Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Կենտրոնի կյանքը

ՌԱՀՀԿ եռամսյա պարբերականի երկրորդ եւ երրորդ համարների շնորհանդեսը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա պարբերականի այս տարվա երկրորդ եւ երրորդ համարների շնորհանդեսը, որին ներկա էին դրանցում զետեղված հոդվածների հեղինակները, քաղաքական վերլուծաբաններ, լրագրողներ եւ հանրային հատվածի ներկայացուցիչներ:

Շնորհանդեսը ներածական խոսքով բացեց ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ Կենտրոնը որոշել է ավարտել 2012 թվականից հրատարակվող եռամսյա պարբերականի նախագիծը «եւ հետայսու ՌԱՀՀԿ-ի հետազոտական-վերլուծական արտադրանքը մատուցել այլ ռիթմով ու ծրագրահենքով»՝ օգտագործելով էլեկտրոնային տեղեկատվության միջոցների ավելի լայն ու արդյունավետ հնարավորությունները:

26.10.17 1

Այնուհետեւ իրենց հրապարակումների համառոտ բովանդակությունը ներկայացրին 2-րդ եւ 3-րդ համարների հոդվածագիրներ Մանվել Սարգսյանը, Հայկ Գաբրիելյանը, Կարպիս Փաշոյանը եւ ուրիշներ: Շնորհանդեսի մասնակիցներից իրենց տեսակետները հայտնեցին ՀՀ-ում Ուկրաինայի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը, ՌԱՀՀԿ գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը, Հայաստանում Արցախի ներկայացուցչության աշխատակից Աշոտ Մելյանը:

«Փոփոխվող աշխարհ»-ի երկրորդ թողարկումն ընդգրկում է ապրիլ-հունիս ամիսները: Այն բացվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանի՝ հանդեսին տված հարցազրույցով, որում արծարծվում են մի շարք կարեւոր հարցեր: Քրիստոնեության մեջ հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների տարանջատման մասին է պատմաբան, հրապարակախոս Կարպիս Փաշոյանի ուսումնասիրությունը: Իր ծավալուն վերլուծականում քաղաքագետ Մանվել Սարգսյանը ինքնորոշման եւ ինքնիշխանության հենքին փորձում է հիմնավորել աշխարհակարգերի փոփոխությունների շրջաններում իրենց կենսակայունությունն ապահովելու տեսակետից ժողովուրդների ու պետությունների հաջողված եւ չհաջողված լինելու ունիվերսալ պատճառները: Թուրքագետ Հայկ Գաբրիելյանն անդրադարձել է Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի արդի փուլին: Հետաքրքիր ուսումնասիրություններով հանդես են եկել նաեւ պրոֆեսոր Համլետ Զաքարյանը, եւ Երեւանի պետհամալսարանի դասախոս Մերուժան Հարությունյանը:

26.10.17 2

Երրորդ, եզրափակիչ համարում, որը ներառում է հուլիս-սեպտեմբեր ամիսները, նույն հեղինակներից թուրքագետ Հայկ Գաբրիելյանը թուրքական թեման շարունակում է՝ լուսաբանելով Թուրքիայի 2011-2017 թվականների սիրիական քաղաքականության վայրիվերումները: ԵՊՀ դասախոս Մերուժան Հարությունյանն ուշագրավ ոճով ու դրվագներով վերլուծում է ազգ-բանակ թեման, իսկ Հումանիտար գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս Համլետ Զաքարյանը խորհրդածում է ՀՀ տնտեսության զարգացման եւ նրա անվտանգության խնդիրների շուրջ: Համարներում լայնորեն լուսաբանված է նաեւ ապրիլ-հունիս եւ հուլիս-սեպտեմբեր ամիսների կարեւոր իրադարձությունների ժամանակագրությունը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: