Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Վերլուծական

Քաղաքական պայքար՝ իրավական ճանապարհով

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մարտի 20-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների գործով դատավճիռը, որով Սեֆիլյանը դատապարտվեց ազատազրկման 10 տարի 5 ամիս ժամկետով, Սաֆարյանը՝ 5 տարի 5 ամիս, իսկ մյուս հինգ ամբաստանյալները՝ 2-ից մինչեւ 4 տարի 6 ամիս։ Հանրության բացարձակ մեծամասնությունն այդ դատավճիռները որակեց որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների գործունեության նկատմամբ գործող վարչախմբի իրականացրած քաղաքական հաշվեհարդար։

Այս օրերին բարձրացած հանրային ալիքն իր ուշադրությունը սեւեռել է տվյալ դատավճիռների վրա, որով հերթական անգամ հիմնավորվում են պետության մեջ քաղբանտարկյալների առկայության եւ առանց ապացույցների կամ կեղծ ապացույցների հիման վրա նրանց հետապնդման փաստերը։ Սակայն կարեւոր է նկատել, որ այսօր մեր հանրությունում գերիշխում են ոչ միայն պնդումները, թե երկրում կան քաղբանտարկյալներ, այլեւ այն համոզումը, որ հանցավոր վարչախմբի դեմ իրավական ճանապարհով հնարավոր չէ քաղաքական պայքար մղել։ Երկրում առկա քաղաքական գործընթացների տեսանկյունից առավել կարեւորություն է ձեռք բերել հենց այդ համոզման տարածումը, որի լայն սփռման պայմաններում արդեն իսկ անիմաստ է դառնում վեճը՝ «մեր երկրում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ, թե՞ ոչ»։ 

Ներկայում մենք գործ ունենք քաղաքական մի իրավիճակի հետ, որում հանրային բանավեճի առարկա առավելապես սկսում են դառնալ ոչ թե դատական համակարգի անկախության աստիճանի, քաղաքական նկատառումներով դատավարությունների ժամանակ դատավորների նկատմամբ եղած ճնշումների կամ մեղադրանքը պաշտպանելիս դատախազության անօրինական կամ անհարկի միջամտությունների հարցերը, այլ այն, որ վարչախումբը նպատակաուղղված վարում է քաղաքական ակտիվություն ցուցաբերող անձանց ճաղերի հետեւում պահելու հստակ ուղեգիծ, որը բացառում է քաղաքական խնդիրներն ու վեճերը իրավական հարթությունում լուծելու հնարավորությունը։ Այսօր արդարադատության համակարգն ի զորու չէ անգամ չնչին անաչառություն ցուցաբերել նման դատավարությունների ժամանակ: Արդյունքում գերիշխող է դառնում այն համոզմունքը, որ վարչախմբի դեմ օրինական միջոցներով հնարավոր չէ քաղաքական պայքար մղել, քանզի դատաիրավական մարմինները վերածվել են իշխող վարչախմբի կամքն արտահայտող ռեպրեսիվ կառույցների։

Նկարագրված իրավիճակում քաղաքական իրավունքների ճանաչման համար պայքարի ձեւերի փնտրտուքը մեզանում դառնում է թիվ մեկ քաղաքական խնդիրը: Հայտնի ազգագրագետ Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ՝ մեր հանրությունը զրկված է նույնիսկ դիմադրության իրավունքից։ «Իրականում շատ լուրջ բան է փոխվել մեր երկրում. կատարվել է ուժային մեծ դերաբաշխում, իշխանության ազդեցությունը խնդիրների վրա անհամեմատ բացարձակի է հասցված, քան մինչեւ Սահմանադրության փոփոխությունը... Շատ ավելի բարդ կլինի հիմա նույնիսկ մեծ ծավալի փողոցային խաղաղ անհնազանդությունը, առավել եւս, որ կարող են բարձր փռշտոցի հիմքերով ոստիկան ծեծելու կամ խփելու գործ սարքել... Նրանք, ովքեր ցանկանում են քաղաքական դաշտում ինչ-որ համաձայնության գալ անելիքների շուրջ, պետք է լրջորեն մտածեն իրենց արածի գործնական հետեւանքների մասին»,- զգուշացնում է ազգագրագետը:

Եվ, իսկապես, ՀՀ վարչապետի ընտրության օրվա մոտենալուն համընթաց ակտիվանում են ընդդիմադիր միավորները՝ որպես քաղաքական օրակարգ ներկայացնելով Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու կարգախոսով հանրության համախմբումը եւ հանրահավաքներ ու երթեր անցկացնելու ուղին: Մինչդեռ ակնհայտ է, որ հանրահավաքի՝ իբրեւ արդյունավետ միջոցի, կիրառումը քաղաքական պայքարում վաղուց սպառել է իրեն։ Ակտիվություն ցուցաբերելու համար այսօր որոշակի խզում կա մարդկանց գիտակցության մեջ։ Խաղաղ ակցիաներ անցկացնելու՝ քաղաքացու սահմանադրական իրավունքի գիտակցումն ուղղակիորեն հակադրության մեջ է այն համոզմունքի հետ, ըստ որի՝ անհնար է իրավական ճանապարհով քաղաքական պայքար մղել իշխող վարչախմբի դեմ։ Շատերը լի են պայքարելու վճռականությամբ, բայց նույնքան դեմ են այն հեռանկարին, որ իրենց գործողությունները վարչախմբի կամ հանրության մի մասի կողմից կորակվեն հակասահմանադրական եւ, հետեւաբար, կդիտվեն քրեորեն պատժելի։ Եվ այդ ամենը այն իրողության խորապատկերին, որ ոչ մի կերպ լայն կիրառում չի գտնում խաղաղ անհնազանդության գործիքակազմը։ Դրա տակ մարդիկ առավելապես հասկանում են հանրահավաքում խաղաղ մեկտեղվելը, իսկ երթերի ժամանակ՝ առանց հրմշտոցի, առանց իրավապահ մարմինների հետ քաշքշուկի քայլերթի կազմակերպումը, բայց ոչ երբեք առանձին հիմնարկների, օղակների, աշխատանքների կաթվածահարումը, շրջափակումը, տեխնիկայի ու գույքի վնասումը եւ այլն։

Մարդկանց գիտակցականում նման հակասական հիմնավորումների առկայությունը ստեղծում է տպավորություն, թե հանրությունը դեմ լինելով պետական կառավարման համակարգը յուրացրած վարչախմբին եւ ունենալով նրա դեմ պայքարելու կամք, անտարբերություն է ցուցաբերում քաղաքացիական անհնազանդություն ենթադրող այնպիսի քայլերի նկատմամբ, որոնք դուրս են սովորական հանրահավաքներ ենթադրող գործողությունների տրամաբանությունից։

Ինչպե՞ս դուրս գալ վիճակից, երբ մի կողմից գործում է համոզմունքը, որ մեզանում քաղաքական խնդիրներն իրավական հարթությունում հնարավոր չէ լուծել, իսկ մյուս կողմից՝ որ խաղաղ հանրահավաքների ու երթերի անցկացումն անարդյունավետ է վարչախմբի դեմ պայքարի գործում։ Մի՞թե հանրության շտեմարանում բռնությունն է մնացել որպես քաղաքական խնդիրների լուծման միակ միջոց։ Այս հարցերի պատասխանը թաքնված է «բռնություն» եզրույթին հականիշ մեկ այլ՝ «իրավունք» եզրույթի դաշտում։ Երկու երեւույթները միմյանց շարունակությունն են, իրավունքը ծագել է բռնությունից, ավելի ստույգ՝ այն դադարեցնելու անհրաժեշտությունից։ Եվ միաժամանակ՝ իրավունքի մահը կյանք է տալիս բռնությանը՝ մարդկությանը նետելով վաղ միջնադար եւ դրանից էլ ետ, երբ հանրային հարաբերությունները տակավին սաղմնավորված չէին եւ պատկերացում անգամ չկար առ այն, որ իրավունքն է հանրային հարաբերությունների կարգավորիչն ու լեգիտիմության աղբյուրը։

Երբ իրավունքը՝ որպես հարաբերությունների կարգավորիչ, ցինիկաբար անտեսվում է, հանրությունը լեգիտիմ իրավունք է ստանում պատժելու անտեսողին ու մերժողին։ Հայաստանում ցայսօր չի ճանաչվում հանրային հարաբերություններում իրավունքի կարգավորիչ դերը։ Սա խոսում է մեր երկրում իրավական գիտակցության ցածր մակարդակի կամ դրա իսպառ բացակայության մասին։ Հայաստանում չի ճանաչվում պատիժը որպես լեգիտիմ միջոց խախտված իրավունքի վերականգնման գործում։ Այստեղ էլ արդեն գործ ունենք քաղաքական գիտակցության ցածր մակարդակի կամ դրա բացակայության փաստի հետ։

Պատիժը, ըստ էության, բռնության դրսեւորումներից մեկն է՝ նրա «քաղաքակրթված» «զավակը»։  Մարդկությունը միշտ բռնությանը փոխարինող պատժի բազում ձեւեր է ի հայտ բերել։ Բոլոր ժամանակներում հարստահարողների ու բռնակալների դեմ ապստամբությունը դիտվել է որպես հակազդեցություն նրանց անօրինական գործունեությանը։ Անցած դարում պատժի ու հակազդեցության առավել կատարյալ եւ քիչ վնասաբեր ձեւեր են երեւան եկել, որոնց թվում եւ «խաղաղ անհնազանդության» գործիքակազմը։ Այսօր, երբ արդիական է դարձել հայեցակարգը, թե Հայաստանում հանցավոր վարչախմբի դեմ իրավական ճանապարհով անհնար է քաղաքական պայքար տանել, պետք է ավելի զգույշ վերաբերվել «իրավունք» եւ «պայքար» հասկացություններին։ Մեզանից յուրաքանչյուրը թող փորձի պատասխանել հետեւյալ հարցին. ի՞նչ կլինի, եթե մարդկային հարաբերություններում մի կողմը սկզբունքորեն մերժի մյուսի իրավունքը։

Անշուշտ, պատասխանը ինչ-որ առումով միանշանակ է՝ մյուս կողմը ստիպված կլինի կամ համակերպվել, կամ ընդդիմանալ։ Սակայն ընդդիմանալ՝ չի նշանակում գոռգոռոց կամ վայնասուն դնել, բողոքել կամ դժգոհել, «ամո՛թ, ամո՛թ» վանկարկել եւ այլն, քանզի դրանցից ոչ մեկը սուբյեկտային վարք չէ։ Հենց այստեղից է գալիս հանրահավաքների ու երթերի անարդյունավետության մասին համոզումը։ Կյանքն ինքը ապացուցել է, որ դրանք ընդդիմանալու ձեւեր չեն։ Այդ գործողությունների արդյունքում վերջնական որոշման կայացումը, միեւնույն է, թողնվում է իրավունքը մերժողին։ Միայն պատիժն է, որ իրավունքի հաստատման միջոց է դառնում հակառակ կողմի համար։ Իրավունքի դաշտում պայքարը, առանց պատժելու իրական մտադրության առկայության, բավարար է, որ իրավունքը սկզբունքորեն մերժող կողմը շարունակի արհամարհել դիմացինին։ Եթե հույսն այն է, որ իրավունքի մասին թմբկահարելով ու առանց իրական մտադրության՝ պատժելու հնարավորության մասին միայն հասկացնելով, հնարավոր է մյուս կողմին սեփական իրավունքները ճանաչել տալ, դա ինքնախաբեություն է։

Օրինական պայքարը իրավունքի ուժով ամրագրված պայքարն է։ Սակայն այն առոչինչ է, եթե դիմացինը թքած ունի իրավունքի վրա եւ եթե չկան իրավունքին ուժ տվող պատժելու գիտակցումը, կամքն ու կարողությունը։ Երբեմն հենց վերջին հատկանիշի վրա են կանգ առնում մարդիկ, երբ փորձում են համոզել, թե ինչու չի կիրառվում պատիժը։ Սակայն երբ պատժի գիտակցումն ու ցանկությունը կան, ապա իրավունքի նվաճման կամ վերանվաճման գործում կարողությունների ի հայտ գալը ժամանակի խնդիր է։ Իսկ քաղաքական պայքարն այլ բան չէ, քան իրավունքների հաստատման գործընթաց։ Հայաստանը հենց այդ ջրբաժանում է գտնվում։ Եվ դեռ հարց է, թե ո՞ր ուղղությամբ կգնա՝ համակերպվելո՞ւ, թե՞ ընդդիմանալու: Կապրենք՝ կտեսնենք:

 

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: