը նվազեցնելու է այլ պետության ազդեցության գործոնները: Պատահական չէ, որ հենց այդ միջոցներն է Նիկոլ Փաշինյանը փորձում դնել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները ինքնիշխանության եւ իրավահավասարության սկզբունքներով կառուցելու հիմքում:
Կայսերապաշտական Ռուսաստանը երբեք աչքի չի ընկել այլ երկրների պետականության եւ ինքնիշխանության հանդեպ տածած հարգանքով. այն գերադասում է ճնշել եւ իշխել: Ռուսաստանի համար չափազանց դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ շուրջ երկու հարյուրամյակ իր քաղաքական տիրապետության տակ գտնվող Հայաստանը պատրաստվում է ինքնուրույն ներքին եւ արտաքին քաղաքականություն վարել: Նախորդ իշխանություններն արդեն գիտեին, որ բոլոր քայլերը պետք է համապատասխանեցնել Ռուսաստանի արտաքին քաղաքականության շահերին. նրանց այդ հարցում հավելյալ հրահանգելու կարիք անգամ չկար: Բայց հանրապետականների եւ նրանց արբանյակների չեզոքացման հետեւանքով Ռուսաստանը, կարծես թե, կորցնում է իր ազդեցության լծակները եւ ստիպված է լինելու նոր մոտեցումներ որդեգրել՝ որոշակիորեն հաշվի առնելով Հայաստանի շահերը:
Մարինա Մուրադյան