Անկախ պետականակերտման հիմնահարցերի շուրջ նոյեմբերի 8-ին ես ելույթ ունեցա Երեւանում կազմակերպված՝ «Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության» ֆորումում, որի տեսանյութը տեղադրել էի իմ Facebook-ի էջում: Ցավոք, տեսանյութի ձայնային հնչողությունը շատ վատ որակի է, ինչը դժվարացնում է տեքստի ընկալումը: Ավելին՝ ելույթիս սկիզբը (մոտավորապես 10 տոկոսը) բացակայում էր տեսանյութից, ինչը թույլ չէր տալիս դիտողներին հստակորեն հասկանալ ներկայացված քաղաքագիտական հասկացության էությունն ու արդիականությունը: Հետեւաբար՝ որոշեցի համառոտակի մեկնաբանել ելույթս եւ ներկայացնել բացակայող մասը։
ՀՀ հազարավոր քաղաքացիներ զոհաբերեցին իրենց կյանքն այս ընտրության համար՝ վստահ լինելով իրենց ընտրության ճշմարտացիության մեջ: Սակայն փորձը ցույց է տվել, որ ազգերը միշտ չէ, որ ի վիճակի են բավարար ջանքեր գործադրել իրենց ընտրությունը լիովին պաշտպանելու համար: Պետության ընտրված մոդելի վերաբերյալ վստահ համաձայնություն չկար: Շատերը մնացին պատմականորեն պայմանավորված կեղծ համոզմունքների գերի: Առաջացավ ինքնորոշման եւ հաղթանակի վախ: Ավելի վատն այն էր, որ շատ քաղաքացիներ նոր պետականության մեջ տեսնում էին միայն իրենց անձնական կյանքն ուրիշների հաշվին ապահովելու հնարավորություն:
Պետականաշինության փիլիսոփայությունը սկսեց արագորեն փլուզվել, եւ ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին հրաժարվել սեփական պետական ճշմարտությունից՝ նախընտրելով մասնակցել արտաքին ուժերի օրակարգին եւ փնտրել արտաքին հովանավորներ։ Սկսվեց մեր ժողովրդի ընտրության միտումնավոր արժեզրկումը՝ այն դիտարկելով որպես արտաքին ուժերի խարդավանքների արդյունք։ Այլ կերպ ասած՝ սկսվեց սեփական ընտրության ինքնաոչնչացումը, եւ հաստատուն կերպով ամրապնդվեց ընտրված ուղու անհուսության գաղափարը։ Ընտրած ուղու պարտությունը երաշխավորված էր, ինչը իրականություն դարձավ 2020-ականների սկզբին։
Հենց այստեղից էլ սկսեցի իմ ելույթը, որի մեջ, ի մասնավորի, արծարծված է այն գաղափարը, որ պետությունը սոցիալ-քաղաքական երեւույթ է եւ նրա արժեքը գերազանցում է այն կազմավորող քաղաքացիների կյանքի արժեքը: Պետականության փիլիսոփայությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ լիովին պահպանելով պետության կողմից սահմանված օրենքները, պարտավոր է երդվել իր կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին՝ իր պետությունը պաշտպանելու համար: Համաձայնվելով ընդունել այդ պետությունից անձնագիր՝ քաղաքացին չի կարող հրաժարվել զինվորական ծառայությունից եւ, նույնիսկ, կարող է պատժվել իր պետության բանակում ծառայելուց հրաժարվելու համար։
Ինչպես տեսնում ենք, պետությունը ապաստարան չէ անվճար պաշտպանություն փնտրող թույլերի համար: Այն մի հաստատություն է, որը պահանջում է զոհաբերություն իր քաղաքացիներից: Հետեւաբար, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի վստահ լինել, որ իր պետությունն արժանի է նման զոհողության: Այսինքն՝ նրանք պետք է վստահ լինեն, որ իրենց զոհաբերությունը խոր իմաստ ունի: Նման վստահություն է ի հայտ գալիս միայն այն ժամանակ, երբ նրանք զգում են անխզելի կապ պետության եւ արդարության ու արժանապատվության իրենց սեփական տեսլականի միջեւ։
ԽՍՀՄ վերջին տարիներին այդ պետության երկու ազգային-տարածքային կազմավորումների հայ ժողովուրդը որոշեց միավորվել մեկ պետության մեջ՝ դրանում տեսնելով իրենց ազգային կյանքի արդարացի կենսակերպը: Խորհրդային միության սահմանադրության վերացման պայմաններում սա արդարացի կենսակերպ հաստատելու ամենալավագույն ընտրությունն էր:
Մանվել Սարգսյան

