Ավետ Բարսեղյան, «Հայելիս», պոեզիա, 160 էջ, «ՆյուՄեգ» հրատարակչություն, 2025թ.:
«Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուն Ավետ Բարսեղյանի անդրանիկ գիրքն է: Նրանում յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որն ընթերցողին հնարավորություն է տալիս աշխարհին, մարդուն, կյանքին ու սիրուն նայել բանաստեղծի հայացքով։
Գիրքը բացահայտում է հեղինակի հոգու ամենանուրբ անկյունները՝ անկեղծությամբ եւ առանց պաճուճանքի։ «Ազնիվ». այդպես է ընթերցողը բնորոշում Ավետի պոեզիան՝ գողտրիկ ու մտերմիկ, տեղ-տեղ փիլիսոփայական ընդհանրացումներով: Նրա բանաստեղծական տողերում ամենաշատ հանդիպող խորհրդանիշը, որը, թերեւս, անձնավորված է եւ հայտնվում է ամենատարբեր տրամադրություններով ու բնավորություններով, դա արեւն է:
Միեւնույն՝ «Արեւի մարդիկ» վերնագրով երկու գործերում գլխավոր հերոսը հանդիպում է լրիվ տարբեր կերպավորումով. հեղինակի հայացքը մեր խնդիրը տեսնում է մեր ինքնաճանաչման, վերափոխման եւ ապաշխարության մեջ:
«Հայելիս» մի փոքր ուշ եկավ, բայց ոչ ուշացած՝ կասեր Սեւակը: