Ազգային ժողովը հունիսի 22-ի երեկոյան 89 կողմ ձայներով, առանց դեմի եւ ձեռնպահի, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Երկու ընթերցումների քննարկումը կազմակերպվեց նույն օրը՝ արտակարգ ռեժիմով: Քվեարկված փոփոխությունները ենթադրում են, որ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների լիազորությունները, եւ թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։
Այսպիսով, Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես Բարձր դատարանի նախագահ, բայց կմնա ՍԴ անդամ։ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները` Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Ալվինա Գյուլումյանը, կուղարկվեն թոշակի։ Ընդդիմադիրները բոյկոտեցին նիստը, քանի որ բազմաթիվ վերապահումներ ունեին նախագծի սահմանադրականության վերաբերյալ:
Փոփոխությունների անհրաժեշտությունը, ըստ պաշտոնական հիմնավորման, պայմանավորված է Սահմանադրական դատարանը 2015 թվականի Մայր օրենքի ոգուն համապատասխանեցնելու հանգամանքով: Այս փաստաթուղթը, ըստ էության, կոչված է փոխարինելու հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագծին, համաձայն որի` դադարեցվում էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու եւս վեց դատավորների լիազորությունները: Ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն, ինչպես հայտնի է, հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով եւ գործընթացը տեղափոխվել խորհրդարան: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «իմքայլական» Վլադիմիր Վարդանյանը համոզմունք էր հայտնել, որ մասնագիտական կարծիքի համար Վենետիկի հանձնաժողով ուղարկված նոր իրավակարգավորումները կհանգուցալուծեն ՍԴ-ի ճգնաժամը։ Սակայն, չսպասելով «վենետիկցիների» պատասխանին, հարցը հապճեպ ներառեցին ԱԺ արտահերթ նիստի օրակարգ եւ 24 ժամվա ընթացքում հաստատեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
ՍԴ ճգնաժամի մասին խոսակցությունը նոր չէ: Արդեն երկու տարի իշխանական քարոզչությունն ուռճացված լուրեր է շրջանառում, թե դատական համակարգը եւ, մասնավորապես, Սահմանադրական դատարանը ճգնաժամ է ապրում, չի վայելում հանրության վստահությունը, իսկ «վնգստացող» դատավորներին պետք է ցույց տալ իրենց տեղը եւ այլն: Իրականում ՍԴ-ն աշխատում էր սովորական ռեժիմով, քննարկում հարցեր եւ իր լիազորությունների շրջանակում կայացնում որոշումներ: Միակ անդամը, որը 2019-ի հունիսի 20-ին նշանակվելուց ի վեր ամբողջ մեկ տարի չի աշխատել, բայց կանոնավոր կերպով ստացել է 15 միլիոն դրամ աշխատավարձ եւ պարգեւավճար, դա իշխանությունների «սրտի» դատավոր Վահե Գրիգորյանն է: Ինչ վերաբերում է հանրային անվստահությանը, ապա այդ մասին պետք է դատել ոչ թե «աչքաչափով», այլ վերջերս անցկացված սոցհարցումով, որի արդյունքով ՍԴ-ն մի շարք այլ ինստիտուտների մեջ հանրային վստահության ամենաբարձր ցուցանիշն ուներ` 40 տոկոս: Համեմատության համար ասենք, որ կուսակցությունների պարագայում այդ ցուցանիշը 1,7 տոկոս էր:
Կարող է հարց ծագել, թե այդ դեպքում ինչու է ՍԴ-ն դարձել իշխանությունների «աչքի փուշը»: Օրերս ՀՀ նախագահի կողմից ներկայացված մի դիմումի շրջանակում Սահմանադրական դատարանը քննում էր «Բանկային գաղտնիքի մասին օրենքի» փոփոխությունները, որն ԱԺ-ն ընդունել էր հունվարի 22-ին: Դատարանը հանգեց եզրակացության, որ օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրության միանգամից մի քանի հոդվածների եւ չեղարկեց դրանք: Այդ փոփոխություններով նախատեսվում էր մարդկանց բանկային հաշիվների մասին տվյալները հասանելի դարձնել քննչական մարմիններին: Ըստ էության, ՍԴ-ն կասեցրեց բանկային գաղտնիքի հանրայնացման մի գործընթաց, որը կարող էր լրջորեն սասանել ոչ միայն մարդու իրավունքների հիմքերը, այլեւ մեծ վնասներ հասցնել ներդրումային միջավայրին ու բանկային համակարգի կայունությանը: Ահա թե ինչու «թավշյա» կառավարության քիմքին հաճո չէ ՍԴ-ն, որից ցանկանում էր ժամ առաջ ազատվել:
Հարկ չկա ապացուցելու, թե որքան մեծ էր այդ ցանկությունը: Բավական է` մի պահ մտովին վերականգնել ՍԴ-ի դեմ պայքարի հետ կապված իրադարձությունների շղթան, եւ պատկերը կհստակեցվի: Ահավասիկ այս շղթայի օղակները` հակակրանքի տոտալ քարոզչություն, հանրաքվեի անցկացման որոշման կայացում, COVID-19-ով առաջին վարակակիրների անտեսմամբ «Այո»-ի ակտիվ քարոզարշավի ծավալում, հանրաքվեի հետաձգում, ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի հապճեպ անցկացում եւ այդտեղ էլ ՍԴ թնջուկի վերջնական հանգուցալուծում: Ընդ որում` բացառապես ԱԺ քաղաքական մեծամասնության ձայներով եւ հունիսի լույս 24-ի գիշերը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրության կորզմամբ, ինչը կոշտ արձագանք գտավ հանրության եւ քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում:
Իր անառողջ նկրտումների բավարարմանն իշխանությունը հասավ ամեն գնով` Սահմանադրության եւ օրենքների պահանջների ոտնահարումներով, ճնշումներով, եվրոպական կառույցների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի երաշխավորությունների ու խորհրդատվությունների քամահրմամբ: Այդ ամենի դառն պտուղները շուտով մենք «կճաշակենք» միջազգային հարթակում հակահայկական փաստաթղթերի, զեկույցների եւ հայտարարությունների ընդունմամբ: Հիմա Նիկոլ Փաշինյանի առջեւ ճանապարհը բաց է, ամենամեծ խոչընդոտը` հաղթահարված: Այլեւս նա կարող է ՍԴ-ում վավերացնել ուզած կոնվենցիաները, ընդունել ուզած օրենսդրությունը` փույթ չէ, թե դրանով կարող են աղճատվել մեր արժեքային համակարգն ու ազգային դիմագիծը, սահմանափակվել մարդու հիմնարար իրավունքները:
Վարչապետին հարկավոր էր «գրպանային» Սահմանադրական դատարան, եւ նա այն ստացավ: Ընդորում` ստացավ մինչեւ հուլիսի 7-ը, երբ ՍԴ-ում պետք է քննվի Ռոբերտ Քոչարյանի` իրեն վերագրվող 300.1 հոդվածի սահմանադրականությանն առնչվող դիմումը: Այսինքն` ամեն ինչ արվեց, որպեսզի երկրորդ նախագահի դիմումը քննի ՍԴ-ի նոր կազմը, որի կայացնելիք վճիռն արդեն այսօր կարելի է անսխալ գուշակել: Եվ միանգամայն բնական էր, որ Քոչարյանի փաստաբանական խումբը նպատակահարմար գտավ ՍԴ-ից ետ վերցնել իր պաշտպանյալի դիմումը: Որքան էլ «իմքայլականները» վստահեցնում են, թե այս նախագիծը «երջանիկ ապրելու համար է», ոլորտի մի շարք մասնագետներ, իրավապաշտպաններ, քաղաքական ուժեր երկրում բռնապետության հաստատման, սահմանադրական կարգի տապալման եւ իշխանության յուրացման վտանգներ են տեսնում:
«Կա տեսակետ, որ կատարվածը սահմանադրական հեղաշրջում է,- ՖԲ իր էջում գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը եւ շարունակում,- սա իրավական կողմն է, եւ հավանորեն այդպես է։ Կա նաեւ հարցի բարոյական կողմը, եւ այդ տեսանկյունից կատարվածն իրավական դիակապտություն է»: Էլ ավելի լակոնիկ է տեղի ունեցածը բնութագրել «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան, Արսեն Բաբայանը. «Սա, թերեւս, ՀՀ պատմության մեջ ամենավտանգավոր հակապետական գործողությունն է, որ երբեւէ իրականացվում է»,- նշել է նա: Իր խոսքն է ասել նաեւ արտախորհրդարանական «Ժառանգություն» կուսակցությունը` հայտարարելով. «ՀՀ իշխանությունն ամեն անգամ փորձում է կարկատաններ հորինելով` բարեփոխել անբարեփոխելին, պահով պայմանավորված կետային շտկումներ կատարել: Նմանօրինակ կարկատանները հետագայում էլ ավելի մեծ խնդիրների են հանգեցնելու»: Իշխանությունների գործելակերպը դատապարտող հայտարարություններով հանդես են եկել նաեւ ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «Հայրենիք» կուսակցությունը եւ այլք:
Բայց ամեն ինչ կորած չէր: Իրավիճակը փրկելու հնարավորություն տրված էր երկու ընդդիմադիր խմբակցություններին` նախագծի սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու միջոցով։ ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց ձեռնարկեց, ապահովեց իր 25 պատգամավորի ստորագրությունը, բայց դա բավարար չէր դիմումը ՍԴ ներկայացնելու համար, պահանջվում էր 27 պատգամավորի ստորագրություն: Ցավոք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ակնկալվող ընդամենը 2 ստորագրությունը անհիմն պատճառաբանությամբ մերժվեց, եւ իրավիճակը շտկելու ակնհայտ հնարավորությունն ի դերեւ ելավ: Մերժման տարբեր պատճառներ հնչեցին, սակայն դրանք այլեւս էական չեն: Փաստն այն է, որ «Լուսավոր Հայաստանի» աջակցությամբ իրականացավ մի նախագիծ, որը լրջագույն սպառնալիք է մեր պետականության համար: «Էդմոն Մարուքյանը հերթական անգամ քաղաքական ճկունության մաստեր-կլաս ցույց տվեց, բայց եթե այս ամենի արդյունքում մեր երկրում սահմանադրական կարգը տապալվի, մենք գիտենք, թե ով այն տապալեց, եւ ով դրան օժանդակեց իր կլասիկ աճպարարությամբ»,- դիպուկ նկատել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
Սահմանադրական դատարանը վաղուց դարձել էր իշխանությունների «ցավող ատամը», որից ուզում էին հնարավորինս շուտ ազատվել եւ, ի վերջո, հասան այդ բաղձալի նպատակին: Դե, ինչ` սպասե՞նք, որ վաղվանից տնտեսությունը թռիչքաձեւ զարգացում կապրի, ներդրումները կհեղեղեն երկիրը, մարդիկ կերջանկանան եւ խաղաղություն կհաստատվի հայոց բազմաչարչար հողում:
Գեւորգ Բրուտենց
Հ.Գ. Երբ այս հրապարակումն արդեն պատրաստ էր, հայտնի դարձավ, որ սահմանադրական փոփոխությունները հակասահմանադրական համարող ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, դիմել է Սահմանադրական դատարան: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանի տեղեկացմամբ` խմբակցության գործընկերներից բացի, ստորագրահավաքին միացել է նաեւ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: