Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Վերլուծական

Ի՞նչ է կատարվում Հայաստանում. շարունակվող բողոքի ակցիան քաղաքացիական անհնազանդության շարժո՞ւմ է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ ծավալված բողոքի շարժումն արդեն ցուցարարների եւ ոստիկանների կատաղի բախման է հանգեցրել։ Չնայած հանգամանքին, որ ցուցարարներն իրենց շարժումն անվանում են «խաղաղ անհնազանդություն», նրանք չկարողացան խուսափել դաժան առճակատումից։ Թե ինչպես կզարգանան դեպքերը հետագայում՝ ցույց կտա ժամանակը։ Բայց մի բան արդեն պարզ է. բողոքի ակցիան խաղաղ անհնազանդության վրա հիմնված քաղաքացիական շարժման ձեւ չստացավ։

Ցուցարարները, թերեւս, չեն հասկանում նման շարժումների տրամաբանությունը։ Իսկ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կառավարություններն ունակ են բռնի ուժով ճնշել ցանկացած զանգվածային շարժում, եթե վերջինս չի պատկերացնում խաղաղ միջոցներով ուժի դեմ պայքարի տեխնոլոգիան։ Հաջողության կարող են հասնել միայն նրանք, ովքեր գիտակցում են, որ քաղաքացիական շարժման հիմքում քաղաքացիների անզեն բանակի պայքարն է զինված վարչակարգի դեմ։

Այս հոդվածում կփորձեմ համառոտ բացատրել քաղաքացիական անհնազանդության շարժման տրամաբանությունը։ Ունենալով մի քանի նմանատիպ շարժումների մասնակցելու, ինչպես նաեւ տարբեր երկրներում քաղաքացիական մի շարք շարժումներ ուսումնասիրելու անձնական փորձ՝ կարող եմ ինձ թույլ տալ կիսելու թեմայի վերաբերյալ իմ տեսակետները: Բարձրացված թեմայի առանձնահատկությունն այն է, որ մարդկանց մեծամասնությունը չի հավատում, որ առանց զենքի հնարավոր է հանցավոր վարչակարգ տապալել։ Անգամ անձամբ դիտարկելով նման գործընթացն ու դրա արդյունքը՝ մարդիկ հակված են տեղի ունեցողը վերագրել «երրորդ ուժերի խարդավանքներին»։

Միայն մենք չենք, որ այդպես ենք մտածում, այդպես է ամբողջ աշխարհում։ Այս ամենը գալիս է այն կեղծ համոզմունքից, թե ժողովուրդներն ընդհանրապես չեն կարող ունենալ իրենց քաղաքական ծրագիրը։ Ըստ այդ տեսակետի՝ դժվար է պատկերացնել, որ ժողովուրդը ծրագիր է ունեցել եւ, նույնիսկ, իրականացրել է։ Այս կեղծ համոզմունքը խորը նստած է մարդկանց մտքերում: Իսկ ինչո՞ւ։ Որովհետեւ այն երեւույթը, որի մասին խոսելու ենք, իրոք բավական բարդ է։ Եվ չնայած հանգամանքին, որ ավելի քան մեկ դար աշխարհում, տարբեր երկրներում, խաղաղ անհնազանդության զանգվածային շարժումների օգնությամբ տապալվել են տարբեր վարչակարգեր, շատերի համար «երրորդ ուժերի խարդավանքների» գաղափարը մնում է անսասան։

Իսկ նրանց համար, ովքեր ցանկություն ունեն հասկանալու «օրենքի հետեւում թաքնված» ուժի դեմ անզեն պայքարի տրամաբանությունը, կարող են հետաքրքիր լինել իմ հետագա փաստարկները։ Բայց նախ սահմանենք քաղաքացիական անհնազանդություն հասկացությունը։ Ընդհանրապես ընդունված է, որ քաղաքացիական անհնազանդությունը քաղաքացիական ակտիվության ձեւ է, որն արտահայտվում է օրենքի միտումնավոր, բայց ոչ բռնի խախտմամբ՝ հասարակության ուշադրությունը շարժման առաջադրած խնդրի վրա գրավելու նպատակով։

Նման շարժման կողմնակիցները ելնում են նրանից, որ անհատն իրավունք ունի հրաժարվել իշխանության ենթակայությունից, եթե իրավիճակ է ստեղծվում, երբ անհատը ճիշտ է, իսկ իշխանությունը՝ սխալ։ Քաղաքացիական անհնազանդության պրակտիկան ճանաչում է ինչպես օրենքի «ակտիվ» խախտում, այնպես էլ դրա պահանջների «պասիվ» անտեսում։ Քաղաքացիական անհնազանդության նպատակները կարող են տարբեր լինել՝ կոնկրետ բարեփոխումներ իրականացնելուց մինչեւ գործող իշխանության եւ, նույնիսկ, քաղաքական համակարգի տապալում:

Հիմնական գործոնը խանգարումն է: Ժողովուրդը ներքաշվում է քաղաքացիական անհնազանդության մեջ եւ դադարում համագործակցել իշխանական բուրգի հետ, ինչը խաթարում է վերջինիս անխափան գործունեությունը։ Քաղաքական գործիչների համար դա հանգեցնում է անզորության եւ մեկուսացման վիճակի։

Այս միտքն առաջին անգամ ձեւակերպել է ամերիկացի բարոյախոս Հենրի Թորոն իր «Քաղաքացիական անհնազանդության պարտքի մասին» էսսեում (1849): Գործնականում քաղաքացիական անհնազանդության մեթոդների հաջողությունը ցույց է տվել Մահաթմա Գանդին Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման պայքարում՝ այս պրակտիկան ձեւակերպելով որպես «ճշմարտության մեջ համառություն»։ Նա դրա էությունը տվել է հետեւյալ բանաձեւով՝ անօրինականության (անարդարության) հետ համագործակցելու ոչ բռնի մերժումը անօրինականության հաղթահարման ճանապարհն է։

Շատերն են կարդացել ամերիկացի հետազոտող Ջին Շարփի աշխատանքները։ Շարփը եւ նրա հետեւորդները գնացին Գանդիի կողմից մշակված ոչ բռնի պայքարի ուսմունքի համընդհանրացման եւ գործիքավորման ճանապարհով։ Նրանց աշխատանքի արդյունքն էր ոչ բռնի պայքարի գաղափարները հասցնել տեխնոլոգիայի, այսինքն՝ կիրառման պատրաստ կոնկրետ գործնական մեթոդների: Հարվարդի համալսարանի քաղաքագետ Էրիկա Չենովեթի հետագա հետազոտությունը (Ինչո՞ւ է աշխատում քաղաքացիական դիմադրությունը. ոչ բռնի հակամարտությունների ռազմավարական տրամաբանությունը) հաստատում է, որ խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը պարզապես բարոյական ընտրություն չէ: Դա նաեւ քաղաքականությունը փոխելու ամենաարդյունավետ միջոցն է:

Հետազոտողը ցույց տվեց, որ լուրջ քաղաքական փոփոխությունների համար բավական է, որ բնակչության մոտ 3,5%-ը ակտիվորեն մասնակցի բողոքի ակցիաներին։ Չենովեթը, այնուամենայնիվ, մատնանշեց շարժման հաջողության հիմնական մեխանիզմը եւ պնդեց, որ «ստանալով լայն ժողովրդական աջակցություն՝ խաղաղ բողոքի արշավներով ավելի հավանական է նվաճել ոստիկանության եւ զինվորականների աջակցությունը՝ հենց այն խմբերի, որոնց կառավարությունները սովորաբար ապավինում են եղածը պահպանելու համար։ Միլիոնավոր մարդկանց մասնակցությամբ խաղաղ զանգվածային ցույցերի ժամանակ անվտանգության ուժերը կարող են նաեւ մտավախություն ունենալ, որ իրենց ընտանիքն ու ընկերները ցուցարարների շարքում են: Բայց ամենից հաճախ առաջանում է «խորտակվող նավից» փախչելու էֆեկտը»։

Այժմ անդրադառնանք շարժման տեխնոլոգիային ու գործողությունների ալգորիթմին։ Այստեղ ամեն ինչ շատ պարզ է թվում, բայց հենց այս «պարզությունն» է, որ շատ ցուցարարներ չեն կարողանում հասկանալ: Եվ ամեն ինչ սկսվում է, իսկապես, պարզ հայտարարություններից: Դրանցից մեկը իշխանություններին ուղղված անբասիր մեղադրանքն է: Մեղադրանքը կարելի է անբասիր համարել, եթե ոչ ոք չի կասկածում դրա ճշմարտացիությանը, նույնիսկ՝ իշխանության ղեկավարները, ովքեր մեղադրվում են: Սխալ ձեւակերպված մեղադրանքը ինքնին շարժումն անխուսափելի ձախողման է տանում։

Արդյունավետ աշխատող տեխնոլոգիաներից մեկն էլ «մեղադրյալի» նկատմամբ հստակ ձեւակերպված վերջնագրային պահանջն է. դրա խնդիրն է ազգային մակարդակով վեճ առաջացնել «ճշտի» մասին։ Վեճի վերջնական նպատակը իշխող վերնախավի կապիտուլյացիան է։ Կենսունակ ձեւերից է իշխանությունների համար դժվարլուծելի խնդիրների հարուցումը, որը կարող է նրանց անզորության զգացողության մատնել։ Նման իրավիճակներ հնարավոր է ստեղծել կառավարության որոշումները բոյկոտելու, օրենքներն անտեսելու, պատգամավորների գործունեությունն ինչ-որ կերպ խաթարելու արդյունքում։ Ընդ որում՝ այս ամենն արվում է առանց իշխանությունների նկատմամբ բռնություն, նույնիսկ՝ դիմադրություն գործադրելու։ Երբեմն ցուցարարները նույնիսկ զանգվածաբար հանձնվում են իրավապահ մարմիններին՝ քաոս ստեղծելով արդարադատության համակարգում։

Նկարագրված ալգորիթմի կիրառման նպատակը հետեւյալն է. ընտրության առաջ կանգնեցնել բոլորին ու ամեն ինչ եւ հասնել համընդհանուր ընտրության՝ հօգուտ շարժման պահանջների։ Ենթադրվում է, որ ընտրությունը պետք է կատարեն նախ հասարակության լայն շերտերը, ապա կազմակերպված կառույցները՝ անձնակազմերը, ՀԿ-ները, կուսակցությունները եւ, ի վերջո, ուժային համակարգերը։ Առանցքային խնդիրը ոստիկանությանն ու բանակին շարժման մեջ ներգրավելն է, ինչը հաջողելու դեպքում կարելի է համարել, որ շարժման նպատակն իրականացել է։

Նման վեճի լուծման տարբեր ձեւեր կան. օրինակ՝ 2000-ականների սկզբին Սերբիայի երիտասարդական շարժման մեջ կուսակցություններն ինչ-որ փուլում անցան շարժման կողմը, եւ նախագահական ընտրության արդյունքով ոստիկանությունը խորհրդարանը հանձնեց ցուցարարներին, իսկ պաշտոնանկ արված նախագահ Միլոշեւիչը ստիպված եղավ ստորագրել ընտրությունների արդյունքները։ Թաիլանդում 2004-ի շարժման ժամանակ բանակը հեռացրեց գործող վարչապետ-բռնապետին եւ բանակցություններ սկսեց շարժման առաջնորդների հետ: Նպատակն էր զինվորականներից ձեւավորել նոր կառավարություն՝ շարժման ծրագիրն իրականացնելու պայմանով։

Նման մի բան էլ եղավ 2011թ.-ին Եգիպտոսում, երբ ոստիկանությունը լքեց ասպարեզը (փախավ), իսկ բանակը հեռացրեց նախագահին եւ լուծարեց իշխող կուսակցությունը՝ նշանակելով նոր ընտրություններ։ Թունիսում ցուցարարների դեմ տեղակայված բանակը պարզապես շուռ եկավ ժողովրդի կողմը։ Եղան դեպքեր, երբ գործող իշխանություններն ընդունեցին ցուցարարների պահանջները եւ հանրաքվեի կամ ընտրության արդյունքում հեռացան՝ նախապես բարձրագույն պաշտոնում նշանակելով շարժման ընտրյալին։ Այս տարբերակը մենք տեսանք նաեւ Հայաստանում։

Քաղաքացիական շարժումների խնդրի կարեւոր դիտանկյունը արտաքին ուժերի վերաբերմունքն է այդ շարժումների նկատմամբ։ Այստեղ կարող ենք միայն նշել, որ տվյալ վերաբերմունքը եւս որոշվում եւ փոխվում է՝ կախված ցուցարարների գործողությունների արդյունավետությունից։ Բավական է միայն մեկ օրինակ նշել. 1980-ականների շարժման ժամանակ Չիլիում բռնապետ Պինոչետը կորցրեց Միացյալ Նահանգների աջակցությունը եւ հանրաքվեի արդյունքներով պաշտոնանկ արվեց սեփական երկրի անվտանգության ուժերի կողմից։

Սա է ընդհանուր տրամաբանությունը։ Մնում է խոսել այն երկրի իրավիճակի հետագա իրավական կարգավորման մասին, որտեղ տապալվել է վարչակարգը։

Ավտորիտար երկրում իշխող վերնախավի կապիտուլյացիան ստեղծում է ձեւավորվող պետության իրավական կարգավորման հրամայական։ Որպես կանոն, այս պայմանը բնութագրվում է բիզնեսի եւ քաղաքականության միաձուլմամբ, արդարադատության համակարգի եւ ընտրությունների կաթվածահարմամբ: Առանց քաղաքական եւ տնտեսական ոլորտների իրավական կարգավորման ու տարանջատման՝ անհնար է լուծել սեփականության պաշտպանության եւ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու խնդիրը։ Քանի դեռ սեփականությունը պաշտպանված չէ օրենքով եւ ճանաչված հասարակության կողմից, պետական կառավարման համակարգը չի կարող ազատվել նրա թելադրանքից։ Իսկ անկախ դատական համակարգի մասին չի կարող խոսք լինել։

Յուրաքանչյուր երկիր ունի կոնկրետ նպատակ նման կարգավորման համար։ Այստեղ կարեւոր է նկատի ունենալ այն փաստը, որ կարգավորումից հրաժարվելու կամ դրա անբավարարության դեպքում հասարակության մեջ կարող է կամայականության եւ ամենաթողության իրավիճակ ստեղծվել՝ սպառնալով օրենքի ու իրավակարգի լուրջ խաթարմանը: Բայց նույնիսկ այն դեպքերում, երբ իրավական կարգավորման պրակտիկան դուրս է գալիս անմիջական կարիքների շրջանակից, սովորաբար կամայականության իրավիճակ է առաջանում հենց պետության կողմից:

Կարծես թե հենց այս իրավիճակն է Հայաստանում, որտեղ 2018-ին քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումից հետո իրավական կարգավորում չիրականացվեց։ Ըստ այդմ՝ իշխանությունների եւ հասարակության գործողություններում առկա են լիակատար անորոշություն եւ իրավական կամայականություն:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: