Արցախյան շարժումը բոլորեց իր 30-ամյակը: Հատկանշական է, որ 88-ի իրադարձությունների նշանակության հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է, իսկ Շարժման 30-ամյակին այն հասավ աննախադեպ չափերի: Եվ դա հասկանալի է՝ նոր սերունդ է մեծանում, փորձում է հասկանալ նախորդի հաջողության ակունքները եւ, բացի դրանից, վերաիմաստավորման հարցը, կարծես թե, արդիականանում է: Հուսով եմ, որ ամեն տարի այս միտում կշարունակվի, եւ դա իմաստ ունի: Ինչո՞ւ: Որովհետեւ շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչպես եղավ, որ Շարժման հաջողությունից հետո մենք մտանք անհաջողությունների մի անվերջանալի շրջափուլի մեջ:
Այսինքն՝ Ղարաբաղն ազատագրեցինք, բայց իրավունքները մնացին չճանաչված՝ դա մեկ, Հայաստանի նորանկախ պետականության առջեւ մեծ խնդիրներ ծագեցին, որոնք իրենց հետեւից բերեցին անհաջողությունների նոր շարան՝ կապված մասնավորապես ներքաղաքական պայքարի վայրիվերումների հետ: Գաղտնիք չէ, որ տարիներ ու տասնամյակներ շարունակ այդ պայքարը որեւէ լուրջ փոփոխություններ այդպես էլ չարձանագրեց:
Ի՞նչ անել: Նախեւառաջ կարեւոր է՝ տեսնել հաջողության բանաձեւը, հասկանալ, թե ինչպես կոփվեց երեսնամյա վաղեմության հաղթանակը: Ոմանք զարմանում են՝ տեսնելով, որ սա վերջին հարյուրամյակների ընթացքում մեր ժողովրդի թերեւս միակ փորձն էր, որտեղ հստակ ձեւակերպվեց խնդիրը եւ լուծվեց: Նմանատիպ պայքարի աներկբա հաջողության են հասել նաեւ մի շարք այլ ժողովուրդներ, որոնք լրջագույն փոփոխությունների միջոցով իրենց երկրները դուրս են բերել թռիչքաձեւ զարգացման ուղի: Նրանց փորձն ու մարտավարական հնարքներն ուսումնասիրելու նպատակով մենք բազմաթիվ հետազոտություններ ու համեմատական վելուծություններ են կատարել եւ եկել որոշակի եզրահանգումների:
Միանգամից ասեմ, որ սխալ է բավական մեծ տարածում գտած այն տեսակետը, թե Խորհրդային Միությունը փլուզվում էր, եւ մենք ակամա ստացանք մեր անկախությունը՝ գրեթե որպես նվեր: Այո, Միությունը փլուզվում էր, բայց Ադրբեջանն, օրինակ ոչինչ չստացավ, մեր մյուս հարեւան Վրաստանը նույնպես չստացավ, մենք ստացանք: Համենայն դեպս՝ ստացանք այն, ինչ ուզում էինք: Սրանից հարյուր տարի առաջ, բոլորդ գիտեք, փլուզվել էր մեկ այլ բավական տպավորիչ տերություն՝ Օսմանյան կայսրությունը: Եվ ի՞նչ մենք ստացանք այն ժամանակ: Ոչինչ: Իսկ ավելի ստույգ՝ դատարկ երկիր, որը բնակեցված էր ուրիշ ժողովրդով: Համազգային մեծագույն աղետն էլ չասած:
Ոչինչ հենց այնպես չի լինում: Այո, լինում են փլուզումներ, փոփոխվող իրավիճակներ, բայց դրանցից ամեն ժողովուրդ ստանում է այն, ինչին արժանի է: Այս անգամ մենք այսքանին էինք արժանացել մեր գործողությունների, նաեւ ջանքերի շնորհիվ, այն մյուս դեպքում՝ նշածս ցավալի հետեւանքներին, մեր անգործունեության եւ սխալ պահվածքի պատճառով: Ահա պատմությունից բերված խոսուն օրինակներ՝ երկու փլուզում, երկու տարբեր արդյունք:
Հիմա գանք ամենաառանցքային խնդրին՝ ո՞րն էր 88-ի ֆենոմենը: Եթե հակիրճ՝ ապա դա Շարժման հիմքում դրված երկու հիմնական գործոն էր՝ հարցի դրվածքը (կամ հարցադրումը) եւ պայքարի մեթոդաբանությունը: Հաջողության բանաձեւի երկու անքակտելի թեւերը: Իհարկե՝ կային ոչ պակաս կարեւոր այլ գործոններ եւս՝ նպատակի հստակեցում, պահի ճիշտ ընտրություն եւ այլն, բայց գործընթացի արդյունավետության խարիսխը վերը նշված զույգ եզրերն են: Քաղաքական առումով պահը նպաստավոր էր, եւ Շարժման սաղմնավորման շրջանում մենք դատում էինք հետեւյալ կերպ. քանի որ այս երկիրն իր ներսից հայտարարել է, որ անարդար է վիճակը եւ պետք է վերակառուցել երկիրը, ուրեմն ստեղծված իրավիճակում կարելի է լեգալ խոսել անարդարությունների մասին, պահանջներ դնել, արդար լուծումներ առաջարկել, վերականգնել մարդկանց իրավունքները:
Այսինքն՝ գորբաչովյան վերակառուցումը, ժողովրդավարացումը, բացախոսությունն ու հրապարակայնությունը թույլ էին տալիս բաց շարժում ձեռնարկել, որը բնույթով ազգային-ազատագրական էր, եւ բացեիբաց խոսել տասնամյակների ցավոտ խնդիրների մասին: Բնականաբար՝ շատ դժվար էին մարդիկ դա հասկանում, բոլորդ գիտեք Խորհրդային Միության այդ համախտանիշները, այդ սարսափը: 80-ական թվականների վերջին մարդիկ ապրում եւ դատում էին 30-ականների մտածելակերպով: Ի՞նչ է նշանակում «թուղթ ստորագրել», ի՞նչ է նշանակում կուսակցությանը պահանջներ ներկայացնել՝ ահավոր մթնոլորտ էր տիրում: Եվ, չնայած դրան, բացահայտ պայքարի գաղափարը հաջող անցավ ժամանակի փորձությունը՝ ապացուցելով այդպիսի մարտավարություն ընտրելու իրավացիությունը:
Երկրորդ՝ պայքարը պիտի հիմնված լինի խորհրդային Սահմանադրության վրա, պիտի լինի սահմանադրական բաց շարժում: Եվ երրորդ՝ Շարժումը պետք է տեղավորվի պետությունում հռչակված վերակառուցման ծիրում: Սա էլ շատ էական էր: Մի խոսքով՝ սահմանադրական բաց շարժում՝ վերակառուցման դրոշի տակ: Այդքանից հետո հստակ նպատակ դրվեց, որպեսզի խնդիրը քաղաքականացվի: Եվ այդպես էլ արվեց՝ չնայած հակառակը պնդողներ նույնպես կային:
Կարծիքներ էին հնչում, թե հակասություններ կան Սահմանադրության հետ, թե խնդիրը երկիրը դեմոկրատացնելն է, այլ ոչ՝ ամենաթողությունը, թե Շարժումը կարող է որպես ազգայնական դիտվել եւ այլն, եւ այլն: Առաջին իսկ օրերից այս խոսակցություններն անընդհատ կային: Բայց, կարծում եմ, դա խնդիրը խորապես չըմբռնելուց էր: Ղարաբաղյան շարժումը, ինչպես նշվեց, էությամբ ազգային-ազատական էր, բնույթով՝ ժամանակի ամենադեմոկրատական շարժումը երկրում՝ թե՛ հարցադրմամբ, թե՛ մեթոդաբանությամբ: Այսինքն՝ զանգվածային ազատ հանրահավաքներ էին ընթանում, ցանկացած քայլ պարտադիր արվում էր պետական որոշումների հիման վրա: Գործող իշխանություններին պարտադրանքը գալիս էր ներքեւից՝ ժողովրդից, որպեսզի ընդունվեն ու կատարվեն այն որոշումները, որոնք ժողովուրդը դնում էր սեղանին: Դրանից հզոր դեմոկրատիա ո՞վ է տեսել:
Այո, ժողովուրդն էր ստիպում տեղի իշխանություններին: Առաջին օրվանից մի խնդիր էին առաջ քաշել, թե եկեք Կարեն Դեմիրճյանին հանենք՝ բոլոր հարցերը կլուծվեն: «Ղարաբաղ» կոմիտեն խնդրին այլ կերպ էր նայում: Մենք պետական պաշտոնյաներին՝ լինի Դեմիրճյանը, ՊԱԿ-ի ղեկավար Մարիուս Յուզբաշյանը, թե մեկ ուրիշը, չէինք տարանջատում ժողովրդից: Մարդիկ Հայաստանի պետական գործիչներն են՝ վերջ, իրենք էլ պիտի այս հարցերը լուծեն: Ժողովուրդը պիտի պահանջի՝ իրենք էլ լուծեն: Նրանց առջեւ դրված խնդիրը հետեւյալն էր. այսինչ-այսինչ հարցերը գնացեք, լուծեք, եթե ոչ՝ մենք ենք լուծելու, մենք ստիպելու ենք ձեզ լուծել: Այսպես էր դրված: Համախմբված ժողովուրդը հսկայական ուժ էր, նրա օրինական պահանջը դժվար էր անտեսել: Հետո եկավ այն բանի գիտակցումը, որ «սահմանադրական շարժում» եզրը սոսկ բառեր չեն, եւ որ սահմանադրական մեխանիզմների օգտագործումն է ճանապարհը: Եվ սկսեցին օգտագործվել՝ մարդիկ ստորագրություններ էին հավաքում, իրենց պահանջներն առաջ քաշում, այնուհետեւ արդեն կոլեկտիվները սկսեցին ստորագրություններ հավաքել, հետո ճնշումներ եղան, որ չթույլատրեն, սակայն այդ ճնշումներն էլ հաղթահարվեցին եւ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղում, որովհետեւ այնտեղ ուրիշ իրավիճակ էր:
Կարեւոր իրադարձություններից էր 1988 թվականի հունիսի 15-ի նստաշրջանը: Շարժումն ընդհանրապես սկսվեց այն պահանջով, որ Ղարաբաղը դիմել է, թող Հայաստանի Գերագույն խորհուրդը պատասխանի այդ դիմումին: Այսօրվա պայքարողների համար զարմանալի կթվա, թե ինչպես կարելի էր տոտալիտար երկրում շուրջ 350 ժողովրդական պատգամավորներին, կուսակցական նոմենկլատուրային ստիպել որոշում ընդունել: Իրոք, զարմանալի է, բայց ժողովուրդը դա արեց: Շատերը կհիշեն՝ ուսանողների նստացույցը, իսկ որոշ ժամանակ անց զորք մտցրին, բայց ուսանողնեին ջլատել չհաջողվեց, նրանք դուրս եկան փողոց, պնդեցին իրենց պահանջը: Շատ ակտիվ էր այն ժամանակ Շանթ Հարությունյանը: Խմբերով շրջում էին, մեկ առ մեկ «բռնեցնում» պատկան մարմինների ներկայացուցիչներին, բերում Ազատության հրապարակ, համոզում կամ հարկադրում ստորագրել պահանջվող փաստաթուղթը: Հրապարակն այն ժամանակ շտաբ էր բաց երկնքի տակ, որը մեղվափեթակ էր հիշեցնում:
Այն օրերի գործողություններից բնորոշ մի օրինակ. Շանթը իր ընկերների հետ հացադուլ էր հայտարարել եւ վերջնագիր ներկայացրել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին, թե ամսի 15-ին հերթական նստաշրջանն է գումարվում, եւ դուք պետք է այնտեղ իրականացնեք մեր պահանջը, այլապես բենզին եմ լցնելու վրաս եւ ինքնահրկիզվեմ, իսկ պատի վրա թողնելու եմ գրություն, որ անձամբ ձեր պատճառով եմ վերջ տվել կյանքիս: Այդ ֆոնի վրա արդեն մի խումբ պատգամավորների՝ Ալեքսան Կիրակոսյանի, Սոս Սարգսյանի, Հովհաննես Չեքիջյանի, Սարգիս Մուրադյանի եւ էլի մի քանիսի հետ աշխատանք էր սկսել Սիմոն Շահբազյանը: Արդեն նյութեր էին իրենց համար պատրաստվում, որպեսզի ելույթ ունենան եւ բարձրաձայնեն հարցը՝ համապատասխան որոշումն ընդունելու համար: Հետեւողական աշխատանքն իր պտուղները տվել էր՝ պահանջվող որոշումն ընդունվել էր: Ուրեմն՝ անգամ տոտալիտար երկրում, եթե մեթոդաբանությունը ճիշտ է ընտրված՝ հնարավոր է հասնել հաջողության: Այդ փորձը հիմա էլ կարելի է օգտագործել՝ ոչ թե գնալ Աժ-ի առջեւ պահանջել, այլ առանձին-առանձին հանդիպել իրենց ընտրյալներին եւ պարտադրել իրենց անելիքները: Աշխատելու ճիշտ ձեւերն են միայն արդյունավետ:
Պետք է հասկանալ, թե տոտալիտար վարչակարգի դեմ պայքարի որ ձեւն է տվյալ շրջանում աշխատում: Չպետք է չթույլատրել, որ իշխանության ներկայացուցիչը կիրառի բռնի ուժ կամ հասնել նրան, որ ուժի կիրառումն անարդյունք ու անիմաստ լինի: Ճիշտ հարցադրումը եւ մոտեցման անսխալ ձեւերը ցանկալի արդյունքի գրավականն են: Նույն տեխնոլոգիաներն աշխատում էին նաեւ պատերազմի ժամանակ: Ճիշտ դրված հարցը հաջողության կեսն էր: Սա ավելի արդյունավետ եղանակ է, քան հերոսությունը կամ մեկ այլ միջոց: Եթե այսօր մեր տղաները բանտերում են՝ պատճառը սխալ հարցադրումներն ու սխալ գործելաոճն է: Նույնը՝ ներքին քաղաքականության մեջ: Դիպուկ ասացվածք կա՝ «ձեռքդ կպցրիր զենքին՝ պետք է խոցես»: Չխոցեցիր, ուրեմն վերջ՝ կամ մեռնելու ես, կամ հայտնվելու ես բանտում:
Մանվել Սարգսյանի զեկույցից
ՌԱՀՀԿ, 22 փետրվարի 2018