Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Ո՞րն է, որտե՞ղ է փրկօղակը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մալաթիա թաղամասից ոտքով հասա Երրորդ մասի մետրոյի կայարան, այնտեղից Այրարատ կինոթատրոն, կանգառի կրպակից գնեցի «Ազգ» թերթն ու այդ պահին նկատեցի, որ տրամվայը մոտենում է: Բարեբախտություն էր, թե չէ մինչեւ ռադիոտուն էլի պետք է ոտքարշավ կատարեի: Շտապեցի դեպի մարդկանցով լցված դուռը, ոտքս դրեցի աստիճանին ու հենց այդ պահին աչքս ընկավ թերթի ճակատին: Գույժ՝ Գետաշենն ընկավ, Կրպեյանը զոհվեց… Հարվածից օրորվեցի, մեջքով ուղիղ ասֆալտին էի շրմփալու, անծանոթ մարդիկ բռնեցին, հրեցին դեպի տրամվայի ներսը:

Այդ պահի զգացողությունը մեկ տարի չէր անցնում, գիշեր-ցերեկ հալածում էր անհուսության ուրվականը, չէ՞ որ «Կոլցո» գործողությունը պատասխան էր Խորհրդային կայսրությունից Հայաստանի վաղաժամ դուրս գալու հանդուգն հայտարարությանը, պարզ ասած՝ անկախանալու մեր առաջին քայլին:

Այնուամենայնիվ, ճակատագիրը հետաքրքիր երեւույթ է. մեկ տարի անց նույն երթուղով հասա նույն կանգառ, գնեցի նույն թերթը, բարձրացա նույն տրամվայ ու աչքս ընկավ թերթի ճակատին, ավետիս` Շուշին ազատագրված է: Ցնծության աղաղակը կոկորդիցս դուրս թռավ վայրկյաններ անց, աստիճանների վրա օրորվեցի, շրմփալու էի ասֆալտին՝ մարդիկ էլի մեջքս պահեցին, հրեցին, ընկա տրամվայի մեջ: Շուշին ազատագրվա՜ծ է… Բոլորը շուրջս հավաքվեցին, գրկախառնվում էինք, ուրախությունից արտասվում, իրար չճանաչելով` իրար գովեստի խոսքեր ասում: Այս երկու հիշողությունները մտքիս մեջ երկար եմ պահել, հիմա նրանք առանց իրավունք վերցնելու հայտնվեցին կյանքիս մեջ…

Գետաշենի ու Շահումյանի կորուստը 29 տարի խոշտանգում էր մեր սրտերը, միաժամանակ Շուշիի ազատագրումը 28 տարի ոգեւորում էր, հույսի ջահեր վառում հետագա ամբողջ պատմության առջեւ: Բերդաքաղաքի հերոսամարտին հաջորդեց հոյակապ ռազմարշավը, ազատագրվեցին նաեւ Արցախական մյուս բնիկ տարածքները:

Զինադադարին հետեւած 26 տարիները եղան Արցախի շենացման բացառիկ փուլ:

Եվ ի՞նչ… Պարզվում է, որ մենք ննջել էինք հաղթանակի դափնիների վրա ու չզգացինք, թե թունավոր սարդն ինչպես սողոսկեց մեր երկիր ու սկսեց ավերել այն ամբողջ սուրբը, որն իբրեւ մեր արարչական գոյության պայման` ստեղծել էինք:

Հիմա աչքներիս առջեւ Արցախը հալչում է, ադամանդահատիկ Շուշին հանձնված է քոչվորների վայրագությանը, ու ոչինչ չենք կարող անել, բացի ողբալուց, անիծելուց: Այժմ թիկունքներիս հետեւում նյութվում է հակահայ նոր դավ, ու մենք չգիտենք դրանից խուսափելու ճանապարհը: Թշնամին մեկը, երկուսը, երեքը չէ, թշնամանքի տիրույթում խառնվում են մոտ ու հեռու տերությունների նզովյալ շահերը:

Այսօր միակ իրականը, որ իշխում է մեր երկրում՝ ներազգային խառնաշփոթն է, որի հանցավորը դավաճան, երկրաքանդ ու հայակործան ներդրվածներն են: Ի՞նչն է զարմանալին` այսքան խելացիներ ու հայրենասերներ ունեցող ազգն է ո՜րերորդ անգամ հայտնվում անհատակ վիհի պռնկին:

Խելքն ու սերը մի՞թե այսաստիճան անզոր են…

Ազգային արժանապատվությունը բերանս փակում է, բայց գոյատեւելու անհագ ծարավն էլ արտոնում է ասել, որ Արցախի ապագան ինձ երեւում է ՌԴ կազմում: Չքարկոծեք, եթե գիտեք` ասեք ավելի անվտանգ տարբերակ: Մի բուռ հայության դեմ ելել է աշխարհի ամբողջ աղբը, որը հզոր է զենքով, փողով, քարոզամիջոցներով ու գազանությամբ:

Դե կռվեք:

Կամ էլ պետք է սպասենք, մինչեւ ստեղծվի քաղաքական ԱՐԵՎԵԼՅԱՆ միություն ու խնդրենք մեզ ներս թողնել: Չեմ ուզում պատկերացնել, թե մինչ այդ ինչ կմնա Արցախից ու հենց Հայաստանից:

Եկեք քաջությունից, մեր անպարտելի ոգուց ու այլ գեղեցիկ գաղափարներից չխոսենք: Ցավալի է, բայց դրանք համարժեք չեն աշխարհի ներկա իրողություններին, ավելին` հակառակ են: Հայության գլխին փլված վերջին պատերազմը հայրենափրկչական չէր, դավադրական էր ու որեւէ երաշխիք չկա, որ հենց դա՛ չի կրկնվի:

Թուրքին թիկունքից բրթում են, նա հաջողություններից հարբած է ու իր վախճանը չի գիտակցում, ճանապարհին ամեն ինչ տրորելով առաջ է սլանում, իսկ ճանապարհին մենք ենք…

Ազգի սերուցքի մի ընտիր հատված գնաց զոհվեց` հավատացած, որ կյանքը զոհաբերում է հանուն հայրենիքի ապահով ապագայի: Այս ահավոր ողբերգության մեջ միակ սփոփիչն այն է, որ նրանք ստոր դավաճանության ու խայտառակ պարտության մասին չիմացան: Բայց մենք հո գիտե՞նք, թե ամեն բան ինչպես եղավ ու ինչու եղավ:

Եվ ուրեմն որտե՞ղ է, ո՞րն է մեր փրկօղակը: Շարունակենք վերացականության թմրանյութով կերակրվե՞լ, թե համենայնդեպս` փորձենք ապրել ու կազմակերպվել:

 

Հրաչուհի Փալանդուզյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: