Հինգշաբթի, Հունվարի 23, 2020

Ազատ ամբիոն

Երեւանում անավարտ շինություններ չպետք է լինեն

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երեւանում անավարտ շինարարության խնդիրների մասին շատ է գրվել, սակայն այս հարցում ոչ մի առաջընթաց չի նկատվում, եւ առայժմ որեւէ քայլ չի ձեռնարկվել թերությունները վերացնելու ուղղությամբ: Երեւանը Հայաստանի հայելին է, եւ օտարերկրյա բազմաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր այցելում են մեր քաղաքը, հենց մայրաքաղաքով են դատում Հայաստանի մասին: Մինչդեռ մայրաքաղաքի ուղիղ կենտրոնում կան տասնյակ անավարտ բարձրահարկ շենքեր, շինության հիմքերի համար նախատեսված փոսորակներ, որոնք պարապուրդի են մատնված մոտավորապես 10-15 տարի: Քաղաքաշինության պետական ​​կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խոսքով՝ «Երեւանում, քաղաքի կենտրոնում, այդպիսի շատ օբյեկտներ կան: Չգիտես ինչու՝ դրանց կառուցումը կանգնեցված է: Երբ հարցնում ես սեփականատիրոջը, թե ինչու է շինարարությունը դադարեցվել, պատասխանում է՝ օբյեկտը դատավեճերի մեջ է»:

Կներեք, բայց ինչո՞ւ այդ անավարտ օբյեկտների տերերի լիակատար անփութությունից պիտի տուժեն մայրաքաղաքի բնակիչները: Ժամանակն է՝ լուծում տալ այս խնդրին, ընդորում՝ օրենսդրական մակարդակով: Ցանկացած ներդրող, ով ուզում է որեւէ շենք կառուցել, պարտավոր է ունենալ հաստատված նախագիծ`մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից կառուցելու թույլտվությամբ: Բայց, ցավոք, տեխնիկական նախագծում չի նախատեսված հատուկ սյունակ, որտեղ հաշվարկներ ներկայացվեին շինարարության տեւողության եւ շինարարության սկզբի ու ավարտի ժամկետների վերաբերյալ: Այն չափանիշներով, որոնք գոյություն ունեին երկար տարիներ՝ եւ այժմ էլ այդպես է, եթե ինչ-որ մեկը քաղաքապետարանից շինարարության թույլտվություն է ստացել, տարածքի այդ հատվածը միանգամից փոխանցվում է կապալառուին: Նա կարող է մաքրել տարածքը, փորել խոր փոսերը, պարսպապատել եւ այդ վիճակում երկար տարիներ սառեցնել շինարարությունը: Դժբախտաբար, դրանից հետո ոչ ոք իրավունք չունի նրան որեւէ բան ասել, քանի որ մարդը շինարարության թույլտվություն ունի: Շատ դեպքերում (եթե պետական ​​նշանակության օբյեկտ չէ) դա արդեն կապալառուի սեփականությունն է:

Օբյեկտների կառուցման մասին նոր օրենքում՝ անկախ դրանց նշանակությունից, պետք է հստակ նշված լինեն շինարարության ժամկետները: Նախագծում պետք է գրված լինի, որ շինարարությունը սկսվում է այսինչ ամսաթվից եւ շահագործման է հանձնվում այսինչ ամսաթվին: Հակառակ դեպքում՝ օբյեկտը շահագործման հանձնելու յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար կառուցապատողը կամ սեփականատերը պետք է տուգանք վճարի քաղաքապետարան: Նախատեսված ժամկետը գերազանցած որոշակի ժամանակահատվածից հետո (օրինակ՝ 6-ից 12 ամիս), կառույցը կարող է փոխանցվել քաղաքապետարանի տրամադրության տակ, եւ վերջինս էլ կորոշի, թե ում վերավաճառել կամ մրցութային կարգով գտնել մեկ այլ կառուցապատողի, ով ավարտին կհասցնի այն: Այստեղ կարելի է օգտագործել առեւտրային բանկերի փորձը, որն իբրեւ վարկը ժամանակին չմարելու տույժ, բռնագրավում է փոխառուի գրավադրած գույքը:

Ձեռքի տակ ունենալով նման օրենք՝ քաղաքապետարանը կկարողանա ավարտին հասցնել տասնյակից ավելի բազմաբնակարանային շինությունների կառուցումը եւ հիփոթեքային վարկերով բնակարանների կարիք ունեցող մարդկանց բնակեցնել այնտեղ: Օրինակ (իսկ օրինակները շատ են)՝ Խանջյան փողոցում, Վերնիսաժի մոտակայքում, կանգնեցված է հսկայական բազմաբնակարանանոց մի բարձրահարկ շենք: Վաղուց ավարտվել է շինարարության մոտ 85 տոկոսը, բայց կառույցը տեղից չի շարժվում արդեն ավելի քան տասը տարի: Հարցն անիմաստ չէ: Քաղաքապետարանն Արդարադատության նախարարության աջակցությամբ ի վիճակի է մշակել անավարտ շինարարության վերաբերյալ օրենսդրություն եւ այն ներկայացնել Ազգային ժողովի հաստատմանը: Դրանից կշահեն ինչպես մայրաքաղաքի բնակիչները, այնպես էլ Հայաստան այցելող բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Երեւանում՝ առավել եւս նրա կենտրոնում ու տեսարժան վայրերում, անավարտ շինություններ չպետք է լինեն:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am