Համավարակի հետ կապված իրավիճակը իր ճշգրտումներն է մտցնում ամբողջ աշխարհում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում մշտադիտարկում անցկացնել սահմանում եւ դիտորդներից վերածվել են վիրտուալ դիտորդների: Մարդկանց եւ պաշտոնատար անձանց տեղաշարժը սահմանափակված է: Բայց արդյո՞ք կարելի է սահմանափակել պատերազմը: Այսինքն` արտաքին զսպող գործոններ գրեթե չեն մնացել եւ, ըստ էության, համավարակը «կանաչ լույս» է վառել տարածաշրջանում հնարավոր պատերազմի առջեւ: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, հարձակումները հայերի վրա կատարվում էին աշխարհի համար ամենածանր ժամանակներում:
Ադրբեջանում մայիսի 18-ին սկսված զորավարժությունները, ինչպես նաեւ բուն Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար Զաքիր Հասանովի հայտարարությունները, սադրանքի ու տարածաշրջանում վախի սաստկացման հերթական փորձն են: Վերջինս մոռացել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախազգուշացումն առ այն, որ նոր պատերազմը նոր տարածքներ են: Ըստ երեւույթին, չափից դուրս բարդ իրավիճակում է հայտնվել իր երկիրը, եւ նրա հոգսն ամենեւին էլ նախազգուշացումները չեն: Համավարակով պայմանավորված` նավթի գները լրջորեն ընկել են, եւ Ադրբեջանի ղեկավարության առջեւ նոր խնդիր է ծագել` ինչպե՞ս շտկել իրավիճակն իրենց մոտ: Որպես պահեստային տարբերակ` չի կարելի բացառել Արցախի եւ Հայաստանի սահմանին ռազմական սադրանքներ հրահրելու հնարավորությունը:
Խորհրդանշական է, որ 1994 թվականին ստորագրված արցախյան հրադադարի 26-րդ տարին լրացավ ընդամենը երկու շաբաթ առաջ` մայիսի 12-ին: Անտարակույս, Հայաստանն այսօր պետք է լիարժեքորեն պատրաստ լինի ռազմական գործողությունների, քանի որ հայ ժողովրդի անվտանգությունը Հայաստանի համար թիվ մեկ խնդիրն է: Միանգամայն հիմնավոր էր Պաշտպանության նախարարության նախազգուշացումը, որ ադրբեջանական բանակը զորավարժությունների ժամանակ չհամարձակվի իր ստորաբաժանումները մոտեցնել Արցախի շփման գծին եւ Հայաստանի սահմաններին:
Վերը նկարագրված բարդ իրավիճակում կցանկանայի եւս մեկ անգամ անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ապրիլյան հայտարարությանը: Այն տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Ոմանք այդ հայտարարությունը դիտարկում էին իբրեւ սադրանք, որը հերթական անգամ վկայում է, որ Ռուսաստանի ներկայիս քաղաքական ընտրախավը որդեգրել է Խորհրդային միության անցյալ դարասկզբի քաղաքական ուղեգիծը: Ուրիշների կարծիքով` Լավրովը հայ հանրությանը սթափեցրեց թմբիրից` տեղեկացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վարվող Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների սեղանին դրված է ԼՂՀ հակամարտության կարգավորման` Հայաստանի կողմից մերժված փուլային տարբերակը: Այնինչ ՀՀ իշխանությունները երկար ժամանակ վստահեցնում էին, թե բանակցություններում որեւէ կոնկրետ փաստաթուղթ չի քննարկվում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Լավրովյան պլան» անվանումը ստացած այդ տարբերակով առաջարկվում է, որպես առաջին քայլ, վերադարձնել Արցախի շուրջ անվտանգության գոտի հանդիսացող ազատագրված շրջանները եւ բացել տրանսպորտային ու մյուս հաղորդակցությունները: Իսկ Արցախի կարգավիճակի հարցը թողնել անորոշ ապագային, ինչը հայկական կողմի համար անընդունելի է:
Իհարկե, ՀՀ արտգործնախարարության արձագանքը երկար սպասել չտվեց, նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով, իսկ Արցախի սահմաններն անվտանգության գոտի եւ պաշտպանության գծեր են: Ըստ էության, Ադրբեջանին եւ ՄԽ համանախագահներին հասկանալ տրվեց, որ Հայաստանը չի պատրաստվում գնալ միակողմանի զիջումների: Իսկ թե ինչ զիջումների մասին կարող է խոսք լինել կամ ո՞րն է լինելու կարգավիճակի գինը, արդյո՞ք կարգավիճակ` տարածքի դիմաց եւ այլն, մանրազնին քննարկելու հարցեր են:
Պետք է հստակորեն հասկացնել կարգավորման բոլոր մասնակիցներին, որ Հայաստանը եւ Արցախը պատասխանատվություն չեն կրում անցած դարասկզբին Թիֆլիսում Կավբյուրոյի ընդունած մի որոշման համար, որը հակասում է միջազգային իրավունքի բոլոր կանոններին, որոնց, սակայն, բանակցությունների ժամանակ երբեմն սիրում են հղումներ անել միջազգային որոշ դիտորդներ: Արժե կրկին հիշեցնել, որ 1921 թվականի հուլիսի 5-ին Կավբյուրոյի որոշմամբ Արցախը փոխանցվել էր Ադրբեջանական ԽՍՀ կազմ, իսկ 1923 թվականի հուլիսի 7-ից ստեղծվել էր ԼՂԻՄ-ը, որն արհեստականորեն Հայաստանից բաժանվում էր իր գոյությունը հազիվ 6 տարի պահպանած, ապա լուծարված Կարմիր Քրդստանով:
Հայաստանի համար պատմական Արցախը գերակայություն է, այլ ոչ շրջափակման մեջ առնված մի հողակտոր, որի առնչությամբ փորձում են ամեն կարգի սկզբունքներ մեզ պարտադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Իսկ նրանք, ովքեր համարում են, որ իրավունք ունեն այդ տարածքի նկատմամբ, թող մեկ-մեկ մտածեն, որ կարող են շատ բան կորցնել:
Սարգիս Մելիք-Շահնազարով