Երկուշաբթի, Հոկտեմբերի 07, 2024

Ազատ ամբիոն

Երբ աշխարհից մեկուսացած Արցախը կուլ էր գնում (մաս 3)

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

(Սկիզբը՝ նախորդիվ)

Ստեփանակերտից դեպի Հայաստան բռնագաղթի ճանապարհը երկար էր, ծանր` կիլոմետրերով ձգվող մեքենաներով, մեկընդմեջ մեզ ուղեկցող խցանումներով… Երկնքից թափվող անձրեւը մեքենաների պատուհաններն էր թմբկահարում, որ արձագանք էր տալիս մեր հոգում, խոցում մեր վերքոտ սրտերը: Ամեն պահ, մտքերիս մեջ ընկած, բնակարանիս բոլոր անկյուններն եմ քրքրում, շոշափում այս կամ այն իրը, պատերից անցնում գույքին՝ այն բազմոցին, որի վրա նստում էի, այն համակարգչին, որի ստեղնաշարի վրա մատներս շարում էին տողեր, որոնք գրքեր են դարձել:

Մինչ տարհանվելը` նկուղից դուրս եկա, մտա տուն` մի քանի կարեւոր իր վերցնելու: Գրքերս շոշափեցի, ցանկացա վերցնել, երկընտրանքի մեջ ընկա, բայց  թողեցի սեղանին` ափսոսանքով նայելով իմ տքնաջան աշխատանքի պտուղներին: Տնից դուրս եկա` հազիվ զսպելով ալեկոծությունս: Սպասման մի քանի րոպեներ, ապա միանգամից մտափոխված մտա տուն, շտապ վերցրի մեկական գիրք` ծանր մտածումներով. «Այս վեց գրքում մանկավարժի կյանք կա, պատմական ժամանակաշրջանի արձանագրում, որ պետք է պահպանել»:

Դեպի Հայաստան բռնատեղահանությունը, ուզենք թե չուզենք, արցախցիներիս տանում է դեպի Հակարիի կամուրջը` ադրբեջանական անցակետ: Մինչեւ հասնելը` հոգնած ու կոտրված հայրենազուրկներս հազարումի զրույցներով ծանրաբեռնված ենք մոտենում այդ կամրջին` ինչպե՞ս կանցնենք, որքանո՞վ կկարողանանք տիրապետել մեզ, որ հաղթահարենք թշնամու սադրանքները, ովքե՞ր կընկնեն նրանց ծուղակը եւ/կամ մեր դեմքին դաջված ատելությունը ինչպե՞ս կքողարկենք:

… Աղետաբեր որջից հեռացանք` ճանապարհը շարունակելով դեպի Գորիս՝ դատարկված հոգով, որ Արցախը մնաց հեռվում, հայրենիքը` թշնամու գերության մեջ: Մտածումներս խտացած էին, այլեւս երկնքից թափվող մանանա չէր երեւում, երբ անեծքները բազմաբյուր էին: Տեղատարափ էր, կայծակ, որոտացող երկինք, որից սարսռում էինք: Մեծ քաղաքում ապրելը, քաղաքի արտաքին շքեղությունը վայելելը երեւի ինձ համար չեն, չնայած երեսուներկու տարի առաջ նույն զգացողությունն եմ ունեցել, երբ Մարտակերտը գերության մեջ էր, մենք էլ` փախստականի կարգավիճակով ռուսական քաղաքում:

Երեկոյան Երեւանն ինձ տեսանելի է դառնում լույսերի շքեղության մեջ՝ բազմաթիվ մեքենաների խցանումներով: Վերջինն ինձ հիշեցնում է մեր հապճեպ տեղահանությունը` մարդկային հոծ բազմությամբ, մեքենաների տեղաշարժի հետ կապված կանգառներով: Ամեն ինչ հիշեցնում է հայրենիքը, որտեղ ապրել ենք մի ամբողջ կյանք: Սա կարոտ է, պոռթկացող ցավ, որ երբեմն ներսումդ կուտակում ես, երբ զգում ես, որ անհնար է հաշտվել այն իրականության հետ, որում կանք տասնյակ հազարավորներս:

Սա գլխապտույտ է, մի անհավատալի շրջադարձ, որ ապրածդ տարիների համուհոտն ես զգում, անգամ շրջափակման ծանր օրերն ես վերհիշում ու երանություն տալիս այդ օրերին: Ամենուր լույսեր են փայլփլում ու փնտրում ես այդ լույսերի խտության մեջ քո բաժին լույսը, բայց չես գտնում: Ու շտապում ես վարձակալած այն բնակարանը հասնել, որտեղ մտածումներիդ ազատություն կտաս` թաց աչքերդ սրբելով, չմոռանալով այն բոլոր արհավիրքները, որոնց միջով անցել ես ու դեռ պիտի անցնես…

 

Նատաշա Պողոսյան
Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: