Ավելի քան երկու տասնամյակ երկիրը բռնազավթած վարչակազմի դեմ հետընտրական բողոքի ալիքի բարձրացումը ընդդիմադիր ուժերի դրսեւորման հիմնական ձեւն է եղել։ Նախկինում, ընտրական գործընթացների հենց սկզբից, անհրաժեշտություն էր առաջանում հանրությանը նախապատրաստել ու մասնակիցը դարձնել երկարատեւ պայքարի։ Հենց դրա մեջ էին ընդդիմադիր ուժերը գտնում իրենց գոյության իմաստը։ Կեղծված ընտրություններից հետո տարբեր կուսակցությունների կողմից դրանց արդյունքները չընդունելը, բողոքարկումները, հանրահավաքների միջոցով ժողովրդին ակտիվ պահելու քայլերը ներքաղաքական կյանքը դարձնում էին լարված ու բեւեռացված։ Եվ որքան էլ հանցավոր վարչախմբին ընդդիմանալու մղումը ընդդիմադիր կուսակցություններին օբյեկտիվորեն հենց նման կերպ դրսեւորվելու պատճառ էր դառնում, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ նույն այդ վարքը բթացնում էր նրանց գոյության բուն իմաստը, այն է՝ սեփական ծրագրերով քաղաքական կյանքին մասնակցելու միջոցով ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորման ու արտահայտման նպատակայնությունը։
Դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքում նոր իրավիճակ է ստեղծվել։ Խորհրդարանում մեծամասնություն կազմած ուժից բացի, մյուսների համար խնդիր է դարձել այնպես գնահատել այս ընտրական գործընթացը, որ այդ դիրքորոշումը լինի անաչառ, պահպանվի ընտրողների համակրանքը եւ հնարավորություն ստեղծի հետընտրական ժամանակահատվածում խորհրդարանում կամ դրա պատերից դուրս այդ միավորներին մնալ որպես քաղաքական կամքի ձեւավորման ու արտահայտման դերակատարներ։ Նման գնահատանքի բարդությունը նաեւ այն է, որ ազատ ընտրությունների պայմաններում՝ տուրք տալով մեզանում եղած քաղաքական մշակույթին, կուսակցությունները սեփական անհաջողությունները կամ պետք է կարողանան ներկայացնել որպես հաջողություն, կամ փորձեն մեղավորներ գտնել, որը կբացատրի ընտրություններում ստացած նրանց ցածր ցուցանիշերը։
Այդ տեսանկյունից փորձենք ծանոթանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քաղաքական ուժերի գնահատականներին։
Ըստ ՀՀԿ տարածած հայտարարության՝ «Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձեւով, բայց ոչ բովանդակությամբ։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների եւ նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների եւ այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ»: Նշելով, որ ՀՀԿ-ն այսուհետ շարունակելու է իր աշխատանքը որպես արտախորհրդարանական ուժ՝ նրանք, միաժամանակ, իրենց հայտարարության մեջ հաջողություն են մաղթում խորհրդարան անցած ուժերին եւ նրանց ձեւավորելիք կառավարությանը, որով կարծես թե ընդունում են այս խորհրդարանի լեգիտիմությունը[1]։
Ըստ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ հայտարարության՝ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ վայելում են քաղաքացիների վստահությունը։ Այդուհանդերձ, «ՔՈ» ՍԴԿ-ն գտնում է, որ հեղափոխությունը չի հանգեցրել ընտրական գործընթացներում հեղափոխական մշակութային փոփոխությունների։ Ռեյտինգային ընտրակարգի կիրառման պայմաններում ընտրության չափորոշիչ է եղել առավելապես թեկնածուների անձը, այլ ոչ նրանց ու իրենց կուսակցությունների կրած արժեքները, ինչն անմիջականորեն արտացոլվել է ընտրությունների արդյունքների մեջ։ Ինչ վերաբերում է այդ կուսակցության հետագա գործունեությանը՝ հայտարարության մեջ նշվում է, որ հավատարիմ են մնում իրենց հռչակած օրակարգին եւ գտնում են, որ սահմանադրական, համակարգային փոփոխությունների ճանապարհով է կարելի հասնել ցանկալի արդյունքին։ Այդ նպատակի համար նրանք շարունակելու ենք գործել, ընդլայնվել, նոր համախոհներ գտնել՝ Հայաստանի ամբողջ տարածքում[2]։
ՀՅԴ տարածած հայտարարության մեջ խոսվում է պարտության մասին, ընդ որում փորձ է արվում գտնել օբյեկտիվ պատճառներ։ Ըստ ՀՅԴ-ի, դրանք են՝ գաղափարի ու ծրագրի փոխարեն անհատի արժեւորումը, «ներքին թշնամու» կերպարի վրա ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածի կենտրոնացած լինելը, արտաքին եւ ներքին վտանգների հանդեպ առկա անհոգությունը, Դաշնակցության մոտեցումների անընկալելիությունը ժողովրդի մեծամասնության կողմից, քաղաքական օրակարգում Արցախյան գործոնի պատշաճորեն չկարեւորվելը, առանց հստակ գաղափարական եւ ազգային դիմագծի Ազգային ժողովի ձեւավորումը: «Ժամանակի ընթացքում անկողմնակալ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու Արցախի հիմնախնդրի նշանակությունը ճիշտ պատկերացնող մեր քաղաքացիները կհամադրեն ամեն օր ստացվող նորությունները մեր հնչեցրած մտահոգությունների հետ եւ կգիտակցեն, թե ինչի մասին էինք խոսում, ահազանգում... Մենք մուտք ենք գործում այդ նոր պատմության մեջ համազգային կուռ կառույցով, ապագայի մեր երազանքով ու պայքարելու վճռականությամբ»,- ասված է ՀՅԴ հայտարարության մեջ[3]:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հայտարարության մեջ արժեւորվում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը։ Ըստ կուսակցության՝ այդ ընտրություններով ավարտվում է հեղափոխությունը, եւ երկիրը թեւակոխում է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, որտեղ խորհրդարանն ունի հայեցակարգային մոտեցումներ ունեցող, փոխզսպող եւ հակակշիռ հանդիսացող ուժի անհրաժեշտություն։ Եվ այդ ուժի դերում, իբրեւ ձեւավորված քաղաքական մեծամասնությանը քաղաքակրթական ու արժեքային ընդդիմություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տեսնում է հենց իրեն[4]։
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լեւոն Շիրինյանը գտնում է, որ մասնակցելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ճիշտ է, առավելագույն առաջադրանքը իրենք չեն կարողացել կատարել, սակայն լուծել են նվազագույն խնդիրը. այն է` հանրությանը ներկայացրել են քրիստոնեական արժեհամակարգով իրենց քաղաքական կազմակերպությունը։ Ըստ Շիրինյանի՝ ՔԺՎԿ-ն, որպես հեղափոխության իդեալներն իրականացնող քաղաքական կառույց, վերակազմելով կուսակցությունը, արդիական Հայաստան ստեղծելու ճանապարհին պարտավոր է շարունակել պայքարը[5]։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը շնորհավորելով հայ ժողովրդին՝ ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին մերժելու ու քաղաքական դաշտից հեռացնելու առիթով, միաժամանակ շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն կազմելու համար ու հայտնում, որ նման վիճակը մեծ պատասխանատվություն է դնում նրա վրա՝ իրականացնելու սահմանադրական եւ այլ բարեփոխումներ։ Ինչ վերաբերում է իր հետագա գործունեությանը, ապա ԱԱԿ-ն այսուհետ խոստանում է արտախորհրդարանական միջոցներով փորձել իրականացնել իր ծրագրային դրույթները եւ նպաստել Հայաստանի զարգացմանը[6]։
«Մենք» դաշինքն իր հայտարարության մեջ նշում է, որ վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ ընտրությունները չեն կեղծվել եւ անցել են առանց էական խախտումների ու միջադեպերի։ Մտահոգություն հայտնելով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բովանդակային, գաղափարական ու ծրագրային պայքար այդպես էլ տեղի չի ունեցել, որի արդյունքում ձեւավորվել է միաբեւեռ Ազգային ժողով՝ այս ուժը գտնում է, որ նման վիճակը երկրի զարգացման տեսանկյունից եւ խորհրդարանական կառավարման համակարգի կայացման առումով դրական երեւույթ չէ: «Մենք» դաշինքը պարտավորված է զգում այսուհետ ավելի մեծ թափով աշխատել եւ մեծացնել իր գաղափարակիցների բանակը[7]։
ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Օրինաց երկիր» կուսակցությունը շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին եւ շնորհավորել խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն[8]:
Ըստ «Սասնա ծռեր»-ի հայտարարության՝ ընտրական գործընթացում կոնկրետ քվեարկությունը, չնայած ընթացքում արձանագրված խախտումների, ընդհանուր առմամբ եղել է ազատ ու թափանցիկ, ինչի շնորհիվ ժողովուրդն ազատ արտահայտել է իր կամքը։ Դրա հետ մեկտեղ՝ Ընտրական օրենսգրքը, Կուսակցությունների մասին օրենքը չփոփոխելու հետեւանքով ընտրություններին մասնակցող ուժերի միջեւ առաջացել է անհավասար մրցակցություն։ Այդ պատճառով ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար։ Սակայն, անկախ դրանից, կարեւորելով ժողովրդի ազատ կամարտահայտության փաստը, «Սասնա ծռեր» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների արդյունքները[9]։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ՝ շնորհակալություն հայտնելով ընտրությանը մասնակցած եւ ԲՀԿ-ին վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, վստահեցրել է, որ նրանց յուրաքանչյուր քվեն իր ու թիմի համար մեծագույն պատասխանատվություն է, եւ որպես խորհրդարանում ներկայացված երկրորդ քաղաքական ուժ, այդ պատասխանատվությունն իրենք անվերապահորեն իրացնելու են[10]:
Հայաստանի քաղաքական դաշտի համար ստեղծվել է իսկապես նոր իրավիճակ։ Ինչպես ընտրապայքարին մասնակցած, այնպես էլ չմասնակցած միավորները, Հայաստանում գրանցված տասնյակ կուսակցություններն այսօր խնդիր ունեն իմաստավորելու ընտրական գործընթացի ավարտից հետո սեփական գոյությունը: Կուսակցությունների մասին օրենքի անկատարությունը Հայաստանում քաղաքական ուժերին անիմաստ «լողալու» հնարավորություն է ստեղծում։ Առանձին դեպքերում հայտարարություններով հանդես են գալիս կոնկրետ անձինք՝ ապացուցելով իրենց կուսակցությունների ավտորիտար բնույթը։ Շատ քաղաքական ուժեր չեն ցանկանում հստակ դիրքորոշում հայտնել ու գնահատական տալ տեղի ունեցածին՝ կարծելով, որ նման անսկզբունքայնությամբ կարող են ավելի ճկուն լինել քաղաքական դաշտում։ Գրեթե բոլոր կուսակցությունները չեն պատկերացնում իրենց ինստիտուցիոնալ դերը քաղաքականության մեջ։ Երկրի անվտանգությանը, ինքնիշխանությանը սպառնացող հարցերում ոմանք խուսափում են գնահատականներ ու առաջարկություններ հնչեցնել՝ վախենալով թուլացնել իրենց ունեցած արտաքին կապերը։
Կուսակցությունների մասին նոր օրենքի անհրաժեշտությունը բխում է քաղաքական դաշտի առողջացման ու զարգացման պահանջներից։ Կուսակցությունների ինստիտուտի կայացումը պետք է լուծի քաղաքական այդ միավորների դերի ու նշանակության հարցը ոչ միայն ընտրական գործընթացում։ Կուսակցությունները պետք է կարողանան ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորման ու արտահայտման գործառույթն իրապես կատարել, ինչի համար նրանց պետք է տալ ոչ միայն տարբեր լծակներ, այլեւ ներկայացնել որոշակի պահանջներ ու չափանիշեր: Ըստ այդմ էլ կտրվի տվյալ միավորի գնահատականը՝ իսկապե՞ս ինստիտուցիոնալ կառույց է, որն ունի հստակ գաղափարախոսություն, տնտեսական ծրագիր, երկրի զարգացման քաղաքական տեսլական, սոցիալական ու կադրային հենք, թե՞ մեկ անձի կամ անձանց շուրջ ձեւավորված խմբավորում, որի նպատակն ընդամենը կառավարման լծակների յուրացումն է:
Սարո Սարոյան
Հղումներ
[1] https://www.lragir.am/2018/12/10/402641/
[2] https://www.facebook.com/sdcdp/posts/371879093582503
[3] https://www.lragir.am/2018/12/10/402618/
[4] https://www.lragir.am/2018/12/10/402582/
[5] https://www.facebook.com/levon.shirinyan.5
[6] https://mamul.am/am/news/139407/%C2%AB%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81%C2%BB-%D5%AF%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A7-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D5%A5%D5%AC
[7] https://www.lragir.am/2018/12/10/402687/
[8] https://hraparak.am/post/1016052457-214145
[9] http://himnadir.am/%D5%BD%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1-%D5%AE%D5%BC%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82-9/?fbclid=IwAR2O0Ttr_fcpH4z7tu5fjSw0DXZrKJSRLtuW1_9FqQ7Oh2c7j4DM-ewB0pE