Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Վերլուծական

Փաշինյանը Պրահա էր մեկնել «աղքատ ազգականի» կարգավիճակով

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Պրահայում հոկտեմբերի 6-ին երկու փուլով կայացավ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որին ներկա էին Ֆրանսիայի եւ Եվրոպայի խորհրդի ղեկավարները: Քառակողմ հանդիպման արդյունքներով տարածվել է հայտարարություն, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղակայելու ԵՄ քաղաքացիական առաքելություն եւ այլն: Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Նույն օրը տեղի է ունեցել նաեւ Փաշինյան-Էրդողան հանդիպումը՝ համապատասխան պատվիրակությունների կազմով: Երկու երկրների առաջնորդները Չեխիայում էին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթաժողովին:

Բայց արժե սկզբի համար հպանցիկ անդրադառնալ աղմկահարույց մի խոսույթի, որը հրապարակ նետվեց հատկապես ՀՀ պատվիրակության՝ Պրահա մեկնելու նախօրեին: Ելույթ ունենալով ԱԺ-ում, Նիկոլ Փաշինյանը կրկին բացեց արցախյան կարգավորման բազմաչարչար թեման՝ իր յուրովի «մեկնաբանություններով» եւ նախկին բանակցողներին ուղղված մեղադրանքներով: Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը վաղուց ճանաչել էին Արցախը Ադրբեջանի կազմում, եւ ինքը 2018-ին երրորդ նախագահից ժառանգություն էր ստացել կապիտուլյացիոն փաստաթուղթ:

Ամեն անգամ այս մասին խոսելիս՝ Փաշինյանը լուռ շրջանցում է երկու տրամաբանական հակափաստարկ. ա/ ինչո՞ւ նման կարեւոր հարցը ժամանակին չի բարձրաձայնել եւ բ/ եթե եղել է հակահայկական փաստաթուղթ՝ ինչո՞ւ Ալիեւը չէր համաձայնվել եւ, դրանով, չէր փակել հարցը. ուրեմն ինչի՞ մասին էին տարիներ ի վեր ընթացող բանակցություններն ու Իլհամ Ալիեւի անդադրում նվնվոցները, թե միջազգային հանրությունն իր վրա ճնշում է գործադրում՝ ստիպելով ճանաչել ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը:

2018-ին վարչապետի աթոռին «հաթաթայով» տիրացած անձը («կամ ե՛ս կլինեմ Հայաստանի վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»), փոշիացրեց պատերազմով եւ 25-30 տարվա ջանադրությամբ ձեռք բերված բավական նպաստավոր բանակցային արգասիքը՝ հայտարարելով, թե բանակցությունները սկսելու է իր սեփական կետից: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ իր կետը «զրոյականն» է: Իսկ երբ անհանգստացած մարդիկ ցանկանում էին իմանալ, թե ինչ են բանակցում Ալիեւի հետ, ջղերը տեղի տվեցին. «ինչ պետք է, էն էլ բանակցում ենք»: Ու հետո էլի շատ բաներ ասաց, խոստումներ շռայլեց, բայց «զրո կետից» բարձրանալ ոչ մի կերպ չհաջողվեց: Բայց գանք մեր թեմային:

Ուրեմն՝ Չեխիայի մայրաքաղաքում կեսգիշերային միքանիժամյա բանակցություններից հետո Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրախորհրդի ղեկավարներն ընդունեցին համատեղ հայտարարություն, որտեղ երկու հիմնական արձանագրում կա. Բաքուն եւ Երեւանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ իրենց հանձնառությունը հայտնելով ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա-Աթայում 1991թ. ընդունված Հռչակագրին: Եվ երկրորդ՝ կողմերը հիմնականում համաձայնեցին սահմանին տեղակայել Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը:

Նրանք նաեւ ընդգծեցին, որ սահմանազատումը կայանալու է հենց այդ հիմքով: Որեւէ քարտեզի մասին խոսք չեղավ. ըստ երեւույթին՝ Ալիեւն այդպես էլ չէր գտել Հայաստանից ավելին պոկելու՝ իր «սրտի» քարտեզը: Բացի դրանից, ՀՀ-ն, ինչպես ասվեց, համաձայնել է սահմանի իր մասում երկու ամսով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու առաջարկին, սակայն Ադրբեջանը որոշ վերապահում է ունեցել՝ համաձայնելով գործակցել առաքելության հետ՝ «որքանով որ առնչություն կունենա»: Ավելի վաղ Եվրամիության ԱԳ նախարար Ջոզեֆ Բորելը հայտարարել է, թե Բրյուսելը պատրաստ է եղել զորք տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, սակայն Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել:

Դե, իհարկե, Ադրբեջանն իր սահմանին զորք տեղակայելու տարբերակին ինչպե՞ս կարող է համաձայնել եւ իրեն զրկել հայկական դիրքերի ու խաղաղ բնակավայրերի ուղղությամբ պարբերաբար կրակ բացելու եւ դրանում հակառակորդին մեղադրելու հնարավորությունից: Ինչ վերաբերում է ԵՄ քաղաքացիական առաքելությանը, ապա դա, ըստ ամենայնի, անորոշ կամ բացառապես դիտորդական գործառույթներ իրականացնող մարմին է, որից անվտանգության ակնկալիքներ հազիվ թե կարելի է հուսալ: Լավագույն դեպքում նրանց ներկայությունը միգուցե զսպի Ադրբեջանին՝ միառժամանակ ձեռնպահ մնալ սահմանային սադրանքներից ու ներխուժումներից:

Եվրամիության պաշտոնական տեղեկացմամբ՝ արդեն առաջիկա շաբաթներին խնդրո առաքելությունը ձեռնամուխ կլինի իր գործունեությանը: Այն կոչված է կողմերի միջեւ վստահությունն ամրապնդելու եւ զեկույցներով սահմանագծման-սահմանազատման հանձնաժողովներին աջակցելու համար: Սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը, որը նախատեսված է մինչեւ այս ամսվա վերջը, տեղի է ունենալու Բրյուսելում: Այս միջոցառումները նկատի ունենալով՝ որոշ դիտորդներ հակված են համարել, որ Պրահայում Հայաստանն իր արտաքին ուժագծի (վեկտոր) փոփոխության առաջին տեսանելի քայլն արեց դեպի Արեւմուտք: Այս տեսակետն անհիմն չէ, եթե համադրենք վերջին օրերին սաստկացած հակառուսական տրամադրությունների հետ: Բայց չշեղվենք:

Պրահյան գործընթացներից տպավորությունն այնպիսին է,- եւ սա սոսկ տպավորություն չէ,- որ ադրբեջանական կողմին ամեն ինչ տրվում է, ամեն խոսքն անցնում է, մինչդեռ հայկական կողմը, կարծես, Պրահա է եկել «աղքատ ազգականի» կարգավիճակով: Բերեմ մեկ օրինակ: Հայտնի է, որ Ադրբեջանը բռնազավթել եւ Ջերմուկում, Սոթքում, Սյունիքում եւ այլուր օկուպացիայի տակ է պահում հայկական զգալի տարածքներ: Ավելին՝ թշնամական զինուժը ամրաշինական աշխատանքներ է իրականացնում բռնազավթված հայկական հատվածներում, կահավորում դիրքերը՝ հետագա ծավալման մտադրությամբ: Զորքերն այդ տարածքներից հետ քաշելու կոչեր են հնչեցրել պաշտոնական Վաշինգտոնը, Փարիզը, ուրիշ երկրներ ու եվրոպական կառույցներ, բայց՝ անարդյունք:

Հիմա՝ հարց. ի՞նչ հիմունքներով են իրականացվելու սահմանազատման աշխատանքները: Ադրբեջանի օկուպացրած հողերը թողնելով իրե՞ն, թե՞ դրանք վերադարձնելով օրինական տիրոջը: Ընդունված քառակողմ հայտարարության մեջ, կարեւոր այս պահը հստակեցված չէ: Նիկոլի մասով չասեմ՝ նրա հետ ամեն ինչ պարզ է, հապա Մակրո՞նը ինչպես ստորագրեց «մութ անկյուններ» ունեցող մի փաստաթուղթ, որով օրինականացվում է այլ պետության ինքնիշխան տարածքների բռնազավթումը: Չէ՞ որ իր երկիրը դատապարտել էր Ադրբեջանի գործողությունը՝ կոչ անելով զորքերը դուրս բերել հայկական զավթյալ տարածքներից: Նա հեռախոսակապով նույնպես հորդորել էր Ալիեւին հետ քաշվել, բայց վերջինս գետնով էր տվել նրա խոսքը:

Չեխիայի մայրաքաղաքից եկած ամենավատ լուրը վերաբերում է Արցախին, ավելի ստույգ, թող լեզուս պապանձվեր, նրա հանձնմանը, որի մեկնարկը Նիկոլը տվել էր դեռ Երեւանում՝ ԱԺ ելույթով, իսկ եզրագիծը կփակի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Քառակողմ հայտարարության մեջ թե՛ Ղարաբաղի, թե՛ այնտեղ՝ ազերի թուրքի ուղիղ նշանառության թիրախում ապրող 120 հազար հայերի մասին որեւէ բառ չասվեց: Բանակցություններից հետո՝ հանդիպելով ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այդ երկրի նախագահը կրկին պնդեց, որ մերժում է հարցը քննարկել որեւէ երկրի, նույնիսկ Երեւանի հետ: «Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, ում դա դուր չի գալիս, կարող է հեռանալ, բնակության այլ վայր ընտրել»,- հավելեց նա:

Մեծ հաշվով՝ պրահյան գործընթացը երեւակեց մի պարզ իրողություն. ներկայումս ընթացող աշխարհաքաղաքական վայրիվերումներում դրսից ու ներսից կեղեքվող Հայաստանը հայտնվել է հետնաբեմում, եւ նրա միակ ապավենը երբեմնի իր փառքից խռոված Հայոց բանակն է, որին պետք էր նոր ավյուն, շունչ ու ոգի տալ, բայց որին դավադրաբար «քցել» են սեփական իշխանությունները, քայքայել ու հյուծել են, նետել մի կողմ՝ իբրեւ անպետքացած իր: Հայաստանն այլեւս դարձրել են բաշիբոզուկների ոտքի կոխան եւ բացել դարպասները դարերով հայի վախճանը տենչացող, նենգ ու չարամիտ թշնամյաց առջեւ: Ու այս ամենը՝ խաղաղության, բարիդրացիության, կիսաբերան ժպիտների եւ կանոնակարգված ձեռքսեղմումների քողի ներքո:

Առհասարակ՝ խորունկ մոլորություն է կարծել, թե մեր փրկությունը գալու է եվրոպաներից կամ ամերիկաներից: Նման անհեթեթություններից հույսներդ մեկընդմիշտ կտրեք, հույսը սահմանին կանգնած մեր զինվորն է, մեր բանակը, որի այսօրվա ողբալի վիճակը երկու բառով նկարագրեցի վերը: Ի վիճակի՞ ենք նրան ոտքի հանել, վերադարձնել երբեմնի հռչակը՝ ուրեմն փրկության լույսի մի շող կառկայծի թունելի վերջում, չե՞նք կարողանա՝ ուրեմն… մեղքը մեր վիզը: Նորից կասեմ՝ Եվրոպան մեր անվտանգության խնդիրը չի լուծի, ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը՝ նույնպես, Իրանը՝ նմանապես, Չինաստանն ու Հնդկաստանը՝ առավել եւս: Պետք չէ այդքան միամիտ լինել (ասածս հասկացողներին չի վերաբերում):

Ալլահի նզովք ու պատիժ հարեւանը, որի հետ մեզ ուզում են ագուցել հարկադիր խաղաղության կապանքներով, բիրտ է ու չարամիտ, բայցեւ հարուստ է նավթ ու գազով, որոնցից բաժին է հասնում նաեւ եվրոպաներին, ում աջակցությանն ու անկեղծությանը մենք պարզամտորեն հավատում ենք: Պատրաստ եմ հազար անգամ կրկնել. ցանկացած ոք,- եւ Եվրոպան չի կարող բացառություն լինել,- չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Թույլերի հետ չեն դաշնակցում: Օրինակն ակներեւ է՝ հենց հայոց բանակը թուլացավ՝ Արցախի շուրջ օղակը սկսեց սեղմվել: Նույնիսկ ՀՀ բոլոր ժամանակների ամենաթուլակամ իշխանությունը վերջնականապես «ձեռքերը լվացավ» Արցախից, ինչի մասին «Հայացքը», ի դեպ, տագնապի կոչնակ էր հնչեցրել տակավին 2021-ի սեպտեմբերին:

Պրահայում պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչեւ տարեվերջ ստորագրել հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, որը, փորձագետների միահամուռ կարծիքով, Արցախի հանձնման վերջին արարն է լինելու: Բայց չի կարելի ամեն ինչ կորած համարել, քանի դեռ ունենք անձեռնհաս, ազգադավ կառավարությանը հեռացնելու եւ, հանուն հայոց Արցախի օրինական իրավունքների, համազգային պայքարի ելնելու տարբերակը: Ժողովրդական իմաստնությունն ասում է. քանի դեռ պայքարում ես՝ ունես հաղթելու հնարավորություն, իսկ հենց դադարեցնես պայքարը, արդե՛ն պարտված ես:

 

Գեւորգ Բրուտենց

 

Հ.Գ. Երբ այս  հոդվածն արդեն պատրաստ էր լույսընծայման, թուրքական Al Monitor-ը որոշ մանրամասներ հայտնեց Պրահայում Էրդողան-Փաշինյան հանդիպումից: Կայքի տեղեկությամբ՝ ՀՀ վարչապետը Էրդողանից աջակցություն էր խնդրել հայ գերիների ազատ արձակման եւ սահմանազատման հետ կապված։ Ըստ Al Monitor-ի, Էրդողանն իր հերթին Փաշինյանից պահանջել էր հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային աշխատանքներից եւ բացել «Զանգեզուրի միջանցքը»։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: