2025 թվականից Ադրբեջանից Հայաստան է ներկրվում բենզին, որը սկսել է խնդիրներ առաջացնել հայ սպառողների համար։ Առայժմ հայտնի է ավտոմեքենաների շարժիչների խափանումը, բայց կա շատ ավելի վտանգավոր երևույթ, որը մարդկանց առողջությանն ու կյանքին է առնչվում։
Ադրբեջանը չի օգտագործում սեփական արտադրության բենզինը, այլ վաճառում է Հայաստանին, իսկ ինքը 2021 թվականից Premium տեսակի բենզին փաստացի գնում է Վրաստանից։
Ի՞նչ թնջուկ է սա։
Բանն այն է, որ կա տետրաէթիլային կապար պարունակող բենզին, որը չափազանց էժան է, բայց մեքենաների և մարդկանց համար՝ խիստ վտանգավոր։ Դեռևս ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանում արտադրվում էր դրանից։ 2002 թվականից Ռուսաստանը արգելել է այդպիսի բենզինի արտադրությունը և ներկրումը իր երկիր։ ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու զարգացած այլ երկրներ ևս թույլ չեն տալիս դրա ներմուծում կամ արտադրություն։
Տետրաէթիլային կապար պարունակող բենզինը ոչ միայն շարքից հանում է մեքենաների շարժիչները, այլ այրման ժամանակ մթնոլորտ են արտանետվում խիստ վտանգավոր նյութեր, որոնք օդում տարրալուծվում են ու մտնելով մարդու շնչուղիներ՝ քայքայում նյարդային համակարգը, առաջացնում կաթված և բազում այլ առողջական խնդիրներ։
Տետրաէթիլային կապարի հետևանքով մթագնում է մարդկանց գիտակցությունը, վնասվում է ուղեղի թաղանթը, առաջանում է սրտի առիթմիա և ընդհուպ սրտի կանգ, մարդիկ դառնում են ագրեսիվ։ Այդ ուժեղ թույնի հետևանքով, եթե մարդը ողջ է մնում, լավագույն դեպքում դառնում է անպտուղ։
Ադրբեջանը իր համար չի արտադրում, բայց Հայաստանի համար հատուկ արտադրում և ուղարկում է։
Կարո՞ղ ենք կասկածներ ունենալ, որ Ադրբեջանը չի հրաժարվել տետրաէթիլային կապար պարունակող բենզինի արտադրությունից և հենց դա է ուղարկում մեր երկիր։
Այս թեմայով հարցում էինք ուղարկել ՀՀ կառավարության համապատասխան մարմիններին, սակայն որևէ արձագանք այդպես էլ չստացանք, իսկ ավելի ուշ պարզեցինք, որ սահմանային անցակետերում նույնիսկ ներկրվող ապրանքի նմուշառում և որակի փորձաքննություն չի անցկացվում։
Նաիրի Հոխիկյան

