Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Ազատ ամբիոն

Չարի ձեռքով կորսված Արցախ…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ամենեւին չէի պատկերացրել, որ այդչափ հուզումնառատ կլիներ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կիրակի օրը տեղի ունեցած հավաքը։

«Սրբազան շարժման» հերթական միջոցառումը չափազանց բարձր մակարդակով էր կազմակերպված եւ շատ ողջունելի է: Հոծ բազմության մեջ, որ հազարավորներ էին, ես չնկատեցի տարբերակում հայաստանցիների ու արցախցիների միջեւ, կար Արցախ կորցրածներիս հանդեպ մեծ ակնածանք, պատկառանք, խոր սրտացավություն եւ անկեղծ ջերմություն, որ լսելի էր ելույթներում, տեսանելի՝ նկարահանված տարբեր դրվագներում, որ մինչ Արցախի կորուստը ուղեկցել է արցախցիներին։

Հայաստանը Մայր հայրենիքն է, որի հիմնից հետո լսելի եղավ Արցախի օրհներգը՝ վեր պարզված դրոշներով։

Չէի կարող չհուզվել, թաշկինակս չտանել դեպի թաց աչքերս՝ զգալով, որ մենք մենակ չենք, մեզ հետ է մի ժողովուրդ, ով գիտակցում է, որ Արցախն ամուր վահան էր Հայաստանի համար, որը չարի ձեռքով կորցրինք, բայց վերադարձի հույսը չի սպառվում…

Բոլոր ելույթներն էլ բարձր հնչողություն ունեին եւ մեկընդմեջ ընդհատվում էին ուղեկցող բուռն ծափահարություններով։

Անհնար էր չարտասվել զոհված զինծառայողի մոր արտասվախառն խոսքը լսելիս։ Թվաց` մեր ներսում կուտակված էր, ալեկոծված էին սրտեր, որ պիտի արցունքով լվանային իրենց վերքերը։

Կարծես՝ անհրաժեշտ էր մեզ հիշեցնել մեր գլխով անցածը, մեր բոլոր զոհերին, մեր  կորուստները, բռնատեղահանությունը, այսօրվա մեր դառը կյանքը, որ մեզ ազատություն տայինք…

Շուրջս նստածներն անծանոթ էին, բայց զգացի ջերմություն, լսեցի քնքշագին խոսք, պատրաստակամություն, ցավ ամոքող մեղմ ժպիտներ... Ու հասկացա, որ հայ ժողովրդի  միասնական կամքով, համախմբվածությամբ կարելի է վերականգնել մեր արժեքները, որ ավերում են, ոչնչացնում, մահ սփռում մեր շուրջը, քաղաքական հալածանքների, կեղծիքի, խաբեության, ստախոսության միջոցով։

Ավարտվել էր հավաքը, բայց կարծես չէի ուզում թողնել դահլիճը, հայացքս ծանոթ դեմքեր էր փնտրում՝ չնայած այդ ժամերին անծանոթ, բայց ջերմ միջավայրում էի զգում ինձ։

Անպակաս էին նրանք, որոնց հետ հանդիպումը համալիրի շրջակայքում ե՛ւ անակնկալ էր, ե՛ւ ջերմագին ու ցնցող, սրտաբաց ու կարոտալից։

Անմիջական էր մտերիմների հետ մեր զրույցը, որի կարիքն ունեինք:

Ավարտվեց իմաստալից մի օր, որ նաեւ սրտեր լցրեց բերկրանքով, հոգիներ լիացրեց ու համակեց երախտագիտության զգացումով: Շնորհակալությո՛ւն Բագրատ Սրբազանին՝ Արցախի հանդեպ մեծ սիրո ու հավատարմության, ինչպես նաեւ ջերմագին մթնոլորտի համար, որ սեպտեմբերի 22-ին տիրում էր Մարզահամերգային համալիրի դահլիճում եւ նրանից դուրս:

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: