Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը առերեւույթ ռազմական գաղտնիք է հրապարակել՝ տեսանյութում ցույց տալով առաջնագծի մեր դիրքերի տեղանքը եւ կառուցված որոշ բունկերների ներքին կահավորումը, պատերի ձեւը եւ այլն։
Դա, իհարկե, գրագետ եւ ռազմական գործին գիտակ որեւէ պաշտոնյա չէր անի։ Կհասկանար, որ չի կարելի, որ դա, մեղմ ասած, հիմարություն է, իսկ ավելի պարզ՝ թշնամուն գիտակցված կամ չգիտակցված օգնություն։
Բայց ես չեմ զարմանում ՊՆ-ի ղեկավարության այս վարքագծից։ Արդեն երկու տարի ՊՆ-ի ղեկավար կազմի հետ կռիվ եմ տալիս, որ արգելեն Հայաստանի առաջնագիծ հնդիկների, պարսիկների, արաբների կամ ուրիշ այլազգիների մուտքը, իսկ ՊՆ-ի բարձր պաշտոնյաները արդարանում են, թե հայերը չեն աշխատում առաջնագծի շինարարության վրա, ուստի իրենք բերում են օտարներին։
Առաջնագիծը դարձել է ոտքի կոխան՝ ում կողմից ասես: Իրականում հայերը ոչ թե չեն աշխատում, այլ չեն ուզում աշխատել այն չնչին գումարով, որ տալիս են շինարարներին, իսկ օտարների մեջ կան շատ լրտեսներ, որոնք անվճար էլ կաշխատեն, միայն թե հասնեն Հայաստանի առաջնագիծ ու ռազմական գաղտնիք դուրս հանեն, տանեն Ադրբեջանին։
Երբ ասում եմ, որ չի կարելի օտարազգիներին հասանելիություն տալ մեր ռազմական գաղտնիքներին, նույն ՊՆ-ի պաշտոնյաները արձագանքում են, թե բոլոր դեպքերում Ադրբեջանի դրոնները վերեւից ամեն ինչ նկարում են, հետեւաբար մենք թաքցնելու բան չունենք։
Ենթադրաբար նույն տրամաբանությամբ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դրոնով նկարել Հայաստանի առաջնագիծը եւ դա հրապարակել՝ մտածելով, թե եթե Ադրբեջանը կարող է մեր դիրքերը նկարել, ապա մենք ինչո՞ւ չնկարենք ու ցույց տանք աշխարհին։ Համ էլ Ադրբեջանի գործն են հեշտացնում, որ նրանք էլ չչարչարվեն։
Իսկ հայ ծնողները կարծում են, թե իրենց երեխաներին բանակ են ուղարկում, որ ծառայեն հայրենիքին։ Տեսեք, թե բանակի ղեկավարությունը ինչպես է ապահովում ձեր զինվոր զավակների անվտանգությունը:
Նաիրի Հոխիկյան

