Հոկտեմբերի 27-ին լրացավ Հայաստանի խորհրդարանում կատարված ողբերգության 20-րդ տարելիցը: Այդ առնչությամբ մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, հանդես եկան դեպքերի այն ժամանակվա ականատեսներ, քաղաքական գործիչներ, իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներ, քաղաքագետներ: Թեմայի նկատմամբ էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց այն փաստը, որ 20 տարի անցնելուց հետո խորհրդարանում տեղի ունեցածի գլխավոր գործող անձը` բանտում իր ցմահ ազատազրկումն անցկացնող Նաիրի Հունանյանը, համաներում է խնդրել:
Հայաստանի նորագույն պատմության մեջ երեք ճակատագրական իրադարձություններ են եղել, որոնք կարող էին, աստված մի արասցե, հանգեցնել պետականության կորստի: Դրանք են` «Հոկտեմբերի 27»-ը, մարտիմեկյան դեպքերը եւ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը: Պատմությունը չի սիրում պայմանական եղանակ, բայց իսկապես, եթե այդ երեք քաղաքական աղետների արդյունքում իրադարձությունները զարգանային մի փոքր այլ հունով, դրանք կարող էին կործանարար լինել ոչ միայն մեր պետականության, այլեւ Արցախի համար: Բոլոր երեք նախագահների կառավարման օրոք Հայաստանում կատարվել են քաղաքական մի շարք սպանություններ, որոնց մեծ մասը մինչեւ հիմա չեն բացահայտված: Միտք չունի կոնկրետ օրինակներ բերել` դրանք բոլորին հայտնի են: Բայց այդ սպանությունները հիմնականում իշխանության համար պայքարի հետեւանք էին եւ պետության քաղաքական կամ պաշտպանական համակարգի փլուզման որոշակի սպառնալիք չէին ներկայացնում:
Մինչեւ այժմ մենք չգիտենք բոլոր երեք իրադարձությունների վերաբերյալ բազմաթիվ հարցերի պատասխաններ: Եթե ԱԺ-ի հոկտեմբերի 27-ի գնդակահարությունը, այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքով, պարզ հանցագործություն էր եւ այն կարող էր բացահայտել նույնիսկ շարքային տեղամասայինը, ապա ինչու ցայսօր հայտնի չէ, թե ինչպես հինգ հոգուց բաղկացած խումբը Ազգային ժողովի տարածք անցկացրեց ինքնաձիգներ, թե ում խորհրդարանի դահլիճից զանգեց Հունանյանն ու զեկուցեց, որ ինքն իր գործը կատարել է, ինչու են իրենք ուշանում եւ այլն: Ինչո՞ւ հետագայում տարբեր պատճառներով զոհվում էին գործով կասկածյալներն ու կարեւոր վկաները:
Մենք անհամբեր սպասում ենք «Մարտի 1»-ի գործով դատավարությանը եւ այն հարցերի պատասխաններին, թե ով արձակեց ցուցարարների վրա կրակ բացելու հրամանը, ում հրամանով Արցախից բերված զորքը տեղաբաշխվեց Երեւանում, ով արտակարգ դրություն մտցնելուց հետո ստանձնեց բանակի եւ ներքին զորքերի ղեկավարումը: Բայց, ինչպես երեւում է, դատը շուտ չի սկսվի եւ եթե սկսվի էլ, ապա ներկայիս տեմպերի հաշվարկով կտեւի լավագույն դեպքում առնվազն 2-3 տարի:
Ապրիլյան պատերազմի արդյունքներով նույնպես հանրությունը սպասում է գլխավոր հարցին` ո՞րն էր չորսօրյա այդ պատերազմում ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի ու Արցախի ողջ բարձրագույն ղեկավարության դերակատարությունը: Շատերն ասում են, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված իրադարձություններն, ընդհանրապես, հնարավոր չէ բացահայտել, քանզի դա կարող է փլուզել բանակը: Բայց այստեղ խոսքը զինվորների, սպայական եւ բարձր հրամանատարական կազմերի մասին չէ, որոնք արժանապատվորեն կատարեցին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը: Ավելին` ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինքը զրույց է ունեցել բանակի հետախուզական վարչության պետի հետ եւ նենգադուլի կամ մատնություն ոչ մի դեպք չի գտել: Իր հերթին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ դավադրություն չի եղել: Ճիշտ է, դավադրություն չի եղել եւ չէր էլ կարող լինել: Եղել է հրամանի խստիվ կատարում:
Բանակի ղեկավարման հիմքը միանձնյա կառավարման սկզբունքն է: Ոչ ոք իրավունք չունի քննարկել հրամանը: Այն պետք է կատարել: Հրամանի չկատարումը` առավել եւս պատերազմական ժամանակ, դասալքություն է ու նենգադուլ եւ այդպիսի զինվորներին կամ սպաներին դատում են պատերազմական ժամանակի օրենքներով: Սակայն այստեղ հարց է ծագում` ո՞վ էր, որ թիրախի ուղղությամբ կրակ բացելու ՀՐԱՄԱՆ ՉՏՎԵՑ, երբ հակառակորդի բանակը մթության քողի տակ անցել էր Արցախի պաշտպանության սահմանագիծը` չնայած առաջնագծի զինվորները բազմիցս զեկուցել էին թշնամու բանակի առաջխաղացման մասին: Ո՞վ ՀՐԱՄԱՆ ՏՎԵՑ կանգնեցնել բանակը, երբ այն արդեն անցել էր հակահարձակման: Այս հարցերի պատասխանները պետք է իմանալ, եւ այդ պատասխանները բոլորովին չեն խփում բանակի վարկին ու չեն ապակողմնորոշում նրան: Ընդհակառակը` բոլորը գիտեն, որ եթե չլիներ բանակը, հակառակորդը կնվաճեր ոչ միայն տխրահռչակ 800 հեկտարը:
Այժմ անհրաժեշտ է առանց հույզերի, առանց միմյանց պիտակներ կպցնելու, անաչառ կերպով հետաքննել վերոնշյալ երեք իրադարձությունները հենց միայն այն պատճառով, որպեսզի այլեւս Հայաստանի հետագա ողջ պատմության ընթացքում նման բան չկրկնվի: Աստված մեր հանդեպ ներողամիտ է գտնվել բոլոր այդ երեք դեպքերում եւ պահպանել է Հայաստանը: Չորրորդ այդօրինակ դեպքը կարող է ճակատագրական լինել:
Կարապետ Կալենչյան