Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Ազատ ամբիոն

Դատաիրավական համակարգի բարեփոխումները կառավարության աքիլեսյան գարշապարն են

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Դեկտեմբերի 9-ին «Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը» (GRECO) Հայաստանի վերաբերյալ հրապարակած զեկույցում ընդգծել է, որ հակակոռուպցիոն պայքարը կարեւոր տեղ է գրավում երկրի քաղաքական օրակարգում, ինչի մասին վկայում են այդ չարիքի դեմ ուղղված իրավական բարեփոխումները, ինչպես նաեւ դատական ​​համակարգի ամբողջականության ու ամրապնդման համար գործադրվող ջանքերը: Զեկույցում ասված է. «Դատական ​​համակարգն ընկալվում է իբրեւ կոռուպցիայի հանդեպ առանձնապես հակվածություն ունեցող ճյուղ: Բացի դրանից, ազգային եւ միջազգային տարբեր զեկույցների համաձայն, դատական ​​համակարգի անկախությունն ինչպես արտաքին սուբյեկտներից, այնպես էլ գործադիրից եւ տեղական դատական ​​մարմիններից, կարելի է անբավարար որակել»: Միաժամանակ Ազգային ժողովում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ուղղումներ մտցնելու վերաբերյալ օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու մասին նախագծի փաթեթը դրական կարծիք է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից: Ընդորում, ըստ նրա, ուսումնասիրվել է Դանիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ավստրալիայի եւ այլ երկրների միջազգային փորձը:

Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ նաեւ հայ-վրացական երրորդ իրավաբանական ֆորումը, որտեղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ դատական ​​համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը ՀՀ կառավարության կարեւոր նպատակն է, եւ դրան պետք է հասնել: «Հայաստանի կառավարության համար արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները շատ կարեւոր են, հատկապես բարեփոխումների արդյունքների հաստատագրման տեսանկյունից: Այս համատեքստում Հայաստանում կենսական նշանակություն ունի անկախ, կոռուպցիայից զերծ եւ հաշվետու դատական ​​համակարգը»,- մասնավորապես նշվել է ֆորումում: Դեկտեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովը վերջնականապես ընդունեց «Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ կենսաթոշակի մասին» օրենքը:

Ինչպես տեսնում ենք, անցնող շաբաթը նշանավորվեց այն քայլերի աննախադեպ աշխուժացմամբ, որոնք ուղղված են Հայաստանի ողջ իրավական համակարգը օրենսդրորեն փոփոխելուն՝ դատական ​​համակարգի չկոռուպացվածության եւ դատավորների անաչառության առումով: Ընդորում` հատուկ ուշադրություն է դարձվում ՍԴ բարեփոխումներին: Բոլորի համար ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանը` դատավորների ներկայիս կազմով եւ նրա նախագահով, չի կարողանա, ինչու չէ` նաեւ չի ցանկանա փոխել որոշումների կայացման անաչառության ու որեւէ մեկից անկախության նկատմամբ իր վերաբերմունքը, քանզի նրանց նշանակած պաշտոնատար անձինք ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների աշխատակազմից էին: Դրա փոխարեն առաջարկվում է ՍԴ դատավորներին վաղաժամկետ թոշակի անցնելու եւ նրանց հսկայական գումար վճարելու հնարավորություն ընձեռել:

Այստեղ բարոյական հարց է ծագում` իսկ կհամաձայնե՞ն արդյոք ինքնակամ-հարկադիր թոշակի անցած դատավորները տարիներ շարունակ ստանալ հայկական չափանիշներով բավական պատկառելի անաշխատ գումարներ` լավ իմանալով, որ դրանք հարկատուներիս փողերն են: Մի՞թե Հայաստանը, որ տարեկան մեկ անգամ աշխարհի համայն հայերից`Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի բնակիչներից, փշուր առ փշուր փող է հավաքում անհետաձգելի խնդիրները ֆինանսավորելու համար, ի վիճակի է այդքան առատաձեռնորեն վճարել գործազուրկ դատավորներին: Բայց ինչի՞ համար… «սիրուն աչքերի՞», թե՞ պետության թալանին նպաստելու համար:

Խոշոր հաշվով` դեռ հարց է, պե՞տք է իսկապես Հայաստանին Սահմանադրական դատարան, թե ոչ: Միջազգային սահմանադրական իրավունքի մեջ դասականորեն առանձնանում են դատական ​​համակարգի կառուցման հետեւյալ մոդելները` միահամակարգային եւ բազմահամակարգային: Առաջինում գոյություն ունի Գերագույն դատարանի գլխավորությամբ ընդհանուր իրավասության դատարանների միասնական համակարգը, որը միաժամանակ իրականացնում է բոլոր տեսակի դատական ​​գործընթացները՝ քրեական, քաղաքացիական, վարչական եւ սահմանադրական: Ընդորում` մասնագիտացված դատարաններ չեն ստեղծվում:

Այնպիսի երկրներում, ինչպիսիք են ՉԺՀ-ն, Ֆինլանդիան, Իսրայելը, Կանադան, Նիդեռլանդները, Բրազիլիան, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները եւ շատ ուրիշներ, դատական ​​սահմանադրական վերանայման ինստիտուտը լիովին բացակայում է: Սահմանադրական դատարանի բացակայությունը չի նշանակում, որ այս երկրներում խախտվում է Սահմանադրությունը: Օրինակ` վերցնենք Միացյալ Նահանգները, որի Սահմանադրությունն ընդունվել է 1787 թվականին եւ այդ ժամանակից ի վեր շատ բան չի փոխվել: Սակայն Սահմանադրական դատարանի բացակայության պայմաններում բոլորովին այլ կերպ են դիտարկվում Հիմնական օրենքի տառն ու ոգին: Ահավասիկ` ընդօրինակման արժանի փորձ:

Բազմահամակարգային կառուցվածքում՝ ընդհանուր իրավասության դատարաններից զատ, կա սեփական իրավասությունն ունեցող ինքնուրույն մասնագիտացված դատարանների մի ամբողջական համակարգ, որը չի տրամախաչվում ընդհանուր դատարանների իրավասությունների հետ: Ընդորում`որպես կանոն, առանձին ստեղծվում են սահմանադրական, վարչական, տնտեսական, ընտրական եւ այլ դատարաններ:

Հայաստանն այդքան հարուստ երկիր չէ, որպեսզի հսկայական գումարներ ծախսի Սահմանադրական դատարանի ամենամյա պահպանման համար: Մի կառույցի, որի օգտակար գործողության գործակիցն աննշան է: Իր գոյության ողջ ընթացքում ՍԴ-ն ծառայել է ոչ թե ժողովրդին, այլ օրվա իշխանություններին, եղել նրանց հլու-հնազանդ կամակատարը: Դատական համակարգի բարեփոխումների շրջանակում արժե վերանայել Սահմանադրական դատարանի լուծարման եւ նրա գործառույթները Բարձրագույն դատական խորհրդին փոխանցելու հնարավորությունը: Կարծում եմ՝ այդպես բոլորի համար շահեկան կլինի:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: