Այն, ինչ կատարվում է Արթուր Օսիպյանի հետ այս օրերին, շատ ավելին է, քան այն, ինչ տեղի էր ունեցել Պողոս Պողոսյանի հետ 2001թ. «Առագաստ» սրճարանում։ Պողոս Պողոսյանի սպանությունը կատարվել է նույն ժամին, երբ նա Քոչարյանին հանդգնել էր ասել՝ «պրիվետ, Ռո՛բ»։ Այդ ժամանակ Պողոսյանը չէր կարող ակնկալել հայ հանրության աջակցությունը, քանզի նա սպանվել էր իր արտահայտությունից ընդամենը րոպեներ անց՝ Քոչարյանի թիկնապահների մահացու ծեծի հետեւանքով։
Արթուր Օսիպյանը օրեր առաջ հանդգնել էր Նիկոլ Փաշինյանին հարցեր տալ «Ղարաբաղի կլանի» կոռուպցիոն սխեմաների հետ նրա առնչության ու գործող իշխանությունների կողմից արցախահայերի հանդեպ ատելության ալիք գեներացնելու կապակցությամբ։ Այդ պահից սկսած՝ նրան ազատությունից զրկել են ու հիմա ՔՊ ամբողջ ոհմակով դիտում են, թե ոնց է մարդը սովամահ լինում բանտում։
Այդ մարդկանց համար կարեւորը Նիկոլի աթոռն է, որն իրենց շռայլ պարգեւավճարներ է բերում, ինքնագնահատական, փողոցում անվտանգ քայլելու երաշխիք եւ այլն։ Սակայն այդ ամենն անցողիկ է։ Մնալու են քաղաքական հետեւանքները եւ դրանց համար պատասխանատվության յուրաքանչյուրի բաժինը։
Հիմա Նիկոլի շրջապատից ու համակիրներից ամեն ոք, ով ծպտուն կհանի Քոչարյանի ավտորիտար կառավարման, մարդատյացության կամ այլ սրիկայությունների մասին, այսուհետ պետք է հիշի, որ նույն կերպարն է նրա սիրելի Նիկոլը։ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նման պետականակործան ու անբարոյական կերպարներին դուք չէ, որ պետք է գնահատականի կամ բարոյական պատասխանատվության ենթարկեք ու պատիժ սահմանեք։ Ութ տարի ձեր կուռքն ուներ ժամանակ այդ ամենն անելու համար։ Նա դա չի արել, որպեսզի այսօր անի այն, ինչ անում էին նախորդները։
Վերջին օրերին տեղի է ունենում Նիկոլի կառավարման ապաօրինակարգացման գործընթացը։ Նա այլեւս ժողովրդավարություն խաղալու հնարավորությունից զրկված է՝ չունի քաղաքական ու հանրային կապիտալ ժողովրդավար մնալու համար։ Ուստի ստիպված է իր ամբողջ «պերճանքով ու թշվառությամբ» կանգնել հայ ազգի առջեւ՝ ցույց տալով ծամող բերանը, դատարկ ստամոքսը, գլխում եղած քաոսը եւ մարդ ոչնչացնելու հակումը։ Այդ է պատճառը, որ ճակատագիրը նրան կանգնեցրել է Պողոս Պողոսյանի սպանությունը կրկնելու հրամայականի դեմհանդիման, ու թիրախում հայտնվել է Արթուր Օսիպյանը։
Այս ամենը Նիկոլի մասին չէր։ Այս ամենը Նիկոլին պաշտպանող ինտելեկտ ունեցող մարդկանց մասին էր։ Ուստի առաջին դեմքով կխոսեմ։
Եթե բարոյական որեւէ որակ ձեր մեջ մնացել է, ապա ներսից դուք պետք է պայքարեք Արթուր Օսիպյանին ազատ արձակելու համար՝ ձեր իսկ անվտանգության համար։ Այսօր դուք կրում եք բարոյական պատասխանատվություն այն ամենի համար, ինչ անում է ձեր կուռքը հոգեկան շեղումների պահերին։ Եթե պատվով դուրս չեկաք այդ ամենից, դրա քաղաքական հետեւանքները նույնքան ծանր են լինելու ձեզ համար։
Անցած ընտրական գործընթացով պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Հայաստանի բարձրագույն ղեկավարության շատ ներկայացուցիչներ ստիպված էին քարոզչություն իրականացնելու նպատակով մասնակցել տարբեր բանավեճերի ու երկխոսությունների։ Այս վերջին շաբաթվա ընթացքում նրանք փաստի առաջ են կանգնելու քաղաքական մյուս ուժերի ու քաղաքացիների այն հարցերից, որոնք վերաբերելու են Արթուր Օսիպյանի խոսքի ազատությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով նրան սովամահության ենթարկելուն։
Բանավեճերը հենց նրա համար են, որպեսզի վեր հանեն ուժերի ու թեկնածուների տաբուները, կերպարը ու քաղաքական այն ուղեգիծը, որը թերի է, սխալ, իսկ Հայաստանի գործող վարչախմբի պարագայում՝ հանցավոր։ Այդ իսկ պատճառով առաջիկա օրերին, եթե կգտնվեն ուժեր, ովքեր Արթուր Օսիպյանի վերաբերյալ հարցերը չեն դնի սեղանին, կնշանակի իրենք գործող վարչախմբի հետ ունեն պայմանավորվածություններ, որոնք անցնել չեն կարող։
Այլ պարագայում այդ հարցերը գտնված գերազանց հարցեր են, որոնք բացահայտում են ՔՊ-ի եւ բարձրագույն ղեկավարության հակամարդկային ու հակաժողովրդավարական բնույթը։ Քաղաքականության մեջ կատարյալ տգետ պետք է լինես, որ չօգտվես այս հնարավորությունից։ Կարո՞ղ են քաղաքական ուժերը լուռ համաձայնությամբ գոնե մի անհիմն կալանավորվածի կյանք փրկել, թե այնքան անպետք են, որ դա էլ չեն կարող անել՝ սա է հարցը։
Հ.Գ. Երբ հոդվածը պատրաստ էր հրապարակման, հայտնի դարձավ, որ Արթուր Օսիպյանը բանտում հայտարարած հացադուլի 23-րդ օրն ազատ է արձակվել:
Սարո Սարոյան

