Ֆրանսուա Մորիակ, «Իժերի կծիկը», վեպ, թարգմանությունը ֆրանսերենից՝ Արբուն Տայանի, 400 էջ, «Անտարես», 2022թ.:
Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆրանսիացի բազմաժանր գրող եւ հրապարակախոս Ֆրանսուա Մորիակին՝ որպես սոցիալ-հոգեբանական ստեղծագործության վարպետի, գրական մեծ հռչակ է բերել «Իժերի կծիկը» վեպը: Այն 68-ամյա փաստաբանի մասին է, որը կյանքի մայրամուտին որոշում է օրագրության ձեւով կնոջը թողնել նրա հետ 50 տարի համատեղ կյանքում զգացած մարդկային ծանր ապրումները:
Աշխատանքային փայլուն կարիերա արած, մեծ հարստություն դիզած մարդը միայնակ ու անտեսված է սեփական ընտանիքում: Նա շրջապատի վերաբերմունքից դարձել է անհաղորդ ու դաժան ընտանիքի հանդեպ: Սիրտը կծկվել, վերածվել է իժերի կծիկի, որտեղ բույն են դրել ատելությունն ու վրեժխնդրությունը, այդ թվում՝ հարազատ զավակների նկատմամբ:
Մի՞թե դա հավանական է` վատնել կյանքը եւ չճանաչել սեփական կնոջը` անիմաստ խանդից ելնելով, կամ չսիրել երեխաներին, լինել նրանց համար ատելի զառամյալ ծերուկ, ումից միայն ժառանգություն է հարկավոր ստանալ եւ որի համար պետք է դավեր նյութել հարազատ հոր դեմ: Բայցեւայնպես՝ մահվան շեմին գիտակցել կյանքի ու զավակի քաղցրությունը, միշտ կնոջը նվիրված լինելը եւ անհուն սերը, որը տարիներ շարունակ կարծրացել էր՝ մնալով երկաթե սրտում: