Կիրակի, Հոկտեմբերի 13, 2024

Խմբագրական

Բարի երթ եւ հարատեւ ընթացք

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Հարգելի այցելու, սա Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) նորաբաց կայքէջի անդրանիկ թողարկումն է, որն այսօրվանից սկսած՝ շաբաթական թարմացումներով փոխարինելու է Կենտրոնի «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա վերլուծական հանդեսին:

Արժանին մատուցելով տարիների իր վաստակամեծ առաքելությունն ավարտող պարբերականին, որտեղ զետեղվում էին Հայաստանի ու Մեծ մերձավոր արեւելքի տարածագոտու քաղաքական, սոցիալ-տնտեսական հրատապ հիմնախնդիրներին առնչվող ուշագրավ հետազոտություններ, օրախնդիր անդրադարձներ եւ այլ նյութեր, էլեկտրոնային նոր հարթակի խմբագրակազմն ու փորձագետ-վերլուծաբանների խումբը լ ի են այդ հարթակի բազմապիսի առավելությունները լավագույնս օգտագործելու վճռականությամբ:

Նախորդ փորձի լույսով անձնակազմը շարունակելու է հավատարիմ մնալ մամուլի ամենակարեւոր երկու սկզբունքներին՝ հեղինակային խոսքի լիակատար ազատությանը եւ անաչառության ապահովմանը: Զուգահեռաբար՝ գործածության մեջ կդրվեն այնպիսի հնարքներ, ինչպիսիք են թեմատիկ, ժանրային ու ոճական բազմազանությունը, նյութի կառուցիկությունը եւ մատուցման դյուրացումը:

Անցումը աշխատանքի նոր, առաջնակարգ ձեւերի՝ հնարավորություն կտա ավելի արագ ու հասանելի դարձնել տպագիր արտադրանքի շրջանառությունը՝ ներառելով կարծիքների լայն տարրապատկեր եւ անհամեմատ ավելի մեծ լսարան: Մի խոսքով՝ էլեկտրոնային տարբերակն ի զորու է ապահովել մեր հետազոտական գործունեության պատշաճ շարժընթացը, ռիթմը եւ վերլուծությունների թեմատիկ խճանկարը:

Այսպես՝ նոր «Հայացքը» ասպարեզ է իջնում ոչ միայն նոր ծրագրահենքով, գաղափարներով ու տեխնիկական նորովի լուծումներով, այլեւ  ներհայաստանյան վայրիվերումները, փոփոխվող աշխարհի դեմքն ու գույները հնարավորինս անսխալ տարբերակելու, իմաստավորելու եւ հանրությանը ներկայացնելու գործում իր դերակատարության խորն ըմբռնումով:

Ուրեմն՝ հետեւեք մեր հետագա թողարկումներին՝ ՌԱՀՀԿ-ի «Հայացք Երեւանից» կայքէջի թարմ, իրատեսական, լուսառատ եւ կառուցողական շնչառությանը:

Մնում է՝ մեզ մաղթել բարի երթ, բեղմնավոր աշխատանք եւ հարատեւ ընթացք: Կհանդիպենք:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: