Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Ուկրաինան ընտրություններից առաջ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ուկրաինայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունները սրընթաց զարգանում են հասարակության եւ իշխանությունների միջեւ լարվածության աճով: Դրա պատճառն Ուկրաինայի կողմից Գերմանիայի նախագահ Շտայնմայերի բանաձեւին տրված հավանությունն է: Շատերի կարծիքով` դա կարող է մեռյալ կետից շարժել Ռուսաստանի հետ բանակցությունները, բայցեւ ռիսկեր պարունակել Ուկրաինայի ինքնիշխանության համար: Հոկտեմբերի 1-ի երեկոյան նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին տեղեկացրեց, որ Մինսկում ուկրաինական կողմը համաձայնել է Շտայնմայերի բանաձեւին եւ այն ներկայացրել է որպես դիվանագիտական ​​հաղթանակ: Բանաձեւը Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքի իմպլեմենտացիան կապում է պաշտոնական Կիեւի կողմից տարածաշրջանում տեղական ընտրությունների անցկացմանը` ըստ Ուկրաինայի օրենքների եւ ԵԱՀԿ-ի հսկողության ներքո:

Շտայնմայերի առաջարկությունների էությունը հակիրճ հետեւյալն է. Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը, որն ընդունվել է 2014 թվականին եւ ստորագրվել Ուկրաինայի նախագահի կողմից, ուժի մեջ է մտնում տեղական ընտրությունների քվեարկության օրը ժամը 20:00-ին Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում (ԴԼՄԱՇ) եւ գործում է ժամանակավորության հիման վրա՝ մինչեւ ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գծով Բյուրոյի ամփոփիչ հաշվետվության հրապարակման օրը:

Սույն օրենքի հանգուցային դրույթները ենթադրում են, որ ԴԼՄԱՇ-ում «դեպքերի» մասնակիցներին քրեական ու վարչական պատասխանատվության չեն ենթարկի: Բացի դրանից, կրթության, ԶԼՄ-ների, դատավարության եւ իշխանության տեղական մարմինների գործունեության ոլորտում տարածաշրջանը ստանում է ռուսաց լեզուն օգտագործելու իրավունք: Իսկ բուն այդ մարմիններն իրենք կարող են դատախազներ ու դատավորներ նշանակել: Ընդ որում` ԴԼՄԱՇ-ի տեղական մարմինները կարող են նաեւ Ուկրաինայի քաղաքացիներից կազմավորել «ժողովրդական ոստիկանության ջոկատներ»:

Սակայն Ուկրաինայում շատերը կարծում են, որ դա կապիտուլյացիա է Կրեմլի առաջ: Այդ բանաձեւի ընդունման կապակցությամբ երկրի բոլոր քաղաքներից տասնյակ հազարավոր բողոքավորներ դուրս են եկել փողոց` համարելով, որ ճակատային գծից Ուկրաինայի եւ Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը նշանակում է, որ թիկունքը «կմերկանա», եւ դա Ռուսաստանին հնարավորություն կտա հեշտությամբ գրավել ոչ միայն պաշտպանական գիծը, այլեւ ցանկության դեպքում` նաեւ ճակատային գծի անմիջական մոտակայքում գտնվող Խարկովը` Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքը:

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտը ռազմաճակատում տասնյակ հազարավոր զինվորների մահն է: Եվ ոչ միայն ռազմաճակատում: Բավական է հիշել այն ինքնաթիռում եղած անմեղ ուղեւորների կործանումը, որը թռիչք էր իրականացնում մարտական գործողությունների գոտու վերեւով: Մարդիկ հիմա էլ են մահանում հանուն ոչնչի: Երբ չկա հավատ, հազիվ թե զոհվածների ծնողներն ու նրանց մերձավորները համաձայնեն նման «համաներման»: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն նյուրնբերգյան բաց գործընթացը եւ աշխարհի առջեւ Գերմանիայի զղջումը հնարավորություն տվեցին կարգավորելու Եվրոպայի մյուս ժողովուրդների հետ գերմանացիների բարիդրացիական հարաբերությունները: Պետք է ապաշխարել, եւ այդժամ բոլոր խնդիրներն ինքնաբերաբար կլուծվեն:

Ուկրաինան չվստահելու եւս մեկ առիթ ունի: 1994 թվականի դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Միացյալ Թագավորության առաջնորդները ստորագրեցին Բուդապեշտի հուշագիրը, որն Ուկրաինային խոստացավ միջուկային զենքից հրաժարվելու դիմաց` տարածքային ամբողջականություն եւ ինքնիշխանություն միջուկային գերտերությունների երաշխիքի ներքո: Նույն տարում էլ սկսվեց միջուկային սպառազինությունների արտահանումը Ուկրաինայից դեպի Ռուսաստան` ընդհանուր թվով 176 միջմայրցամաքային բալիստիկ եւ ավելի քան 2500 մարտավարական հրթիռ: Սակայն հիմա ո՞վ է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում կամ Ռուսաստանում հիշում այդ հուշագրի մասին: Ավելին` «երաշխավորներից» մեկը հենց ինքն է խախտել հուշագրի պայմանները:

Հարցն իսկապես բարդ է, եւ հայտնի չէ, թե ինչով այն կավարտվի: Բայց, անկասկած, եւ՛ ռուս, եւ՛ ուկրաինացի ժողովուրդները ցանկանում են խաղաղություն: Սակայն խաղաղությունն անհնար է, երբ առավոտից երեկո ռուսական հեռուստաալիքներն իրականացնում են նպատակաուղղված հակաուկրաինական քարոզչություն, իսկ որոշ ուկրաինական հեռուստաալիքներ դրան արձագանքում են համարժեք կերպով: Այդ ամենն անհրաժեշտ է դադարեցնել: Արդյո՞ք կողմերն ի զորու են դա անել` նույնպես հարց է:

Ուկրաինայում ընթացող ներկայիս իրադարձություններն իրենց ոգով նման են մեր տարածաշրջանում կատարվող զարգացումներին, որտեղ արցախա-ադրբեջանական հակամարտությունը նույնպես լուծված չէ: Հայաստանին ու Արցախին առաջարկվել է զորքերի դուրսբերում եւ տարածքներ՝ Արցախի կարգավիճակի դիմաց, բայց ոչ ոք այդպես էլ չի հստակեցրել, թե ինչպիսին է այդ կարգավիճակն ըստ Մինսկի խմբի կողմից մշակված մադրիդյան սկզբունքների բոլոր տարբերակների: Թե որոնք են անվտանգության երաշխիքները` դա նմանապես հստակեցված չէ: Ժամանակին բոլոր երեք նախագահներն էլ որոշակի պահերի պատրաստ էին միակողմանի զիջումների գնալ, բայց գործնականում նրանք գիտակցեցին, որ դժվար է դիմակայել ժողովրդի կամքին` անկախ նրանից, թե որքան իշխանության են տիրապետում: Առավել եւս, եթե ժողովուրդն անդառնալի կորուստներ է կրել պատերազմում:

Ըստ երեւույթին, բոլոր նմանատիպ հակամարտություններում անվերադարձության մի կետ կա, որն անցնելուց հետո շատ դժվար է հարաբերությունների կարգավորումը: Եվ անվերադարձության այդ կետը մարտական անառիթ մաքառումներում տասնյակ հազարավոր մարդկային կյանքերն են: Ժողովրդին չի կարելի խաբել: Այդ առումով Ուկրաինայի նորընտիր նախագահը պետք է մեծ ջանքեր գործադրի` ժողովրդին համոզելու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իր կայացրած որոշումների ճշմարտացիությունը:

Երկու հակամարտությունների կարգավորման հիմքերում էլ պետք է դրված լինեն միջազգային հարաբերությունների իրավական կանոնները: Ամենից առաջ ժողովուրդները պետք է կազմակերպեն բաց երկխոսություն` առանց ԶԼՄ-ների գաղափարախոսական դրոշմների, եւ նոր միայն խոսեն խաղաղության մասին: Այլ կերպ չի ստացվի:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: