Հայաստանում տարիներ շարունակ խոսվել է իշխող հանցավոր վարչակարգի նկատմամբ ընդդիմության ցուցաբերած անհամարժեքության մասին։ Նախորդ տարիներին կամային ու կարող ուժերի բացակայությունն էր նաեւ պատճառը, որ իշխող քրեաօլիգարխիկ վարչախմբերը ժողովրդին հարստահարելու եւ պետությունը թալանելու գործում թույլ դիմադրության էին հանդիպում։ Դրա հետեւանքով Հայաստանը շարունակաբար ընկղմվում էր քաղաքական ու տնտեսական ճգնաժամի մեջ։ Այդ տեսանկյունից, թվում է, «թավշյա» հեղափոխությունը պետք է սրբագրեր ոչ միայն կառավարության, այլ նաեւ ընդդիմության որակները։ Սպասելի էր, որ նոր իրավիճակում նախկին իշխող վարչակարգի մնացորդները քաղաքական գործընթացներում կարող էին երանգ ստեղծել ըստ իրենց ունեցած ինստիտուցիոնալ փորձի ու գիտելիքի, իսկ նոր ձեւավորվող եւ նախկիններից տարանջատված իրական ընդդիմությունը՝ հեղափոխության մեջ հղկված սեփական փորձառության գնահատման արդյունքում։
Հեղափոխությունից գրեթե մեկ տարի անց կարելի է խոսել ընդդիմության` որպես կառավարող ուժին մրցակից, այլընտրանքային ինստիտուտի, բացակայության մասին։ Ընդ որում` դա այն պայմաններում, որ ներկայիս ընդդիմադիր միավորներն ու նախկին վարչակարգի մնացորդները տեղեկատվության սփռման կամ տեղեկատվական մեկուսացվածության խնդիրներ չունեն։ Ընդհակառակը` մրցակցային պայմանների հետ կապված խնդիրներ ունի ներկայիս կառավարող ուժը։ Վերջինս հատկապես մամուլում ու մեդիա ոլորտում ունեցած իր հնարավորություններով զիջում է անգամ նախկին համակարգի «մետաստազներին»։ Ընդդիմադիր նոր ուժերը եւս որեւէ կաշկանդվածություն չունեն իրենց քննադատությունն ու առաջարկությունները զանգվածային լրատվության միջոցներով տարածելու եւ ակտիվություն ցուցաբերելու համար։ Լրատվական տարատեսակ միջոցների գոյությունն ու քաղաքական տարասեռ շահերի առկայությունը դրա հնարավորությունը տալիս են։
Քաղաքական դաշտում այժմ շրջանառվում են նաեւ հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք որոշակի ազդեցություն, անշուշտ, թողնում են հանրային քաղաքականության վրա։ Գործող կառավարությանն արհեստականորեն սեւացնելու գործը գլուխ բերելու համար նախկին համակարգի ներկայացուցիչների կողմից հետեւողականորեն կիրառվում են բազմաբնույթ քաղաքական տեխնոլոգիաներ։ Դրա հետ մեկտեղ, ինչպես նախկին հանցավոր վարչակարգի ներկայացուցիչների ճամբարում, այնպես էլ բացառապես քաղաքական դիրքերից հանդես եկող ընդդիմության շրջանում լուրջ խնդիրներ չկան նաեւ կադրային հարցերում։ Այսօր «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր» կամ «Քաղաքացու որոշում» կուսակցությունները ներկայանում են ոչ թե որպես ընդդիմադիրի կոչումը սեփականաշնորհած անձ-կուսակցություններ, այլ լիբերալ, ազգայնական ու սոցիալ-դեմոկրատական գաղափարների կրող մարդկանց հավաքական միավորումներ։ Նրանցից յուրաքանչյուրում ներգրավված են առնվազն մի քանի տասնյակի հասնող, բարձրագույն կրթություն, կամային հատկանիշներ ունեցող կուսակցականներ, որոնք կուռ ու գործուն քաղաքական թիմերի տպավորություն են թողնում։
Ընդդիմադիր դաշտում փորձառու, կրթված, կամային կադրերի, ինչպես նաեւ ազատ գործելու հնարավորություն ունեցող կուսակցությունների, լրատվամիջոցների առկայությունն այնպիսի նախադրյալներ են, որոնք ցանկացած պետության մեջ ընդդիմադիր գործունեություն ծավալող միավորներին կբարձրացնեին պետական կարեւորագույն ինստիտուտի աստիճանին։ Սակայն փաստն այն է, որ բացի կառավարող ուժից, Հայաստանում այսօր քաղաքական օրակարգ ստեղծում են միայն բողոքավոր այն քաղաքացիները, որոնք իրենց խնդիրների լուծման համար ոտքի են կանգնում մայրաքաղաքում եւ հանրապետության տարբեր համայնքներում։ Էական այնպիսի օրակարգ, ինչպիսին կարող էր դառնալ Սահմանադրության փոփոխության գործընթացը, այդպես էլ ընդդիմադիր շրջանակների լայն համախմբման եւ ակտիվ ներգրավման առիթ չի դառնում։
Ո՞րն է պատճառը։
Ակնհայտ է, որ ընդդիմության համարժեքությունն ու ակտիվությունը գնահատելիս կադրերի կամ միջոցների սղության հարցերն այլեւս չեն կարող ներկայացվել որպես հակափաստարկ։ Կուսակցությունների ազատ գործունեության ներկայիս հնարավորությունները միաժամանակ թույլ են տալիս խոսել օրակարգեր գեներացնելու հարցում նրանց անզորության մասին։ Թաքնվել կապված ձեռքերով հալածյալի «վերմակի» տակ` այլեւս հնարավոր չէ։ Ուստի նկատելի է, որ խնդիրը բոլորովին կապ չունի ընդդիմության կադրային ու նյութական ռեսուրսների հետ։ Հարցի պատասխանը պետք է փնտրել բոլորովին այլ դաշտում եւ փորձել հասկանալ, թե ինչու են ընդդիմադիր միավորների քայլերն այդքան աննշան ու անէական։
Պետք է նկատել, որ քաղաքականության մեջ յուրաքանչյուր ակտիվություն չէ, որ ենթադրում է արդյունավետ ներգործություն քաղաքական իրավիճակի վրա։ Հանրային տարբեր շերտերի աջակցությունը ստանալու համար կան գաղափարական ու արժեքային որոշակի նշաձողեր, որոնք, անկախ քաղաքական սուբյեկտների շահերից ու առանձին անհատների հավակնություններից, պետք է բավարարվեն։
Քաղաքականությունը մարդկային հարաբերություններում իրավունքների իրացման ու պատասխանատվություն ստանձնելու միջակայքն է։ Վերջինս իր հերթին հիմնվում է փիլիսոփայական այնպիսի սուբստանցիաների վրա, ինչպիսիք են արդարությունը եւ ճշմարտությունը։ Քաղաքականություն գեներացնելու հարցում կարեւորագույն տեղում են գտնվում ճշմարտությունից չշեղվելու, ճշմարտության փնտրտուքի ու ճշմարտության հաստատման մարդկային ձգտումները։ Սակայն մեր քաղաքական կյանքում, ըստ էության, ճշմարտությունը գրեթե մշտապես ստորադասվում է քաղաքական շահերին։ Այդպիսին է մեր քաղաքական մշակույթը։ Այդպիսին են մեր ընկալումները քաղաքականության մասին։ Ուստի քանի դեռ ճշմարտությանն ու արդարությանը վերաբերող կշռաքարերը գտնվում են կառավարող ուժի նժարի վրա, ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող քաղաքական օրակարգ գեներացնել։
Թե՛ արդարությունը եւ թե՛ ճշմարտությունը ենթադրում են մասշտաբայնություն։ Ներկա ընդդիմադիրների քայլերը մանր են՝ նեղ կլանային կամ անձնական-շահային։ Վեհ նպատակներն այլեւայլ կեղծիքների ու մանրախնդրության հետ չեն կարող դրվել նույն զամբյուղի մեջ։ Ուստի բոլորը ստիպված են համակերպվել ՀՀ վարչապետի՝ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու քաղաքական օրակարգի հետ։ Վերջինս ամենավեհ նպատակն է, որ վերջին շրջանում դրվել է քաղաքական ռելսերի վրա։
Սարո Սարոյան