Կիրակի, Մայիսի 29, 2022

Վերլուծական

Կանջատվի՞ Արցախը «հանուն փրկության»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մեկուկես տարի առաջ՝ 2020թ. հոկտեմբերի 7-ին, երբ Արցախի ու Հայաստանի սահմաններին մոլեգնում էր հայտնի տանդեմի սանձազերծած պատերազմը, Ժնեւի քաղաքային խորհուրդն աննախադեպ մի որոշում ընդունեց՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան եւ ճանաչելով արցախահայության ինքնորոշման իրավունքը: Թվում է՝ արտառոց ի՞նչ կարող է լինել ինչ-որ քաղխորհրդի որոշման մեջ: Բայց դա միայն թվում է: «Ժնեւի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»,- այսպես էր ձեւակերպված որոշման կետերից մեկը, եւ արտառոցն ու աննախադեպը հենց դա էր:

Բանն այն է, որ «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձեւակերպումը լավագույնս հուշում է միջազգայնորեն ընդունված՝ «անջատում հանուն փրկության» (remedial secession) հայեցակարգը Լեռնային Ղարաբաղի դեպքում կիրառելու մասին, ինչը, ցավոք, ՀՀ-ում պատշաճ ուշադրության չարժանացավ: Ի դեպ, նշյալ հայեցակարգն արցախյան կարգավորման հիմքում դնելու անհրաժեշտության թեմայով դեռեւս 2016թ. մայիսին հոդված էր հրապարակել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ բերելով Էրիտրեայի, Արեւելյան Թիմորի, Կոսովոյի, Հարավային Սուդանի, Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսիայի նախադեպային օրինակները:

Ո՞րն է այդ հայեցակարգի էությունը. եթե որեւէ պետություն իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա պարբերաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տարածքային փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը՝ այլեւս անհնար համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյապահպանության, անջատել նրա զբաղեցրած տարածքը մայր երկրից։

Ադրբեջանի պարագայում իրավական հիմքերն ավելի քան բավարար են «անջատում հանուն փրկության» բանաձեւը գործածության մեջ դնելու համար: Արցախի դեմ երեք արյունալի պատերազմներ, 1988-90 թվականներին շուրջ կես միլիոն հայերի բռնի տեղահանություններ, Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Ադրբեջանի մյուս հայաշատ բնակավայրերում նրանց հանդեպ իրականացրած ջարդեր, էթնիկ զտումներ, քաղաքացիական անձանց բարբարոսական սպանություններ, պետական մակարդակով ատելության քարոզ, հայազգի քաղաքացիների, ռազմագերիների խոշտանգումներ, իրավունքների կոպտագույն ոտնահարումներ… ահավասիկ վերջին երեքուկես տասնամյակների ընթացքում Ադրբեջանի թրքաբարո վարքագծի դրսեւորումների ոչ ամբողջական ցանկը:

Գործող իշխանությունների վարած ապազգային քաղաքականության, թուլակամության եւ ապիկարության պատճառով Արցախի ու Հայաստանի նկատմամբ թշնամու վերաբերմունքն անփոփոխ շարունակվում է մինչեւ օրս: Թուրքիան եւ Ադրբեջանը՝ չհանդիպելով համարժեք դիմակայության, խոսքները մեկ արած, ջանում են հայաթափել Արցախը՝ մեր նախնիների այդ հնամենի բնօրրանը, ապաեւ ձեռնարկել մնացյալ Հայաստանի մասնատումը: Ցեղասպանության վտանգի տակ հայտնված Արցախի փրկության գործն այսօր պետք է համահայկական օրակարգ դառնա: Փրկելով Արցախը՝ մենք կպաշտպանենք Հայաստանը, կվերաշինենք մեր վտանգված պետականությունը:

Այդ նկատառումով էլ մարտի 22-ին խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, ԱԺ օրակարգ էր մտցրել «Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի եւ ահաբեկչության վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որի ընդունումը իշխող քաղաքական մեծամասնության կողմից տապալվեց: Հատկանշական է, որ նախագծում առանձին կետով ներառված էր նաեւ «անջատում հանուն փրկության» սկզբունքը՝ մի աննշան փոփոխությամբ՝ «ճանաչում հանուն փրկության»: Հավանաբար՝ այն պատճառով, որ Արցախը նախկին ԽՍՀՄ օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ 1991-ին անջատվել էր վերջինիս կազմից եւ արդեն 30 տարի սպասում է միջազգայնորեն ճանաչման իր ժամին:

Վերը բերվեցին «անջատում հանուն փրկության» բանաձեւի հիման վրա իրենց մայր երկրներից ազգային փոքրամասնությունների անկախացման մի քանի հաջողված դեպքեր: Մեծ հարգանք տածելով անկախություն ձեռք բերած այդ բոլոր ազգությունների ու ժողովուրդների հանդեպ եւ լավ հասկանալով նախկինում նրանց կրած տառապանքները, այդուհանդերձ, կդժվարանանք պատկերացնել ավելի ծանր իրավիճակ, քան այն, որում այժմ գտնվում է արցախահայությունը՝ աքցանված թուրք-ադրբեջանական օղակում եւ գրեթե ամենօրյա զինված հարձակումների ու խափանարար գործողությունների թիրախում:

Դաժան եւ անհավասար 44-օրյա պատերազմից հետո, որն օտարեկրյա ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծել էր նույն թուրք-ադրբեջանական տանդեմը, տարածքի մեծ մասը կորցրած Արցախը մենակ է մնացել իր չամոքված ցավի հետ: Թշնամու պահանջով Հայաստանն այլեւս դադարել է անվտանգության երաշխավոր ու ռազմաքաղաքական դաշնակից լինելուց եւ բավարարվում է ընդամենը մանր-մունր հումանիտար օգնություններով: Խիստ մեծ է վտանգը, որ Արցախը կարող է ամբողջովին օկուպացվել ու մնալ Ադրբեջանի կազմում կամ ստիպված լքել իր դարավոր հայրենիքը: Որքան էլ տարօրինակ լինի, այդ գործընթացը անթաքույց խթանում են ՀՀ գործող իշխանությունները՝ կուզեք դրա անունը թուլամորթություն դրեք, կուզեք՝ դավաճանություն:

Բանն այնտեղ է հասել, որ ՀՀ ՔՊ-ական Ազգային ժողովը Իլհամի ահից չի համարձակվում անգամ Արցախի 120 հազար ազգաբնակչության հոգու ճիչը հասցնել աշխարհին՝ գոնե ընդդիմության ներկայացրած բավական պատշաճ հայտարարության տեսքով: Եվ խարխլված հպարտությամբ արցախցին ճարահատյալ ստորագրահավաք է անցկացնում ՌԴ կազմում ընդգրկվելու օգտին: Այսինքն՝ «հանուն փրկության» գնում է ոչ թե ճանաչման ճանապարհով, ինչը, ժողովրդի լեզվով ասած, այս իշխանությունների խելքի բանը չէ, այլ գոյապահպանման դիմաց զոհասեղանին է դնում չճանաչված իր անկախությունը:

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման կարեւորությունն այնքան մեծ է, որ հայկական կողմի դիվանագիտությունն իրավունք չունի այն անտեսել»,- 2016 թվականի իր հոդվածում գրել է ՀՀ առաջին նախագահը: Ցավոք՝ անտեսվեց, թեեւ բարեպատեհությունը, կարծես թե, իր ոտքով եկել էր մեր դուռը: Խոսքը միջազգային իրավունքի հրաշալի մասնագետ, ֆրանսահայ ճանաչված փաստաբան Րաֆֆի Գալֆայանի մասին է, ով, ըստ Տեր-Պետրոսյանի նկարագրության, Քառօրյա պատերազմից օրեր անց պատրաստակամություն էր հայտնել փորձագետների մի խմբով գալ Երեւան եւ ԱԳՆ-ի հետ համատեղ պատրաստել Արցախի խնդրին վերաբերող համապատասխան թղթածրար՝ այն միջազգային ատյաններ ներկայացնելու համար:

Սակայն հղացումն անկատար է մնացել թե՛ Սերժ Սարգսյանի իշխանավարման վերջին շրջանում եւ թե՛ ներկա վարչախմբի գրեթե 4 տարիների կառավարման ընթացքում: Լավ, Սարգսյանի պարագան հասկանալի է՝ ինքը կարգավորման Կազանյան փաստաթղթի շուրջ բանակցային գործընթացով պայմանավորված որոշակի կաշկանդվածություն ուներ. ակտիվ քննարկումների փուլ էր, եւ լուրջ չէր լինի՝ խաչ քաշել ձեռք բերված ողջ բանակցային կապիտալի վրա ու կարգավորման նոր ձեւաչափ առաջարկել: Եվ դա՝ այնպիսի մի ժամանակ, երբ աշխարհը՝ ի դեմս ՄԽ համանախագահության, արդեն իսկ ճանաչել էր Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախի ժողովրդի՝ հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու կամ, որ նույնն է, անկախ պետություն ստեղծելու իրավունքը:

Այս իմաստով, այո, Երրորդ նախագահը կաշկանդված էր՝ չնայած սա չի կարող արդարացում լինել «անջատում հանուն փրկության» բանաձեւի հնարավորությունը ձեռքից բաց թողնելու համար: Հապա նոր, «թավշյա հեղափոխության» արդյունքում ասպարեզ եկած իշխանության դրդապատճա՞ռը որն էր, որ անուշադրության մատնեց վերջին տասնամյակում աշխարհում հաջող փորձություն անցած՝ ազգերի ինքնորոշման միջնաբերդի ամենահուսալի «բանալին»: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն իր սնամեջ՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախոսի փոխարեն չօգտվեց իր «քաղաքական հոր» բավական արժեքավոր առաջարկից:

Շուտով ակնհայտ դարձավ, որ երկիրը կոռուպցիայի ճիրաններից ազատելու, «ժողովրդից թալանածը ժողովրդին վերադարձնելու», ՀՀ-ում ժողովրդաիշխանություն հաստատելու եւ այլ ճարճատյուն խոստումներով իշխանության եկած «ուսապարկերը» բոլորովին այլ ծրագրեր էին փայփայում: Այնպես չէ, որ Արցախն այդ ծրագրերի մեջ չէր մտնում: Մտնում էր, բայց… «երկրի հակառակ կողմից»: Բոլոր նրանք, ովքեր դեռ երեք-երեքուկես տարի առաջ համառորեն պնդում էին, թե այս մարդիկ եկել են Արցախը հանձնելու հատուկ հանձնարարությամբ, իրավացի դուրս եկան: Այդ պնդումներին չէին հավատում միայն ամենաանուղղելի լավատեսները եւ նրանք, որոնց երեւակայության մեջ նման չափի ու աստիճանի դավաճանական արարք պարզապես չէր տեղավորվում: Երեք-երեքուկես տարի ժամանակ պահանջվեց՝ մինչեւ «զուլալվեցին ջրերը», եւ ամեն ինչ բոլորի համար պարզ դարձավ:

Վերջին իր առցանց «մենախոսություններում» Փաշինյանն արդեն բացեիբաց, ի լուր ամենքի, հայտարարում էր, թե 2016-ին Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմում չլինելու անգամ տեսական հնարավորությունը: Դրանով էլ, ըստ էության, ամբողջացավ համընդհանուր համոզմունքը՝ Արցախը հանձնվում է, դեռ մի բան էլ ավելի:

Ու եթե իրավիճակն այսպես դեռ շարունակվի, Արցախն այլընտրանք չի ունենա եւ իսկապես կանջատվի՝ հանուն փրկության: Բայց կանջատվի… Հայաստանից, ինչպես հաճո է Նիկոլ Փաշինյանին:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: