Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Գլոբալիստներ եւ ազգայնականներ. ո՞ւմ բաժին կհասնի առաջատարի դափնին

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Կա տիրապետող տեսակետ, թե ներկայի վերլուծության եւ ապագայի որոշակի կանխատեսման ակադեմիական ուսումնասիրության տեսանկյունից խիստ կարեւոր են անցած պատմական ուղու վերաիմաստավորումն ու գնահատումը` թույլ տրված սխալներից դասեր քաղելու եւ ապագայում դրանցից խուսափելու համատեքստում։ Պետք է նշել, որ հայկական իրականությունում այս առումով անարդարացիորեն գրեթե միշտ կարեւորվել է միայն սեփական պատմությունը` անուշադրության մատնելով համաշխարհային պատմության հարուստ փորձը, նրա արժեքավոր դասերը։ Մինչդեռ, ինչպես պնդում են բազմաթիվ հետազոտողներ, առանց համաշխարհային պատմության հղացքի փիլիսոփայությունն ըմբռնելու, անհնար է ամբողջության մեջ հասկանալ եւ հատկապես քաղաքագիտական դիտանկյունից վերլուծել հայ ժողովրդի պատմությունը կամ ուսւմնասիրության կարոտ ցանկացած այլ նյութ։ Ասվածն առավել պատկերավոր ներկայացնելու համար բերենք ընդամենը մեկ օրինակ: Մեր թվարկության II-III դարերում Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները հասկանալու, դրանց խորքային էությունն ու պատճառահետեւանքային կապը վերհանելու համար ուղղակի անհրաժեշտություն է գիտավերլուծական լուրջ ուսումնասիրության ենթարկել ինչպես տվյալ շրջանի աշխարհաքաղաքական նշանակության անցուդարձերը, այնպես էլ  դրանց հիմնական դերակատարների` Հռոմեական կայսրության եւ Պարթեւական (Սասանյան) թագավորության կենսագործունեության առանցքային ուղենիշներն ու միտումները։

Նույն սկզբունքն է գործում նաեւ մեր օրերում: Դժվար է պատկերացնել, որ կարելի է ներհայաստանյան` մասնավորապես քաղաքական կյանքի նորօրյա անցքերը քննել՝ առանց հաշվի առնելու արտաքին աշխարհից եկող տարաբնույթ եւ բազմավեկտոր ազդակները։ Այս տեսանկյունից հետաքրքրական է ներքաղաքական կյանքի այն դիսկուրսը, որն առնչվում է գլոբալիստներին կամ, ժողովրդի լեզվով ասած, սորոսականներին եւ ազգայնականներին կամ, եթե կուզեք, վերջիններիս կարելի է նաեւ պահպանողականներ անվանել։ Միայն այս խնդրի պարագայում արդեն իսկ ցայտուն կերպով դրսեւորվում է արտաքին աշխարհի բեւեռներից մեկի՝ ամերիկյան (արեւմտյան) աշխարհաքաղաքականության ազդեցությունը հայաստանյան իրականության ու քաղաքական դաշտի օրակարգերի ձեւավորման գործընթացների վրա։ Ասել կուզի, որ ազգայնականների եւ գլոբալիստների միջեւ նույնաբովանդակ պայքար այսօր ընթանում է նաեւ հենց ԱՄՆ-ում։ Եվ առաջիկա ընտրությունները կկանխորոշեն հակադիր այդ ուժերից որեւէ մեկի հաղթանակը առնվազն առաջիկա չորս տարիների ընթացքում։ Նկատենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն, ի դեպ, ներկայացնում է «Հանրապետական» կուսակցությունը, կառավարման առաջին ժամկետում հանդես է եկել իբրեւ ամերիկյան ազգայնական ուժերի շահերի մոլի արտահայտիչ։ Իսկ նրան նախորդած նախագահները, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ, պաշտպանում էին գլոբալիստական ուժերի շահերը։

Ամերիկյան գլոբալիստական ուժերը` ի դեմս մի շարք անդրազգային, կորպորատիվ ֆինանսաբանկային խոշորագույն կազմակերպությունների (օրինակ` Համաշխարհային բանկը) իրենց քաղաքական ուղեգծի հիմքում դրել են ազգությունների ինքնութենականության բաղադրիչների վերացումը եւ աշխարհով մեկ մշակութային, քաղաքական, տնտեսական, բարոյական, նորմատիվային կանոնների համահարթեցումը։ Այս մոտեցումը` որպես արդյունք, ենթադրում է այնպիսի մի իրավիճակի ստեղծում, երբ աշխարհում այլեւս չեն լինի առանձին պետություններ, որոնց էլ կփոխարինի համաշխարհային հասարակությունը։ Սակայն գլոբալիստական տեսության համաձայն` համաշխարհային հասարակություն կոչված այս միատարր միջավայրի համակեցության նորմերը բոլոր ոլորտներում պետք է մշակվեն ու վերահսկվեն համաշխարհային էլիտայի կողմից, որը հանդես է գալու բացառապես ֆինանսավաշխառուական կապիտալի տեսքով։

Ապագայի աշխարհակարգի գլոբալիստական այս տեսլականին ընդդիմանում են ամերիկյան ազգայնականները։ Վերջիններս կողմնակից են ազգայնական ուժեղ էլիտայի գլխավորությամբ ամերիկյան ազգային-իմպերիալիստական հզոր կայսրության պահպանմանը։ Ամերիկյան ազգայնականները` ի դեմս Թրամփի, դեմ են գլոբալիստական գաղափարների տարածման նպատակով աշխարհով մեկ ամերիկյան կապիտալի արտահանմանը` դրա փոխարեն առաջարկելով ողջ ուշադրությունը սեւեռել ամերիկյան տնտեսության հզորացման եւ ազգային պետություն կերտելու գործընթացի ուղղությամբ։ Նշենք նաեւ, որ` կախված վերոնշյալ հոսանքների ուժերի հարաբերակցությունից, մերթընդմերթ փոխվել եւ փոխվում է ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականության բնույթը: Այն դեպքում, երբ առավելությունն անցնում է գլոբալիստների կողմը, ԱՄՆ-ը կիրառում է ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն՝ մեր օրերում հիմնականում հենվելով «Soft power»- ի ռազմավարության վրա, իսկ առավելությունը ազգային իմպերիալիզմի կողմնակիցներին անցնելու պարագայում ԱՄՆ-ը առավելապես կենտրոնանում է իր ներքին խնդիրների ու ներքաղաքական դժվարությունների հաղթահարման վրա՝ արտաքին ակտիվ քաղաքականության մեջ ամենեւին չանտեսելով ազգային իմպերիալիստական շահը։

Ամփոփելով` կարող ենք արձանագրել, որ ներքին ամերիկյան այս հակամարտությունն իր ազդեցության եւ նշանակության տեսանկյունից կրում է համաշխարհային բնույթ։ Սակայն համաշխարհային պատմության վերջին երեսնամյակի ուսումնասիրությունը, ըստ իս, գալիս է հիմնավորելու այն փաստը, որ մի շարք պետությունների ղեկավարությունների, այսպես ասած, համակրանքը ամերիկյան ազգայնական ուժերի կողմն է։ Եվ սա մի պարզ պատճառով. թեպետ ամերիկյան ազգային իմպերիալիզմի հաղթանակը նրանց համար չի բացելու «դրախտի դարպասները», սակայն առնվազն չի վտանգելու սեփական ինքնութենականության, ազգային արժեքների եւ, ընդհանրապես, տեսակի գոյությունը։ Ամերիկյան ազգային իմպերիալիզմի հաղթանակի պարագայում ԱՄՆ-ը միանշանակ չի դադարեցնելու պայքարը համաշխարհային հումքի աղբյուրների եւ սպառման շուկաների համար, սակայն հրաժարվելու է համաշխարհային համահարթեցման գաղափարից։ Այլ կերպ ասած՝ մնացյալ աշխարհի համար ամերիկյան ազգային իմպերիալիզմի հաղթանակը դիտարկվում է իբրեւ «չարյաց փոքրագույնը»։

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխանական վերնախավի համալրման գործընթացի ու փոխակերպման վերլուծությունը մեզ թույլ է տալիս հիմնավորապես պնդելու, որ գլոբալիստական ուժերի ազդեցությունը մեզանում բավական մեծացել է։ Սակայն Հայաստանում, այսպես կոչված, գլոբալիստների հովանավորյալների ապագան մեծապես կախված է Միացյալ նահանգների առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներից։ Բնականաբար, գլոբալիստներն իրենց հաղթանակի դեպքում կշարունակեն ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մյուս երկրներում աջակցել իրենց հովանավորյալներին` իշխանության հասնելու կամ արդեն գրաված իշխանությունը պահպանելու գործում, որպեսզի կարողանան նրանց միջոցով իրականացնել համաշխարհային համահարթեցման իրենց վերջնական նպատակը։ Հակառակ պարագայում` այսինքն գլոբալիստների պարտության դեպքում, վերջիններիս հովանավորյալները կանգնելու են շատ բարդ խնդիրների առջեւ` բախվելով տեղական ազգայնական ուժերի եւ, ընդհանրապես, գլոբալացմանը դեմ բոլոր հոսանքների կողմնակիցների կոշտ հակադարձմանը։ Մեր երկրի պարագայում գլոբալիստների հովանավորյալների դրությունն էլ ավելի է վատանալու, քանզի ներքին դիմադրությունից բացի, նրանք առճակատվելու են արտաքին այն բեւեռների հետ, որոնք ոչ միայն ընդգծված հակագլոբալիստական տրամադրություններ ունեն, այլեւ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, իրենց ազգային շահերից ելնելով` մշտապես ձգտել են Հայաստանի Հանրապետությունը կամ առնվազն նրա զբաղեցրած տարածքը պահել իրենց քաղաքական, ինչու չէ, նաեւ քաղաքակրթական ազդեցության ներքո: Խոսքն, առաջին հերթին, Ռուսաստանի եւ Իրանի մասին է։

Այսպիսով՝ ինչպես տեսանք, ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններն այս առումով չափազանց մեծ հետաքրքրություն են ներկայացնում մեզ համար, ընդ որում՝ ոչ թե զուտ հետաքրքրասիրության դիտանկյունից, այլ սեփական պետության ներքաղաքական զարգացումները կանխատեսելու առումով։

 

Հայկ Փայտյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: