Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Հայաստանը չպետք է դարձնենք հումքային կցորդ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սեպտեմբերի 16-ին հրավիրված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսում հատուկ ուշադրություն դարձվեց հանքարդյունաբերությանը, ոլորտի խնդիրներին ու դրանց հաղթահարման ուղիներին: Արծարծվեցին ոչ միայն Ամուլսարի, այլեւ ՀՀ-ում գործող այլ մետաղական հանքավայրերի խնդիրները: Հանքարդյունաբերությունը մեր տնտեսության հիմնասյուներից մեկն է: Բավական է ասել, որ երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացումը եւ սպառազինության գնումը ֆինանսավորվում են հիմնականում գունավոր եւ թանկարժեք մետաղների վաճառքից ստացված շահույթից:

Չնայած իր զբաղեցրած տարածքով Հայաստանն աշխարհի երկրների ցանկի ամենավերջին տեղում է, սակայն գունավոր եւ թանկարժեք մետաղների պաշարների առումով մենք զգալիորեն գերազանցում ենք առաջադեմ շատ երկրների: Այսպես՝ պղնձի հանքի պաշարները համաշխարհայինի հաշվարկով հասնում են 1 տոկոսի, արծաթինը՝ նույնպես 1 տոկոսի, իսկ մոլիբդենինը`մինչեւ 7 տոկոսի: Ուսումնասիրվել են նաեւ ուրանի, երկաթի հանքաքարի, կապարի, կոբալտի, հազվագյուտ տարրերի եւ մի շարք այլ հումքերի պաշարներ: Հատուկ տեղ է գրավում ոսկու արդյունահանումը, որով հատկապես հարուստ է Հայաստանը: Ոսկու ամենախոշոր հանքավայրերն են Սոթքը եւ Ամուլսարը, որոնք նախնական տվյալներով՝ պարունակում են համապատասխանաբար 155 եւ 55 տոննա ոսկի:

Սակայն, ինչպես հայտնի է, երկրի հասարակությունը խիստ անհանգստացած է այս հանքավայրերի բնապահպանական խնդիրներով: Այսպես՝ Սոթքի հանքավայրում, որը Սեւանա լճի անմիջական մոտակայքում է եւ իր դիրքով լճից ավելի բարձր տեղանքի վրա է գտնվում, մեծ է ջրում թունավոր արտադրական թափոնների ներթափանցման վտանգը: Նույն խնդիրը նաեւ Ամուլսարում է, որտեղ շարունակվում են ոսկու արդյունահանման անվտանգության հետ կապված ուսումնասիրությունները:

Ճյուղի զարգացման անվտանգության հարցը վաղուց է հասունացել: Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ հանքարդյունաբերության հետագա զարգացումը բացասաբար չի ազդի երկրի էկոլոգիայի վրա: Սա իսկապես լուրջ հարց է, սակայն պետք չէ այն քաղաքականացնել:

Արդյո՞ք անհրաժեշտ է զարգացնել տնտեսության այս ոլորտը: Հանքարդյունաբերության կարեւորության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը մամլո ասուլիսում ասաց. «Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, որո՞նք են լինելու տնտեսական եւ անվտանգային ամենամեծ խնդիրները: Արտարժույթի դեֆիցիտ կլինի: Երկրի արժութային աղբյուրներում առաջին տեղը զբաղեցնում է զբոսաշրջությունը: Բայց եթե երկրում պատերազմ է, նշյալ աղբյուրը սպառվելու է: Արտադրանքի արտահանումը նույնպես կդադարի` հասկանալի պատճառներով: Այս դեպքում միակ աղբյուրը, որքան էլ որ տհաճ լինի բնությունը սիրող մարդկանց համար, հանքարդյունաբերությունն է: Դեմոնիզացիայի ենթարկել հանքարդյունաբերությունը՝ նշանակում է հարվածն ուղղել երկրի անվտանգությանը»:

Հարց է ծագում, պե՞տք է արդյոք շարունակել զարգացնել հանքարդյունաբերությունը: Պատասխանը միանշանակ է`անհրաժեշտ է: Բայց, միեւնույն ժամանակ, չափազանց կարեւոր է արմատապես փոխել արդյունաբերության զարգացման ռազմավարությունը: Փոխանակ արդյունահանելու ու հարստացնելու մետաղական հանքանյութը՝ վերամշակման ու վերջնական արտադրանքի ստացման համար արտահանելով երկրից դուրս, հարկավոր է մաքուր մետաղների հալեցումն ապահովել Հայաստանում: Այդ ուղղությամբ աշխատանք տարվում է: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Ջավադյանի խոսքով՝ մոտ ապագայում Հայաստանը կգործարկի ոսկու զտման գործարան եւ մասամբ կվերականգնի ոսկու պաշարները: Այդտեղ էլ կհալեցվեն բանկային ոսկին ու ձուլակտորները: Պետք է նշել, որ մաքուր ոսկին միայն բանկային ձուլակտորներն ու թանկարժեք զարդերը չեն: Քչերը գիտեն, որ աշխարհի մաքուր ոսկու (99,9999%) պաշարների կեսից ավելին օգտագործվում է էլեկտրոնային բաղադրամասերի արտադրության մեջ:

Այո, պետք է այս արդյունաբերության զարգացման ռազմավարությունն ամատապես փոխել: Այլապես կդառնանք ընդամենը հումքային կցորդ այլ երկրների համար: Ի՞նչ անել: Բոլոր այն օգտակար հանածոները, որոնք արդյունահանվում են մեզ մոտ՝ ոսկի, արծաթ, զտված պղինձ, մոլիբդեն, մաքուր երկաթ եւ շատ այլ մետաղներ, պետք է վերջնական արտադրանքի վերածվեն հենց Հայաստանում: Նախ՝ միջազգային շուկայում մետաղների գինը տասնյակ անգամներ ավելի բարձր է, քան հարստացված խտանյութերինը, եւ երկրորդ՝ մենք հնարավորություն կունենանք Հայաստանում տալու արտադրանք՝ Հայաստանում իսկ ստացված մետաղներից: Օրինակ՝ մաքուր պղնձից կարելի է ուժային մալուխների եւ էլեկտրատեխնիկայի այլ արտադրատեսակների արտադրություն դնել: Եվ սա կլինի արդյունաբերության զարգացում, աշխատատեղերի ստեղծում եւ այն ընտանիքների վերադարձ, ովքեր աշխատանք եւ բարվոք կյանք փնտրելու հույսով մեկնել են Հայաստանից: Բայց մետաղների վերամշակման էկոլոգիապես մաքուր ու ամենաարդիական արտադրություններ ստեղծելու համար պահանջվում են կապիտալ ներդրումներ: Այս դեպքում ներդրողներ միշտ կգտնվեն:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: