Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

ԵԱՏՄ երեւանյան գագաթաժողովը. ի՞նչ է կատարվում աշխարհում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ Երեւանում անցկացված գագաթաժողովը բուռն արձագանք է առաջացրել Հայաստանում եւ այդ միջոցառման անդամ երկրներում: Եվ եթե Հայաստանից դուրս հետաքրքրություն էր ներկայացնում գագաթաժողովին Սինգապուրի վարչապետի ու Իրանի նախագահի մասնակցության հանգամանքը, ապա Հայաստանի ներսում, ինչպեսեւ սպասվում էր, կրքերը շիկացել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձի շուրջ: Վերջին անգամ ՌԴ նախագահը Հայաստանում եղել է գրեթե երեք տարի առաջ: Իսկ «Թավշյա հեղափոխության» արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Պուտինի հետ Փաշինյանի բոլոր երկկողմ հանդիպումները կայացել են կամ Մոսկվայում, կամ միջազգային հավաքներում:

Ամբողջ այդ ժամանակ Հայաստանում չէին դադարում բանավեճերը հայ-ռուսական հարաբերությունների բնույթի շուրջ: Շատերը համարում էին, որ նոր իշխանությունների քաղաքականությունը վատացրել է այդ հարաբերությունները: Նման տրամադրությունները թեժ էին պահում ռուսաստանյան որոշ գործիչներ ու ԶԼՄ-ներ՝ թմբկահարելով «Հայաստանի հեռացումը դեպի Արեւմուտք» թեման: Իսկ Երեւանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի նախապատրաստության մասին տեղեկատվության ի հայտ գալու պահից խոսակցությունների միակ նյութը դարձավ ՌԴ նախագահի երեւանյան այցի թեման: Չգիտես ինչու՝ տիրապետում էր այն կարծիքը, թե Պուտինը չի գալու Երեւան, քանի որ Փաշինյանից «նեղացած է»: Բուն գագաթաժողովի խնդիրը շատ քչերին էր հետաքրքրում: Բայց եղավ այն, ինչ եղավ:

Պետությունների ղեկավարների առաջին հանդիպմանը Պուտինն իսկապես շատ մռայլ տեսք ուներ: Ըստ երեւույթին, հաճախ Ռուսաստանի «վասալ» ընկալվող պետության տարածքում հեշտ չէր իրեն զգալ պետությունների բազմաթիվ լիդերներից մեկի դերում: Օդանավակայանում, համաձայն արձանագրության, հանդիպում ունենալը, բոլորի հետ համահավասար Հայաստանի կառավարության ղեկավարի կողմից ընդունված լինելը մի տեսակ անսովոր է: Ավելի սովորական է՝ Հայաստան այցելել սեփական հայեցողությամբ, ինչպես տարիներ առաջ էր: Հիշողության մեջ դեռ վառ է, թե ինչպես տարիներ առաջ նրա ինքնաթիռն, ընդհանրապես, վայրէջք կատարեց ոչ թե Հայաստանի մայրաքաղաքում, այլ Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմահենակետը: Իսկ Հայաստանի նախագահին այն ժամանակ ստիպել էին մեկնել եւ նրան դիմավորել հենց այնտեղ:

Բայց ժամանակները փոխվում են: Գլոբալ միտումներն անխտիր բոլորին ստիպում են սրբագրել գործընկերների հետ շփվելու իրենց պատկերացումները եւ, նույնիսկ, նրանց հետ, որոնց երբեք գործընկեր չեն էլ համարել: Արեւմտյան երկրների կողմից անկյուն քշված Ռուսաստանն արդեն չի կարող հույսը դնել Եվրասիական միության վրա: Իրավիճակը հրամայաբար պահանջում է դուրս գալ ավելի ընդարձակ տարածություն եւ առաջատար երկրների փոխհարաբերությունների ոլորտ: Ու այստեղ ստիպված է ավանդական գործընկերների նկատմամբ փոխել գնահատականները: ԵԱՏՄ անունով ակումբն այժմ վերածվել է ընդամենը գլոբալ փոխհարաբերությունների նոր ցանցի ծավալման մեխանիզմի:

Առաջին անգամ այդ միտումն ի հայտ եկավ 2019թ. հունիսի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական ֆորումի անցկացման շրջանում: Խոսքը գլոբալ ռազմավարական կայունության ամրապնդման գործում համապարփակ գործընկերություն ձեւավորելու՝ Ռուսաստանի եւ Չինաստանի այն ժամանակ իրեն դրսեւորած աննախադեպ հայտի մասին է: Այն շքեղ ընդունելությունը, որ Ռուսաստան ժամանած Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ցույց տվեց այդ երկրի նախագահ Պուտինը, ինչպես նաեւ դարակազմիկ բնույթի հայտարարությունները ոչ մի կասկածի տեղ չեն թողնում երկու երկրների հեռուն գնացող մտադրություններում: Միացյալ նահանգների դեմ ՉԺՀ-ի դաժան առեւտրային պատերազմի խորապատկերին Ռուսաստանի եւ Չինաստանի նմանօրինակ մտադրությունները ճակատագրական են պատկերանում ողջ աշխարհի համար:

Այն ժամանակ էլ ակնհայտ դարձավ, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի նախօրեին եւ դրա անցկացման շրջանում երկու գերտերությունների կողմից կարեւորագույն դիմախաղեր էին արվում Հայաստանի հանդեպ: Հավաքի նախօրյակին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը այն ժամանակ հատուկ ընդգծեց, որ բացի ՉԺՀ նախագահից, սպասում են Հայաստանի վարչապետին: Ավելի վաղ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարեց, որ Հայաստանը Չինաստանի կարեւոր գործընկերն է՝ իր երկրի «քաղաքակրթական» քաղաքականության մեջ: Դրանից հետո տեղի ունեցավ ՉԺՀ արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան, եւ երկու երկրների միջեւ ստորագրվեց առանց վիզայի պայմանակարգի մասին համաձայնագիր:

Եվ, ինչպես վկայեցին արդեն ֆորումի օրերին Հայաստանի վարչապետի նկատմամբ «սիրալիրության» ցուցադրական գործողությունները, բոլոր ուղղություններով «ամրության ստուգման» նպատակով նրան տրված հարցերը, Հայաստանին Սանկտ Պետերբուրգում իզուր չէին սպասում: Բավական թափանցիկ դրսեւորվեց այն հանգամանքը, որ համապարփակ գործընկերություն ձեւավորելու՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հայտում Հայաստանին առաջարկվել էր հատուկ տեղ զբաղեցնել: Հատկանշական է, որ վարչապետ Փաշինյանն իր ելույթներում չէր էլ թաքցնում, որ Հայաստանն առաջարկելու բան ունի փոխդասավորվող միջազգային ձեւաչափին: Պատրաստակամություն էր հայտնվում Հայաստանը վերածել Իրանից դեպի Եվրասիական տարածություն եւ Եվրոպա ձգվող տրանսպորտային միջանցքի: Փաշինյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը չի կարող խոչընդոտ լինել Չինաստանի, Եվրոպական միության եւ այլոց հետ Հայաստանի հարաբերությունները ձեւավորելիս: Ուշագրավ է նաեւ այն, որ նշված բանավեճերում բացակայում էին հետխորհրդային մյուս պետություններից սովորաբար ներկա գտնվող կարեւոր դեմքերը: Երեւում է՝ նոր հեռանկարում նրանց հետ կապող քիչ բան կա:

Եթե այսօր դիտարկենք ԵԱՏՄ-ի Երեւանում անցկացված գագաթաժողովը, կարելի է պարզորոշ տեսնել սանկտպետերբուրգյան գագաթաժողովում դրսեւորված միտումների շարունակությունը: Հայաստանի կառավարության ջանքերով նախօրոք Երեւան էին ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն եւ Իրանի ղեկավար Հասան Ռոհանին, որոնք մասնակցել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի աշխատանքին: Այս տարվա ընթացքում Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով եղել էր այդ երկու երկրում, որտեղ էլ ձեռք էին բերվել պայմանավորվածությունները: Եվ արդեն Երեւանում ստորագրվեց Սինգապուրի ու ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը: Տեղի ունեցավ նաեւ Ռուսաստանի եւ Իրանի նախագահների առանձին հանդիպումը:

Երեկոյան պարզ դարձավ, որ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում սառույցը հալվել է: Նրանց հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը բարձր տրամադրությամբ հայտարարեց, որ գագաթաժողովի արդյունքներն «իսկապես լավն են», այդ թվում եւ «երրորդ երկրների մեր գործընկերների հետ կապերի զարգացման տեսանկյունից... Ոչ մի խափանում չեղավ, ընդհակառակն՝ կազմակերպության շրջանակներում ձեռք բերվեցին այդ միության մասնակից երկրների միջեւ բոլոր պայմանավորվածությունները: Ահա այն մարդը, որն առավելագույն ջանքեր գործադրեց այդպիսի արդյունավետ աշխատանքի համար: Ձեզ, որպես ԵԱՏՄ նախագահի, ուզում եմ շնորհավորել Երեւանում անցկացված գագաթաժողովի արդյունքների կապակցությամբ»:

Գագաթաժողովի նախօրեին ռուսական մամուլը չէր վարանել գրել, որ «Երեւանյան գագաթաժողովը կմտնի պատմության մեջ»` նկատի ունենալով հատկապես այդտեղ Սինգապուրի վարչապետի եւ Իրանի նախագահի մասնակցությունը: Անտարակույս` Ռուսաստանի համար հենց այդ ասպեկտը հանգուցային նշանակություն ունի: Իսկ Երեւանում Հնդկաստանին, Չինաստանին եւ այլ երկրների ուղղված ռեւերանսները միայն հաստատում են այն կարծիքները, որ «երեւանյան ձեռնարկումը» գնահատվում է որպես հիմք նոր գլոբալ նախաձեռնությունների իրագործման համար: Թե ինչպես կարող են այդ նախաձեռնությունները ներգծվել արեւմտյան քաղաքական-տնտեսական հայեցակարգում՝ ցույց կտա ժամանակը:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: