Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Օ՜, Փարիզ, Փարիզ…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայերս սիրում ենք Ֆրանսիան, սիրում ենք Փարիզը, ֆրանսիացի լուսավորիչներին, այդ ժողովրդի ստեղծած մշակույթն ու աշխարհակենտրոն մոդան: Ֆրանսիայի մեջ սիրում ենք առանձնապես հռչակավոր հայերին՝ արցախցի Հովակիմ Մուրադյան-Մյուրատից մինչեւ Շահնուր-Ազնավուր ու Աշոտ-Վեռնոյ: Մենք երախտապարտ ենք Ֆրանսիային, որ Հայոց ցեղասպանության օրերին մեզ համարեց Արեւելքում իր արյունաքամվող քույրը ու դրանից հետո հազարավոր վերապրածների տեղ տվեց իր երկնքի տակ:

Ֆրանսիացին մեզ ինչի՞ համար է սիրում: Հավանաբար` տաղանդի ու հավատարմության: Ասում են՝ բացի նշանավորներից, հայեր են նաեւ այդ պետության միջին օղակներում ծառայողների զգալի մասը: Ինչպես են օտար երկրներում աշխատում հայերը՝ հայտնի բան է, վստահելի են, հուսալի, արդյունավոր: Այդքանը:

Ինչո՞ւ պետք է աշխարհի հզորագույն միջուկային բանակներից մեկն ունեցող Ֆրանսիան գա իր զորքով մեզ մեր հայրենիքի սահմաններում թուրքից պաշտպանելու՝ ես չեմ հասկանում: Նրա տարածքը, ճիշտ է, հեղեղված է այլազգիներով, նրա փողոցներում կիլոմետրերով ձգվում են նամազ անողների շարքերը, նրա եկեղեցիների կողքին անընդհատ բուսնում են մզկիթներ ու սինագոգներ, բայց նա թուրքի թշնամին չէ, թուրքն էլ նրա թշնամի չէ, նրանց ֆիզիկական շահերը երբեւէ չեն բախվել՝ պատերազմների, զինված բախումների, կոտորածների տեսքով:

Ուրեմն ֆրանսիական բանակն ի՞նչ է կորցրել աշխարհի այս մասում, որտեղ ռուս-թուրքական հակամարտությունը վավերագրված է հենց պատերազմներով ու այլ սարսափելի արհավիրքներով: Որպես ՆԱՏՕ-ի անդամ է գալիս՝ ռուսական ազդեցությունը չեզոքացնելու համա՞ր: Որպես Թուրքիայի ՆԱՏՕ-ական գործակի՞ց: Ռուսաստանը չորս կողմից շուրջկալի մեջ առնող Արեւմուտքն այդքան հե՞շտ է պատկերացնում իր հաղթանակը: Հավանաբար, քանի որ Հայաստանում մի շարք լրատվամիջոցներ գլոբալիստական հակազգային ծրագիրն արդեն ներկայացնում են որպես կատարված իրականություն: Ինչ է անում հայ հանրությո՞ւնը…

Սրտատրոփ հավատում է: Գոնե` այն շրջանակը, որը ճանկում ու դեպի բերանն է տանում ամեն կասկածելի քաղցրավենիք, միայն թե ֆրանսիական փաթեթավորում ունենա:

Խնդիրն ամենեւին սնոբությունը չէ՝ ամեն նորություն իբրեւ վերին ճշմարտություն ընդունելու անճաշակությունը, այլ մյուս՝ առավել իրազեկ ու հեռատես շրջանակների անգործությունը:

Խոսեք, բացատրեք, բացահայտեք, ուժերը կենտրոնացրեք, միաբանվեք, վճռականապես գործեք, արեւ տեսած ձյան պես հալչում է մեր ոտքի տակի վերջին բուռ հողը…

 

Հրաչուհի Փալանդուզյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: