Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Հայաստանի քաղաքական համակարգը պաշտպանված չէ կողմնակի ազդեցություններից

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքը որոշակի պարզություն մտցրեց Արցախի ներքաղաքական իրավիճակում: Փաշինյանը հասկացրեց, որ Հայաստանը կդառնա  2020թ. արցախյան ազատ ընտրությունների երաշխավորը: Ընդորում` նա միանգամայն հստակ ակնարկեց, որ պայքարի ուժային եղանակներն անթույլատրելի են: Սա չէր կարող չազդել Արցախում պաշտոնաթող գեներալ Սամվել Բաբայանի շարունակվող քաղաքական «դյուցազներգության» վրա: Մինչ այդ էլ գեներալն իրականում հույս չուներ, որ կարող է հասնել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի: Նրա վերջին հայտարարություններից նկատելի էր, որ արդեն խաղադրույք է արվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ դրան հաջորդող խորհրդարանական ընտրությունների վրա: Այդ նպատակով արդիականացվել էր գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնաթողության գաղափարը: Բաբայանն իր ծրագիրը ներկայացրել է հետեւյալ կերպ. կանցկացվեն հանրահավաքներ՝ նախապես պետական կառավարման մարմիններից անօրինական իշխանությանը հեռացնելու եւ օրինական ընտրություններ անցկացնելու համար: Իր հերթին` գործող նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ  հասկանալ է տվել, որ առանց ավելորդ աղմուկի օրենքի առջեւ պատասխանատվության կկանչի բոլոր նրանց, ովքեր կընտրեն ապօրինության ճանապարհը: Եվ այստեղ էլ վարչապետ Փաշինյանն է իմանալ տվել, թե ով է այստեղ «տանտերը» եւ ում ինչ է թույլատրվում:

Թե ինչպես կզարգանա այս դիմակայությունը` ցույց կտա ժամանակը: Սույն հոդվածում մեզ հետաքրքրում է ստեղծված իրավիճակի մեկ այլ` ավելի լայն ասպեկտ: Երկու կողմն էլ՝ Բաբայանը եւ Սահակյանը, միմյանց մեղադրում են սահմանադրական կարգի հիմքերի նկատմամբ ոտնձգությունների մեջ: Ամեն մեկն իր գնահատականում յուրովի իրավացի է. 2017-ին Սահակյանն անձնական քաղաքական նկրտումներով կատարեց իրավական մանիպուլյացիաներ, իսկ Բաբայանը հիմա է փորձում դա անել: Ընդորում` երկու կողմն էլ նշում է իր գործողությունների համապատասխանությունը օրենքի տառին: Սրանում է իրավիճակի ողջ բարդությունը, քանի որ հենց օրենսդրության անկատարությունը, ավելի շուտ` քառորդ դարի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում ընդունվող պետական-օրենսդրական ակտերի իրավական խառնաշփոթն է պարբերաբար երկիրը հասցնում ճգնաժամային իրավիճակների: Ամեն անգամ այս իրավական խառնաշփոթը հնարավորություն էր տալիս իրականացնել իշխանության հավակնող այս կամ այն գործիչների կասկածելի քաղաքական ծրագրերը:

Որպես օրինակ կարող է լինել 1996-98թթ. ժամանակահատվածը: 1996-ի վիճահարույց ընտրությունների արդյունքներից հետո նախագահությունը պահպանած Լեւոն Տեր-Պետրոսյանը վարչապետի պաշտոնում նշանակեց Արմեն Սարգսյանին՝ հույս ունենալով, որ իշխանական էշելոնի այս նոր դեմքն իրեն կօգնի պահպանել սասանված իշխանությունը: Սակայն ռազմական վերնախավը չընդունեց «օտարածին» գործչին եւ ստիպեց նրան լքել իր պաշտոնը: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ Տեր-Պետրոսյանը, շատ չանցած, հրաժարական տվեց:

1998թ. մարտի 16-ին նշանակվել էին ՀՀ նախագահական ընտրությունները: Ռոբերտ Քոչարյանն առաջադրեց իր թեկնածությունը, ինչը ընդդիմության բողոքի ալիք առաջացրեց: Նրան մեղադրում էին` խախտելու համար Սահմանադրությունը, համաձայն որի` Հայաստանի քաղաքացիություն չունեցող գործիչներին արգելվում է քվեարկվել նախագահի պաշտոնի համար: Քոչարյանի կողմնակիցներն այն ժամանակ նախագահի պաշտոնի համար նրա քվեարկվելու իրավունքն արդարացնում էին Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1990թ. դեկտեմբերի 1-ի համատեղ նստաշրջանի որոշմամբ, որով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է հանդիսանում: Սույն դրույթն ամրագրված է 1990թ. Հայաստանի Անկախության հռչակագրում:

Քոչարյանի ընդդիմախոսները վկայաբերում էին երկու այլ փաստ: Առաջին` 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը կազմավորել է սեփական Հանրապետությունը (ԼՂՀ), որը 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքներով հռչակել է իր անկախությունը (ԼՂՀ Անկախության հռչակագիրն ընդունել է ԼՂՀ-ի 1992թ. հունվարի 6-ի առաջին Գերագույն խորհուրդը): Եվ երկրորդ` 1991թ. սեպտեմբերին Հայաստանի անկախության հանրաքվեն անցկացվել է նախկին Խորհրդային Հայաստանի տարածքում: Այսինքն՝ Քոչարյանը չուներ Հայաստանի քաղաքացի լինելու իրավունք: Հայաստանի Հանրապետության ընտրություններում Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ընտրելու կամ ընտրվելու իրավունք չուներ: Այն փաստը, որ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, էլ ավելի էր խորացնում հայկական պետականության իրավական խառնաշփոթը: Արդյունքում` մարտի 30-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով, Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ: Սա Հայաստանի քաղաքական համակարգի փլուզման առաջին փուլն էր: 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո այդ փլուզումը ստացավ իր վերջնական տեսքը: Երկրում հաստատվեց օլիգարխիկ վարչակարգ:

Մինչեւ հիմա Հայաստանի իրավաքաղաքական մոդելում ոչինչ չի փոխվել: Այս համակարգում ԼՂՀ-ի տեղի մասին վեճերը չեն դադարում: ԼՂՀ բնակչությունն ունի Հայաստանի անձնագրեր, բայց զրկված է Հայաստանի Հանրապետության տարածքում ընտրություններին մասնակցելու իրավունքից: ԼՂՀ տարածքն ամրագրված է 2006-ին ընդունված ԼՂՀ Սահմանադրությամբ: Այդ տարածքում անցկացվում են նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մասնակցում են բացառապես ԼՂՀ-ում գրանցված քաղաքացիները: Անձինք, ովքեր չունեն մշտական բնակության որոշակի ցենզ, իրավունք չեն ստանում իրենց թեկնածությունն առաջադրելու համապետական ընտրություններում:

Սակայն իրավական խառնաշփոթը չի դադարում պահպանել հերթական մանիպուլյացիաների եւ երկու հայկական հանրապետությունների քաղաքական համակարգի վրա կողմնակի ազդեցությունների հնարավորությունները: Հայաստանում «թավշյա» հեղափոխության արդյունքում ԼՂՀ ներկա իշխանության հիմքերի թուլացումը կրկին պայմաններ ստեղծեց իրավաքաղաքական համակարգում կողմնակի ոտնձգությունների համար: Ինչպես նախկինում, ԼՂՀ նախագահի թեկնածության առաջադրման իրավունք ստանալու նպատակի իրագործման իրավական հիմքը Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1990թ. դեկտեմբերի 1-ին համատեղ նստաշրջանի որոշումն է: Առաջարկվում է իրավաքաղաքական գործածության մեջ դնել ՀՀ քաղաքացիների` ընտրովի պաշտոնների համար Արցախի ընտրություններին մասնակցելու իրավունքի մասին կանոնադրությունը: Հայաստանի եւ ԼՂՀ օրենսդրության մեջ մնացած ամեն ինչը մնում է նույնը: Այն պայմաններում, երբ Արցախի բնակչության զգալի մասը խիստ բացասական վերաբերմունք է դրսեւորում գործող իշխանությունների նկատմամբ, մարդկանց շատ քիչ է հետաքրքրում նման առաջարկի ապակառուցողական իմաստը:

Բայց իրականում ի՞նչ կարող է դա նշանակել: Կարող է նշանակել սոսկ այն, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի քաղաքական համակարգի չպաշտպանվածության աստիճանը եւս մեկ սանդղակով բարձրանում է: Քաղաքական համակարգն արտաքին ազդեցություններից զերծ պահելու որեւիցե մեխանիզմ չի մնում: Ցանկացած ուժ, որն ուզում է իր թելադրանքը հաստատել պետական կառավարման համակարգի նկատմամբ, կարող է իրավական սողանցք ստանալ, եթե իրականացվի այդ փոփոխությունը ԼՂՀ Սահմանադրության մեջ մտցնելու մասին Սամվել Բաբայանի առաջարկած գաղափարը: Դժվար չէ պատկերացնել, թե քաղաքական ինչպիսի արկածախնդրություններ կարող են ծրագրվել նման պայմաններում:

Հայաստանի քաղաքական դասակարգը միշտ արհամարհանքով է վերաբերվել իրավունք հասկացությանը: Իրավաքաղաքական ակտերն ընդունվում էին պահի նպատակահարմարությունից ելնելով: Արդյունքում այդ ակտերը քաղաքական գործամոլների ձեռքին վերածվում էին բազմածրագրային մեքենայությունների գործիքի: Դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ պետական հիմնարար ակտերի լուրջ վերանայում չի իրականացվել:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: