Մարիա Քորելլի, «Վենդետա», վեպ, 395 էջ, «Բիբլիոն» հրատարակչություն, 2026թ.:
Իտալական կեղծանվան տակ ստեղծագործող Մարիա Քորելլին, նույն ինքը՝ Մերի Մակկեյը, անկասկած 19-րդ դարի անգլիացի ամենավառ ու ինքնատիպ գրողներից է։ Գոթական գեղարվեստական գրականության պայծառ ներկայացուցիչ Քորելլին առանձնանում էր մի յուրահատուկ առեղծվածային հմայքով, իսկ նրա գրքերի վաճառքները ռեկորդներ էին սահմանում՝ գերազանցելով ժամանակակիցների՝ Արթուր Քոնան Դոյլի, Հերբերտ Ուելսի և Ռեդյարդ Քիփլինգի վաճառքները միասին վերցրած, ինչը գրաքննադատները նրան երբեք չներեցին։
1886 թվականին գրված այս վեպը օրերս է թարգմանվել հայերեն, և այն ոչ այլ ինչ է, քան դաժան ճակատագրի և անարդարության դեմ գլխավոր հերոսի շուրթերից արձակված ճիչ։
«Ես, որ գրում եմ այս տողերը, մեռյալ եմ։ Մեռյալ՝ օրենքով, մեռյալ՝ անհերքելի փաստերով, մեռյալ և թաղված։ Եվ այնուամենայնիվ՝ ես ողջ եմ»։ Հեղինակն առաջին իսկ տողով ընթերցողին տեղափոխում է Իտալիա, Նեապոլ, որտեղ 19-րդ դարի վերջին ժանտախտի համաճարակի խառնաշփոթում Ֆաբիո Ռոմանիին սխալմամբ կենդանի թաղում են ընտանեկան դամբարանում։ Անխուսափելի մահվանից հրաշքով մազապուրծ եղած՝ ուժասպառ Ֆաբիոն մեծ դժվարությամբ դուրս է գալիս դագաղից և շտապում իր հարազատների՝ կնոջ, դստեր, ընկերոջ մոտ, որպեսզի հերքի նրանց հասած գույժը․ նա ողջ է և վերադարձել է՝ չնայած փորձություններին։
Ահա այստեղ է նրան վիճակված առերեսվել իր ողջ էությունը ցնցող դաժան իրականության հետ, վերապրել բազում հիասթափություններ ու տառապանքներ։ Իր չարդարացված հույսերը ջախջախելու համար Ֆաբիոն ողջ վեպի ընթացքում մշակում է վրեժխնդիր լինելու մի հանճարեղ ծրագիր, որն ընթերցողին պահում է անասելի լարված վիճակում՝ նրան ընկղմելով առեղծվածային գոթական մի մթնոլորտի մեջ։ Որոշ էջեր անց ընթերցողի և հերոսի միջև անտեսանելի գրքային սահմանն աստիճանաբար սկսում է անէանալ, և ընթերցողն ասես արդեն ինքն է վերածվում Ֆաբիոյի՝ վերապրելով նրա բոլոր տառապանքներն ու մտորումները։ Իսկ հանգուցալուծումն անխուսափելի է․ ի՞նչ արժեք կունենա վենդետայով առաջնորդվող մարդու ախտահարված հոգին, և արդյո՞ք ամենն այդքան պարզորոշ և միանշանակ է, որքան ի սկզբանե թվում էր։

