Շաբաթ, Նոյեմբերի 21, 2026

Ô Ազատ ամբիոն

Մեր շահերից բխո՞ւմ է, որ մեր թշնամիներն իրար միանալու ճանապարհ ունենան

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Այսպես կոչված «Թրիփը» գործառութային առումով թուրքերի ձևակերպած և պահանջած «Զանգեզուրի միջանցքն» է։ Ավա՜ղ։ Դեռ մի կողմ թողնելով պատմաքաղաքական ապացուցողական ամբողջ համաշարը՝ թեկուզ միայն օգոստոսի 8-ի տխրահռչակ հռչակագրում հանդիպող «ՀՀ տարածքի վրայով Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապ» ձևակերպումը հիմնավորում է նվաստիս պնդումը։ Երկրորդ կարծիք այս հարցում կարող է լինել միայն ռազմավարական մեծ պատկերի փոխարեն բառային փաթեթավորումների վրա կենտրոնանալու դեպքում։

Բայց նույնիսկ այդ ճանապարհը լավ տեղ չի տանում։ Դիցուք՝ «Թրիփն» իսկապես ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Ե՞վ։ Ի՞նչ է փոխվում դրանից։ Ընդհանրապես Հայաստանի շահերից բխո՞ւմ է, որ մեր ճանապարհները զավթող, մեզնից Արցախը գրաված, մեր մեծամեծերին պատանդառած թշնամիներն առհասարակ իրար միանալու ճանապարհ ունենան, այն էլ՝ մեր իսկ տարածքով…

Մեզ պետք է ոչ թե բառերի ճշգրտում, այլ ռազմավարական մտածողության հեղափոխություն։ Հեղափոխությունը մտածողության, գործունեության և առհասարակ տիրապետող մոդալությունների արմատական կերպափոխումն է։ Սրանով է հեղափոխությունը տարբերվում սովորական փոփոխությունից, որը սոսկ տիրող կարգերի շրջանակներում իրագործվող «թույլատրելի» ճշգրտում է։

2018 թ․ և հատկապես 2020 թ․-ից Հայաստանն զգում է ճշմարիտ հեղափոխության կարիք։ Միայն այդ դեպքում հայկական քաղաքակրթությունը և դրան սպասարկելու կոչված քաղաքական դաշտը հասու կդառնան Հայաստանի իրական շահերին՝ զերծ դրսեկ և օտար խաղացողների ձևավորած «նորմալ ստատուս-քվոյի» թելադրանքներից։

 

Էդգար Էլբակյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: