Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Վերլուծական

Նոր Հայաստանի հին արդարադատությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ավտորիտար վարչակարգերի համար օրենքը սկզբում դիտվում է որպես իշխանության յուրացումը սահմանափակող օղակ, սակայն արդարադատության համակարգը որոշակի ատրոֆիայի ենթարկվելու արդյունքում հնարավոր է դառնում օրենքները վերածել իշխանության պահպանման եւ թշնամիներին պատժելու ազդեցիկ գործիքակազմի: Այսինքն՝ իշխանության ամբողջական յուրացումը տեղի է ունենում օրենքների պրոֆանացիայի միջոցով: Ինչպես ժամանակին ասել է Պերուի նախագահ Օսկար Բենավիդեսը, ընկերներիս ամեն ինչ, թշնամիներիս՝ օրենք: Այս կանխադրույթը լիարժեք կիրառում էր գտել Հայաստանում:

Վարչակարգը արհեստավարժ կերպով կարողացել էր օրենքներն այնպես գրել, որպեսզի լիովին ապահովվի սեփական անպատժելիությունը: Օրենքներին տրվել էր անհամաչափ առաձգականություն եւ անասելի ճկունություն՝ դրանք ամեն դեպքի համար յուրովի մեկնաբանելու եւ ընտրովի կիրառելու հնարավորությամբ: Քրեաօլիգարխիկ ընտրախավին հաջողվել էր կոռումպացնել եւ կաթվածահար անել արդարադատական համակարգը՝ այն ամբողջությամբ հարմարացնելով սեփական կարիքներին:

Օրենքի հանդեպ օրենսդիր եւ դատական իշխանությունների քամահրանքը եւ համակարգի կազմաքանդումը հանգեցրին նրան, որ հասարակության համար օրենքը հավասարվեց իշխանության մահակի, եւ առաջացավ դրա դեմ ըմբոստանալու ռեֆլեքս: Թերեւս հենց այս հանգամանքը հանդիսացավ քրեաօլիգարխիայի հաղթանակի տարրերից մեկը. օրենքի մերժումը շատերին ստիպեց դուրս գալ անօրինականության դաշտ, որտեղ պարզապես չէին կարող մրցել վարչակարգի հետ: Ապօրինության դաշտում քաղաքացիներն անմրցունակ են: Երկար տարիներ պահանջվեց՝ գիտակցելու համար, որ փոխարենը պետք էր վարչակարգը բերել օրինականության դաշտ՝ քաղաքացիների կողմից ընդունված խաղի կանոնները նրանց թելադրելու համար:

Ու թեպետ երկրում իրավիճակ է փոխվել, արդարադատությունը դեռ շարունակում է մարմնավորել հին Հայաստանը: Քառորդ դար արդարադատության իմիտացիայով զբաղվող կառույցները նոր իրողություններին հարմարվելու եւ դրանց հետ հաշտվելու պատրաստակամություն չեն ցուցաբերում: Դատավորներն ու դատարանները ծանրաքարերի պես կախվել են Նոր Հայաստանի փեշերից ու փաստացի նենգադուլի միջոցով խոչընդոտում են նրա առաջընթացը: Սրան նպաստում է նաեւ հանրության տարբեր շերտերում արդարության ընկալման տարակերպությունը: Տարբեր խմբերի հիերարխիկ փոխհարաբերությունների ձեւաչափը շատ դեպքերում դեռ նույնն է մնացել:

Օրենքի բացակայության եւ դրա խիստ կամայական մեկնաբանության պայմաններում մարդիկ իրենց փոխհարաբերությունները սկսել էին ինքնուրույն կազմակերպել հետադիմական արեւելյան կլանային կամ ցեղային համակարգի օրինակով: Որոշ խմբեր «ուժով ծնված» սեփական իրավունքները հաստատելու համար պայմանական խաղի կանոններ էին ստեղծել իրենց «հպատակության» կամ իրենցից որոշակի կախվածության մեջ գտնվող անձանց համար: Վերջիններս էլ, մտնելով հանցավոր համագործակցության մեջ, ընդունել էին այդ խաղի կանոնները, ինչի արդյունքում Հայաստանում կազմավորվել էին տեղական բդեշխություններ, եւ ամեն ոլորտ սկսել էր կառավարվել այս կամ այն բդեշխի կլանի կողմից:

Ամեն բդեշխություն ուներ «արդարության» եւ «անարդարության» իր գերհասարակ մեկնությունը. «ես արդար եմ եւ արդար է այն ամենը, ինչն ինձ օգուտ է բերում»: Երբ այս նույն լեյտմոտիվը փորձում էին կիրառել վարչակարգի դեմ մերթընդմերթ պայքարի դուրս եկողները, որպես կանոն, պարտվում էին: Նրանց համար էլ իրենց գործն էր «արդար», որովհետեւ հանրօգուտ էր, բայց այդ «արդարության» մարտիկները չունեին այն ուժը, որը կծներ իրենց գործողություններին նման կամայական մեկնություն տալու իրավունք: Հասարակությունը պառակտվել էր: Կար իրենց «արդարությունը» հաստատած «արդարների» հաղթանակած մի խումբ՝ համակիրների հետ, եւ կար նմանատաիպ «արդարությունից» շնչահեղձ եղողների հսկայական հավաքականություն: Նման փոխհարաբերությունների պարագայում պետությունը վերածվել էր ֆիկցիայի, եւ ամեն մեկը գործում էր ըստ սեփական պատկերացումների:

Նման փոխհարաբերությունների վերահաստատումը բացառելու համար պետությունը մի ճանապարհ ունի՝ ամբողջովին բարեփոխել արդարադատության ոլորտը: Պետականաշինության առաջնային պայմանը սահմանադրական կարգերի լիակատար հաստատումն է: Օրենքի գերակայությունը պետք է լինի աներկբա: Օրենքի առջեւ հավասարությունը մարդկանց «յուրօրինակությունից» զրկելու նպատակ չի հետապնդում: Օրենքի առջեւ հավասարություն՝ նշանակում է բոլորի իրավունքների հավասար պաշտպանություն: Երկար ժամանակ ինքնահաստատման մոլուցքով տառապող «իշխանիկները» եւ նրանց մեջ իրենց արտապատկերումը տեսնող համակիրները օրենքի վրայով անցնելը դիտում էին որպես յուրահատուկ մի շնորհ՝ առավելություն մյուսների նկատմամբ:

Բրգաձեւ իշխանության մեջ ուղղահայաց ենթակայության տակ գտնվողները գիտակցում են, որ իրենց տեսակի պահպանման համար օրենքի դաշտը պիտանի միջավայր չէ ու դեռ փորձելու են դատական իշխանության միջոցով աղճատել պետական կառավարման ապարատը՝ իրենց դիրքերը որոշ չափով պահելու համար: Դրան հակազդելու եւ քաղաքացիների ընդունած խաղի կանոնները վերջնականապես բոլոր ոլորտներում հաստատելու համար ժամանակավոր կառավարությունը կարող է կիրառել ձեռքի տակ եղած բոլոր հասանելի միջոցները: Ցանկալի արդյունքը չի ուշանա, եթե Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր չափով, իր տեղում եւ գիտակցաբար ստանձնի օրենքի երաշխավորի իր բաժին դերը:

 

Մարինա Մուրադյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: