Հովիկ Չարխչյան, «Երկիր անավարտ», վեպ, 216 էջ, «Նռանէ» հրատարակչություն, 2024թ.:
«Երկիր անավարտ» վեպն անմիջապես հայտնվեց ընթերցողների ուշադրության կենտրոնում: Նման հետաքրքրությունն առաջին հերթին պայմանավորված է գրքի բովանդակությամբ, ուր ներկայացվում են մեր ժամանակների խնդիրներն ու մտահոգությունները, հանրային ընկալումների հակասությունները, դժվարին իրավիճակներում ելքեր որոնելու ջանքերը:
Դրանք ոչ միշտ են տալիս ցանկալի արդյունքը, քանի որ ավելի հաճախ էականը ստորադասվում է անկարեւորին, անհատի ու երկրի շահերի մերձեցումը չի կայանում: Եվ այս լարված իրադարձություններին համընթաց հեղինակն իր գրքում դիտարկում է բարդ երեւույթների խորքային խմորումներն ու դրանք հրահրող պատճառները: «Այս վեպը մեզնից յուրաքանչյուրի մասին է»,- ասում է ստեղծագործության հեղինակը:
«Երկիր անավարտ»-ը Չարխչյանի նոր վեպն է: Ճշմարտություն եւ պատմություն, միտք եւ գործողություն, նպատակ եւ միջոց. այս շղթան պիտի ուղեկցվի խաթարումներով, քանի որ յուրաքանչյուրն այն դիտարկելու է իր տեսանկյունից, իր հակումների ու աշխարհընկալման սահմաններում: Ու հենց այդ տարբերությունն է, որ գրքի հերոսներին տանում է դեպի հետեւանքը, որ կանխորոշված չէր…