Հինգշաբթի, Մայիսի 02, 2024

Վերլուծական

Եկեղեցի եւ իշխանություն. Փաշինյանը վախենում է եկեղեցու ստվերից

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Արդեն ավելի քան ակնհայտ է, որ գործող իշխանության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջրերը մեկ առվով չեն գնում: Երկրի երկու կարեւոր հաստատությունների միջեւ անհամերաշխության, երկպառակության որոմը գլուխ էր բարձրացրել դեռ 2018-ի «թավշյա» իշխանափոխությունից հետո, երբ որոշ ժամանակ անց պարզվեց, որ փողոցից եկած ՔՊ-ական «անհայրենիքներն» առաջնային կարգով խոցելիք երեք նշանակետ ունեն՝ եկեղեցի, բանակ, դպրոց: Սրանք պետությունը ներսից թուլացնելու երեք հիմնասյուներն են, որոնց քանդման գործընթացը հետեւողականորեն շարունակվում է մինչեւ օրս:

Բայց նախքան եկեղեցուն եւ իշխանություն-եկեղեցի հարաբերություններին մանրազնին անդրադառնալը՝ երկու խոսք հայկական բանակի ու դպրոցի մասին: Հարավկովկասյան  տարածագոտում ամենամարտունակը ճանաչված բանակի դեմ նորահայտ իշխանությունն իր «արշավը» սկսեց 1992-94 թթ. Արցախա-ադրբեջանական պատերազմի հերոսներին վարկաբեկելուց, զազրելի թշնամու նկատմամբ տարած փայլուն հաղթանակն արժեզրկելուց, ինչպես նաեւ Արցախի ինքնորոշման իրավունքն օրինական հանրաքվեով իրացրած հայրենասեր գործիչների անունները մրոտելուց:

Հալածանքների առաջին զոհը, որի հանդեպ իշխանությունն ամենատմարդի միջոցների գնաց, արժանահիշատակ գեներալ, Արցախի պանծալի հերոս Մանվել Գրիգորյանն էր: Հետո շարունակվեց Զինված ուժերի աստիճանական փլուզումը՝ բանակն անվանարկելու, փորձառու զինվորականներին, լավագույն սպաներին հեռացնելու, ոմանց կալանավորելու միջոցով: Ռազմաքաղաքական ղեկավարությունը հետպատերազմյան ավելի քան երեք տարիները չօգտագործեց ի նպաստ բանակի վերազինման, առաջնագծերի կահավորման, զենքի ձեռքբերման, զինուժի մարտունականության բարձրացման, զորավարժանքների պատշաճ անցկացման եւ, ընդհանրապես, համակարգի խորքային բարեփոխումների:

Դպրոցի անմխիթար վիճակի մասին շատ է խոսվել,- չարժե անտեղի ժամանակ վատնել,- բայց, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվել: Այն, ինչ այժմ տեղի է ունենում է կրթական համակարգում, հատկապես հումանիտար առարկաների դասագրքերի մասով, վեր է ամենամռայլ պատկերացումներից: Դպրոցական ծրագրից դուրս են մնացել Հայոց եկեղեցու պատմության եւ Նախնական ռազմական պատրաստության առարկաները, 5-րդ եւ 7-րդ դասարանների Հայ ժողովրդի պատմության ձեռնարկներից հանվել են տարբեր ժամանակաշրջանների հայոց պատմության հերոսական դրվագները, նշանավոր պատմական դեմքերն ու դեպքերը: Սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ոգին իսպառ դուրս է մղվել դպրոցից:

Հիմա գանք բուն թեմային՝ եկեղեցուն եւ շուրջեկեղեցական զարգացումներին, որոնց առիթը «Հ1»-ով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձի չհեռարձակման աննախադեպ իրողությունն է: Հանրային հեռուստաընկերությունը, ըստ էության, հրաժարվել է Կաթողիկոսի Նոր տարվա խոսքը հրապարակել կեսգիշերից առաջ, ինչպես ամեն տարի: Փոխարենը Հանրայինը, ըստ Մայր Աթոռի տեղեկատվականի, առաջարկել է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը «Մայր Աթոռի կողմից ոչ պատշաճ է նկատվել եւ մերժվել: Տասնամյակներ շարունակ Կաթողիկոսի խոսքը եթեր է գնացել առաջինը, հիմա ի՞նչ է փոխվել:

«Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռեւս Վազգեն Առաջին Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը»,- հիշեցնում է Էջմիածինը՝ հասկանալ տալով, որ ՀՀ կառավարություն-Մայր Աթոռ հակասության հիմքում ամանորյա ուղերձների թողարկման ավանդական կարգի խախտումն է: Կառավարության ղեկավարը խախտել է ավանդույթը՝ «մտնելով» Վեհափառի «ժամի» մեջ եւ համարելով, որ Հայաստանն աշխարհիկ պետություն է, ուստիեւ տարեմուտի առաջին խոսքը երկրի առաջին դեմքինն է:

Փաշինյանը երբեք չի թաքցրել իր բռնապետական հակումները: Ժողովրդավարության լարի վրա խաղալով՝ նա սիրում է ձեռքում կենտրոնացնել ոչ միայն հավելյալ իրավունքներ ու արտոնություններ, այլեւ «իրենով անել» սահմանադրորեն իշխանության մյուս թեւերին, նույնիսկ Դոնթի բանաձեւով ընդդիմությանը պատկանող ինչ-ինչ իրավասություններ եւ գործառույթներ, օրինակ՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների որոշակի թվով նախագահների, փոխնախագահների, ինչպեսեւ ԱԺ խորհրդի անդամների պաշտոնները: Չմոռանանք նաեւ, որ իրապես ժողովրդավար երկրներում սովորաբար ընդդիմությանն են բաժին հասնում ԿԸՀ-ի նախագահի, ՄԻՊ-ի եւ էլի ուրիշ «թեթեւ ժանրի» պաշտոններ:

Մեր երկիրը, անկեղծ ասած, ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունի: Նախկինում սուպերվարչապետությունից բողոքող ընդդիմադիր Փաշինյանը՝ գալով իշխանության, բոլոր նախկիններին տվեց-անցավ: Կարճ ժամանակում նա բուռը հավաքեց իշխանության գործադիր, օրենսդիր եւ դատաիրավական համակարգերը, ապաեւ բռնապետի մոլուցքով տիրացավ հնարավորինս լայն իրավասությունների: Բոլորովին վերջերս էլ նույնիսկ ՀՀ նախագահից «թռցրեց» ԱԱԾ տնօրենին ու նրա տեղակալներին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու լիազորությունը՝ այն թյուր հիմնավորմամբ, թե ԱԱ ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է:

2018-ի հուլիսին նա հայտարարում էր, թե վարչապետի լիազորությունների նվազեցման ուղղությամբ լրջագույն քայլեր ձեռնարկելու մտադրություն է առկա։ Հետո պարզվեց, որ մտադրություն եւ ցանկություն առկա են, իսկ քայլեր՝ բացակա: Այսինքն՝ քայլեր արվում են, բայց՝ հակառակ ուղղությամբ. Փաշինյանը ջանք ու եռանդ չէր խնայում ամրացնելու եւ անառիկ պահելու իր սուպերվարչապետական միջնաբերդը, ինչում նրան ու ՔՊ-ական իր խմբակին ըստամենայնի աջակցում են ծախու ուժայինները՝ ոստիկանությունը, քննչական մարմինները եւ բոլոր աստիճանների դատարանները՝ երջանիկ բացառությունները չհաշված:

Այդպիսով՝ վարչապետ աշխատող անձի լիազորությունների ու իրավասությունների շրջանակները սկսել են լայնանալ, եւ այժմ հերթը հասել է Կաթողիկոսարանին, որից, կարծես թե, «պոկելու» բան չունի, բայց որի հանդեպ յուրահատուկ խանդ է զգում կամ, միգուցե, վախ՝ հենց եկեղեցուց, անգամ նրա ստվերից: Ակնհայտ է, որ ՔՊ իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի գահավիժող վարկանիշի հենքին Վեհափառ Հայրապետի ու եկեղեցու վարկանիշն անհամեմատ բարձր է, ինչն էլ ամենաշատն է մտահոգում նրան: Միայն միտքը, որ ՀՀ-ում կա իրենից բարձր հեղինակություն ունեցող ուրիշ մեկը, Փաշինյանին բարոյահոգեբանորեն ոչնչացնում է:

Ընդհանրապես՝ Առաքելական եկեղեցու եւ գործող իշխանության հարաբերություններն ամենասկզբից էլ վատ դասավորվեցին՝ Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ ՔՊ-ական խմբակի նախահարձակ պահվածքի պատճառով: Իսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ հանրային ցնցումները կանխելու նպատակով Կաթողիկոսը պարտված վարչապետին հորդորեց հրաժարական տալ, տարաձայնություններն ավելի սրվեցին։ Երկու կողմում էլ գտնվեցին «կրակին» յուղ լցնողներ. մի կողմում եկեղեցու վարկը հանրության աչքում գցող նիկոլականներ, մյուսում՝ ընդդիմության ցույցերին Փաշինյանի հրաժարականը պահանջող որոշ հոգեւորականներ:

Կաթողիկոսն ու վարչապետը վերջին չորս տարում համատեղ միջոցառումների չեն մասնակցում։ Փաշինյանը վերջին անգամ Կաթողիկոսի մատուցած պատարագին ներկա է գտնվել 2020-ի հունվարի 6-ին։ Այս ընթացքում Մայր աթոռը հրապարակավ դժգոհել է Հայոց եկեղեցու պատմության դասագիրքը դպրոցական առարկաների ցանկից հանելուց, իսկ իշխանության ներկայացուցիչները շարունակել են կոշտ արձագանքել եկեղեցուն: Այսօր եկեղեցին չի հրաժարվել վարչապետի հրաժարականը պահանջելու մտքից, իսկ Փաշինյանը՝ գործող հովվապետի փոխարեն եկեղեցում «իր մարդուն» տեսնելու ցանկությունից:

Ահա այսպես էլ ապրում ենք. մի կեսս՝ անիշխան ու անհայրենիք, մյուսս՝ անկրոն ու անհավատ…

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: