Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Ազատ ամբիոն

Թե ինչպես նիկոլիզմը ոչնչացրեց հայ-թալիշական համագործակցությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ադրբեջանի ներկայիս տարածքում ապրում է մոտ 2 մլն թալիշ։ Սա իրանական ծագմամբ բնիկ ազգություն է՝ մոտ 3000 տարվա պատմությամբ։ Հիմա թալիշների մի մասը Իրանում է, մի մասը՝ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքում՝ Լենքորանում։ Ադրբեջանի թալիշները պատմականորեն լավ են տրամադրված հայերիս նկատմամբ։ Մենք տասնամյակներ շարունակ համագործակցում էինք, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թալիշական սփյուռքի առաջնորդներից Ֆահրադդին Աբոսզոդան կոչով դիմեց Ադրբեջանի թալիշներին՝ չկռվել եղբայր հայերի դեմ։ Հիմնականում այդպես էլ եղավ։

Ես շատ լավ էի ճանաչում Աբոսզոդային, Երեւանում հանդիպել ենք բազմիցս։ 2019-ի գարնանը նրան ձերբակալեցին Մոսկվայում եւ մի քանի ամիս պահեցին կալանավայրում Ադրբեջանի պահանջով։ Ռուսական կողմը ներքին խողովակներով ՀՀ-ին զգուշացրեց՝ լավ կլինի, եթե Երեւանը քաղաքական ապաստան տա Աբոսզոդային։ Ես էլ իմ կապերով կառավարությանը դիմեցի։ Պատասխանը բացասական էր՝ Հայաստանը չի խառնվում Ադրբեջանի գործերին։ Դա այն դեպքում, երբ այդ նույն Աբոսզոդան հսկայական գործ էր արել հայկական կողմի համար։ 2020-ի նոյեմբերի 13-ին Աբոսզոդային սպանեցին Բաքվի բանտում։

Մենք ակտիվ համագործակցում էինք եւս մեկ թալիշ առաջնորդի՝ Իսմայիլ Շաբանովի հետ, ով ՌԴ նախագահի աշխատակազմում էր՝ ազգային փոքրամասնությունների խորհրդում։ 2020-ի հունվարին ինձ զանգում է Շաբանովը՝ հայտնելով, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատողներն իրեն խաբեությամբ ֆինանսական թակարդ են գցել։ Պարզվում է՝ օգտվելով հայերի նկատմամբ Շաբանովի լավ վերաբերմունքից, ՌԴ-ում ՀՀ դեսպանության եւ Արցախի ներկայացուցչության մի քանի աշխատողներ մոտ 70.000 ԱՄՆ դոլար են վերցրել նրանից ու եւս 2 այլ թալիշից՝ խոստանալով հայկական ծխախոտ տանել։ Փողը վերցրել ու անհետացել են։

Որպեսզի հայ-թալիշական հարաբերություններում բացասական հետք չլինի, ես Շաբանովին խնդրեցի ժամանակավորապես լռել, մինչեւ ես փորձեմ կծիկի ծայրը գտնել։ Խոսեցի Արցախի այն ժամանակվա ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Հիշում եք, նա Նիկոլ Փաշինյանի մտերիմներից էր։ Վերջինս շատ պարզ հասկացրեց, որ թեպետ տեղյակ է այդ խնդրի մասին, բայց չի պատրաստվում որեւէ բան անել։ Փոխարենը Արցախի նախագահի այն ժամանակվա խորհրդական Դավիթ Բաբայանը փորձեց քայլեր ձեռնարկել՝ գոնե գումարի վերադարձի համար։

Կապվեցի ՀՀ ԱԳՆ որոշ բարձր պաշտոնյաների հետ։ Նրանք խոստացան զբաղվել, բայց ոչինչ չարեցին։ Խոսեցի Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջապատի ներկայացուցիչ, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Նա էլ անհանգստացավ եւ խոստացավ զբաղվել, բայց ոչ մի արդյունք։ Իսկ ես Շաբանովին խնդրում էի սպասել, ամեն ինչ կկարգավորվի։

Կարճ ժամանակ անց պարզվեց, որ ՀՀ կառավարությունը ամենաբարձր մակարդակով փորձում է Շաբանովին մեղադրել հանցանքի մեջ. իբր թե նա ՀՀ դեսպանության աշխատողներին փող տվել է գաղտնի տեղեկությունների համար։ Դա արդեն լցրեց թալիշ պաշտոնյայի համբերության բաժակը։ 2020-ի ամռանը Շաբանովը եկավ Հայաստան՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի կամ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ, սակայն որեւէ մեկը չցանկացավ ընդունել ՌԴ նախագահի աշխատակազմի թալիշ ներկայացուցչին։ Վերադարձին Շաբանովը ինձ զգուշացրեց, որ այսկերպ վերջացավ հայ-թալիշական բարեկամությունը։ Փորձեցի բացատրել, որ դա անձնական հարց է, ոչ թե ազգամիջյան։

Օրեր անց արգելվեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ, ապա սկսեցին մեկը մյուսի հետեւից խնդիրներ առաջանալ ՌԴ-ում Արցախի ներկայացուցչության համար։ Հետագայում դրանք մասամբ հարթվեցին Դավիթ Բաբայանի ջանքերով։

Պատերազմի ժամանակ ինձ զանգահարում է Նիկոլ Փաշինյանի մտերիմ Մխիթար Հայրապետյանը եւ խնդրում կապի դուրս գալ թալիշների հետ, Շաբանովի միջոցով փորձել թալիշներին ոտքի հանել Ադրբեջանում։ Կարող եք ենթադրել, թե ինչ ասաց Շաբանովը եւ ինչ արեցին թալիշները։ Նրանք ադրբեջանական բանակի կազմում կռվում էին մեր դեմ։

 

Նաիրի Հոխիկյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: