Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Հայաստան. սեփականության վաճառքին պետք է զգույշ վերաբերվել

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Թյուրիմացության վերջին դեպքը, որ տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի եւ արաբ ձեռնարկատերերի միջեւ՝ երբ վերջիններիս մերժվեց Երեւանում ձեռք բերել սեփականություն, այնքան էլ արտառոց չէր: Շատերն այն ընկալում էին սոսկ իբրեւ Հայաստանի տնտեսության մեջ արվող արտաքին կապիտալ ներդրումների առջեւ քաղաքապետարանի կողմից խոչընդոտներ ստեղծելու փաստ: Բայց իրավիճակն առավել համակողմանի դիտարկելիս՝ կարելի է ավելի ճշգրտորեն իմաստավորել տեղի ունեցածը: Հայաստանը բախվել է մի լուրջ միտումի, որի իմաստն այստեղ մինչեւ վերջ հասկացված չէ: Դա հետեւյալն է. նպատակահարմա՞ր է արդյոք հսկայածավալ ֆինանսների կենտրոններին մեզանում սեփականության տիրապետման իրավունքի տրամադրումը: Եվ բանն ամենեւին Ռուսաստանին վերջերս անարդյունավետ կերպով այդպիսի իրավունքներ տալու նախադեպը չէ: Այդտեղ ամեն ինչ պարզ է՝ ոչ մի զարգացում էլ Հայաստանի տնտեսությունը չստացավ: Ընդհակառակն՝ Ռուսաստանին փոխանցած առանցքային ճյուղերում մենք գործ ունեցանք լճացման հետ: Բայց դա վատագույնը չէ, որին կարող էր եւ է՛ բախվել մեր երկիրը:

Ներկա պահին մենք բախվում ենք միանգամայն այլ միտումների, որոնք երկրի համար նոր հնարավոր սպառնալիքներ են պարունակում: Այդ մասին արժե ավելի մանրամասն խոսել, քանի որ հենց հիմա է գալիս աշխարհի ֆինանսատնտեսական կենտրոնների հետ փոխհարաբերությունների ռազմավարորեն ճշգրտված ազգային հայեցակարգի մշակման ժամանակը: Առաջին հերթին՝ հարկ է խոսել Հայաստանում սեփականության բաշխման համակարգի եւ դրա կողմից երկրի ներսում ստեղծված յուրահատուկ ֆինանսատնտեսական շահերի մասին: Ինչպես թվում է, ներկա պահին այստեղ դանդաղ գործողության մի ական է դրված, որի հետ կատակել չի կարելի:

ԽՍՀՄ-ի փլուզումն առաջնագիծ դուրս բերեց սեփականության ձեւերի վերափոխման անհրաժեշտությունը: Հանրային սեփականության զանգվածային մասնավորեցման նախադեպ աշխարհում ոչ մի տեղ չէր եղել: Պետական-մենաշնորհային կապիտալիզմի (սոցիալիզմի բուն տեսաբանների բնորոշմամբ) թեզի վրա հիմնված խորհրդային տիպի տնտեսությունը կարող էր գոյություն ունենալ միայն կենտրոնացված ֆինանսավորման հիմքի վրա: Այդպիսի պրակտիկայի դադարեցումը խոշոր սեփականության սրընթաց փլուզման պետք է բերեր: Եվ եթե գյուղատնտեսական ձեռնարկությունները (կոլտնտեսություններն ու սովխոզները) կարելի էր վերացնել այդ ձեռնարկությունների անդամների միջեւ հողի պարզ բաժանման ճանապարհով, ապա արդյունաբերական հսկաների հիմնախնդիրը հատուկ մոտեցում էր պահանջում: Այդ ձեռնարկությունների գործունեության ֆինանսավորումն այն ժամանակ գործնականորեն անհնար էր: Ասենք՝ հողի սեփականատերերը եւս հայտնվել էին նույն փաստի առջեւ՝ առանձին-առանձին հողակտորների մշակումը՝ պայմանավորված ծանր տեխնիկայի բացակայությամբ, բարդ գործ էր դարձել: Բայցեւայնպես՝ սեփականաշնորհում կատարվեց եւ ունեցավ ծանր հետեւանքներ:

Հայաստանում սեփականաշնորհման ապագա հայեցակարգի ուրվագծերն առաջին անգամ նշմարվել էին 1991 թվականի փետրվարին Կառավարության հաստատած եւ Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած` «ՀՀ-ում սեփականաշնորհման հիմունքներում»: Բայց իրավական ակտերի մշակման իրական գործընթացը սկսվել էր արդեն Լեռնային Ղարաբաղի պատերազմի թեժ պահին: 1992 թվականի հուլիսին ընդունված օրենքն ուներ հոդված վաուչերներ կոչվող` սեփականաշնորհման սերտիֆիկատների մասին: Հայտնի է, որ վաուչերները հատուկ էին մտածված սեփականաշնորհումն արագացնելու համար: Խոսվում էր այն մասին, թե սեփականաշնորհումն անհրաժեշտ է միջին խավ ստեղծելու համար: Թե ինչի համար էր այդ շտապողականությունը` այնքան էլ հասկանալի չէ:

Մինչվաուչերային ժամանակաշրջանում արդյունաբերության մեջ սեփականաշնորհում գործնականապես չէր անցկացվել: Իրականացվել էր ձեռնարկությունների մասնակի (հիմնական ֆոնդերի 20%-ի) անհատույց մասնավորեցում`դրանք բաժնետիրական ընկերությունների վերափոխմամբ: 1997 թվականից, երբ կառավարությունը փոխվել էր, սկզբնավորվեց խոշոր ձեռնարկությունների ընտրովի սեփականաշնորհման միտում` անգործության մատնված հսկաների վերագործարկումը երաշխավորող օտարերկրյա գնորդների ներգրավմամբ: Այս դեպքում կտրուկ փոխվեցին սեփականաշնորհման շուրջ բանավեճերը: Եթե առաջ խոսում էին վաուչերային մասնավորեցման արդարացիության մասին, ապա այժմ ուշադրությունը կենտրոնացված էր դրա արդյունավետության, գնորդների ընդունման միջոցների ու ձեւերի վրա: Պետությունը դարձել էր տնտեսական այդ քաղաքականության մենաշնորհատիրական կիրառողը: Դժվար չէ ենթադրել, թե ինչպիսի շահերից էր բխում այդպիսի քաղաքականության վարումը ավտորիտար իշխանության գոյության պայմաններում:

Արդյունքում, ինչպես ցույց տվեց ժամանակը, խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհումից հետո նրանց մեծ մասը հայտնվեց ազդեցիկ պաշտոնյաների ու նրանց շրջապատի նորաթուխ գործարարների ձեռքում: Բաժնետերերի մեծամասնությունը ստիպված վաճառում էր իր բաժնետոմսերը, քանի որ չի կարողացել մուծել ձեռնարկություններն աշխատեցնելու համար անհրաժեշտ գումարը: Մի քանի մարդ գնել էր այդ բաժնետոմսերը եւ դարձել սեփականության տեր: Երկրի օլիգարխացման հիմքերը դրվել էին արդեն բուն օրենքներում:

Բայց դրանով ամեն ինչ չվերջացավ: Իշխանության ճամբարի անդամների ձեռքում հայտնվել էին բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, որոնց գործունեության համար ոչ ոք փող չէր ներդրել: Արդյունքում պատկառելի քանակության մեռած կապիտալ էր կազմավորվել: Սեփականաշնորհված ձեռնարկությունների տերերը վաճառում էին սարքավորումները եւ սպասում անշարժ գույքի գների բարձրացմանը: Երկրում ֆինանսական միջոցների մշտատեւ պակասուրդի պայմաններում գրեթե երկու տասնամյակ նշված ձեռնարկություններից շատերը մինչեւ հիմա մնում են անտեր: Նույնը հողամասերի դեպքում է. հսկայական տարածություններ մինչեւ այժմ չեն մշակվում իրենց տերերի կողմից: Բնականաբար` դրանց տերերն այդ սեփականության գները սաստիկ բարձրացնում են միայն մեկ նպատակով` վաճառել մեծ օգուտով: Դա վերաբերում է ոչ միայն խոշոր սեփականությանը, այլեւ ողջ երկրով մեկ տարածված հարյուր հազարավոր փոքր օբյեկտներին: Փաստորեն` սեփականության անկանոն (գիշատչական) մասնավորեցումը ներկայումս ոչ միայն մեծ խնդիրներ է ստեղծել տնտեսության զարգացման համար, այլեւ մեծ սպառնալիքներ՝ երկրի ապագա անվտանգության գործում:

Ներկայում` բաց տնտեսության պայմաններում, ողջ աշխարհում տեղի են ունենում կապիտալի էքսպանսիայի վրա խարսխված աննախադեպ տնտեսական գործընթացներ: Հնարավորություններ ի հայտ եկան գնելու սեփականություն այնպիսի ծավալներով, որոնք վտանգ էին ներկայացնում ազգային պետությունների գոյության համար: Ինչպես շատ հետազոտողներ են նշում, պետությունները կդառնան մեգապոլիսների եւ խոշոր ֆինանսական կազմակերպությունների պատանդները: Այդ սուբյեկտներն ավելի շատ գործակցում են միմյանց հետ, քան՝ այն տարածքների, որոնց հանդեպ քաղաքական-իրավական պարտավորություններ ունեն: Ավելին` խոշոր եւ փոքր պետությունների միջեւ հարաբերություններում ֆինանսական էքսպանսիան պայմաններ է ստեղծում ժողովրդագրական էքսպանսիայի համար: Այսինքն` երեւան են եկել նոր հնարավորություններ քաղաքական խնդիրներն օրինական ֆինանսատնտեսական մեխանիզմներով լուծելու համար:

Դրա վառ օրինակը մեր դրացի Վրաստանն է: Այստեղ վերջին տասնամյակների ընթացքում թուրքական կապիտալն իր երկրի (Թուրքիայի) համար ռազմավարորեն կարեւոր ժողովրդագրական էքսպանսիայի խնդիր է լուծում: Վրաստանի համեմատ ֆինանսական հնարավորությունների նշանակալի անհավասարությունը թույլ է տալիս այդ երկրից սեփականություն խլել ամբողջ քաղաքներում (Բաթումի) եւ ծայրամասերում: Ավելի մեծ ծավալներով համանման խնդիրներ է լուծում Չինաստանն Աֆրիկայում` գնելով առանձին երկրների տնտեսության ամբողջ ճյուղեր: Ընդ որում` այդպիսի գործընթացները տեղի են ունենում հարաճուն արագությամբ` ժամանակ չտալով էքսպանսիայի ենթարկվող երկրներին: Ավելի ճիշտ` փոքր երկրներն ավելի հաճախ են անզոր վիճակում հայտնվում այդպիսի միտումների դեմհանդիման:

Բայց կա նաեւ հակառակ երեւույթը: Օգտագործելով միջազգային-իրավական հնարավորությունները, փոքր երկրներից շատերը ստեղծում եւ ծավալում են խոշոր ֆինանսների ներգրավման արդյունավետ մեխանիզմներ` մեծ երկրների ֆինանսատնտեսական հսկաներին բացառիկ հնարավորություններ տալու ուղիով: Տարբեր «օֆշորներն» ու ֆինանսական սխեմաները թույլ են տալիս խոշոր տնտեսական օբյեկտներին` ազատվել ազգային պետությունների կողմից դրվող հարկերից: Ավելին` նրանք դառնում են այս կամ այն երկրների խոշոր կոռուպցիոներների միջոցների լվացման կենտրոններ:

Գլոբալ քաղաքականության եւ տնտեսության նմանատիպ «օպերատորների» երեւակայությունը սահմաններ չունի: Բնավ պատահական չէ խոշորագույն ընկերությունների սրընթաց սնանկացումը: Կարելի է օրինակ բերել նախկին հսկաներ «Նոկիա»-ի եւ «ԹոմասԿուկ»-ի դեպքերը: Հեշտ փողերի հետեւից ընկնելը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ցանկացած երկրի ու ցանկացած ընկերության համար:

Ահա այսպիսին են գործերը ֆինանսների եւ սեփականության աշխարհում: Այս աշխարհի հետ գործնականում բախվելիս, հարկավոր է ազգային անվտանգության տեսակետից հարյուր անգամ ծանրութեթեւ անել սպառնալիքներն ու հնարավորությունները: Միշտ չէ, որ փողերը փրկում են՝ երբեմն դրանք նաեւ կործանում են: Շատ հայ կոռուպցիոներների ու նախկին օլիգարխների ճակատագիրը դրա վկայությունն է: Իսկ երբ բանը պետությանն է վերաբերում՝ տասնապատիկ զգույշ պետք է լինել:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: