Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ինչ է կատարվում Թուրքիայի եւ Իրանի միջեւ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ավելի խորը հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանի երկու խոշոր դերակատարների՝ Իրանի ու Թուրքիայի միջեւ, պետք է հասկանալ մի քանի պատմական եւ աշխարհաքաղաքական օրինաչափություններ: Ըստ էության, անցած դարավերջին ԽՍՀՄ-ի փլուզմամբ, իսկ այժմ ուկրաինական պատերազմով եւ, որպես դրա հետեւանք, Ռուսաստանի թուլացմամբ պայմանավորված՝ պատմությունը սկսում է կրկնվել:

Ժամանակակից Իրանի կամ Պարսկաստանի մասին կարելի է խոսել Սեֆյանների դինաստիայի հաստատումից հետո, 1501 թվականից: Դրանից ի վեր օսմանցիների ու Սեֆյանների միջեւ մեկ տասնյակի չափ մեծ պատերազմներ են եղել՝ չհաշված ավելի մանր առճակատումները: Ո՞րն էր այդ պատերազմների շարժառիթը: Հիմնականում պատճառն աշխարհաքաղաքական էր. այսինքն՝ պայքար էր գնում ժամանակակից Իրաքի ու Հարավային Կովկասի ռազմավարական նշանակության տարածքների ու առեւտրային հաղորդակցությունների համար:

Կարեւոր դերակատարում ուներ նաեւ գաղափարախոսական հակամարտությունը: Օսմանյան Թուրքիայի գաղափարախոսական հենքը սունիականությունն էր, եւ երկիրը կառուցված էր իսլամի սկզբունքների վրա: Սուլթանը նաեւ խալիֆ էր, բոլոր մուսուլմանների հոգեւոր առաջնորդը: Իր տերությունը եւս գաղափարախոսության հիմունքներով կառուցելու համար Իրանն ընտրել էր շիականությունը՝ հակադիր գաղափարախոսությունը, եւ նրանցից յուրաքանչյուրը մյուսի տարածքում ուներ իր հետեւորդները՝ մյուսի «5-րդ շարասյունը»: Հետեւաբար՝ միմյանց համար նրանք նաեւ սպառնալիք էին՝ ե՛ւ գաղափարախոսական, ե՛ւ անվտանգային առումներով:

Թուրք-իրանական վերջին խոշոր պատերազմը տեղի էր ունեցել 1821-1823 թվականներին: Այ, այստեղ է ամենահետաքրքիրը. 1828 թվականից հետո, երբ Ռուսաստանը գրավեց Հարավային Կովկասը, օսմանցիների ու պարսիկների միջեւ պատերազմի ցանկությունը մարեց: Երրորդ ուժը լուծեց հիմնական կռվախնձորի խնդիրը, եւ Հարավային Կովկասում ձեւավորվեց որոշակի հավասարակշռություն:

Պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ երրորդ խաղացողի հայտնվելը որակապես փոխել է իրավիճակը: Հիմա գանք այսօրվա իրադարձություններին եւ տեսնենք, թե ինչ է կատարվում: Թուրքիայում ստեղծվել է Հարավային Ադրբեջանի վտարանդի կառավարություն, իսկ Իրանը Նախիջեւանն իրեն միացնելու շարժում է ձեւավորում, եւ երկու կողմերում զորավարժություններ են ընթանում:

Սա պայմանավորված է Ռուսաստանի թուլացմամբ, որի արդյունքում, կարծես թե, վերսկսում է 1821-1823 թվականների պարսկա-օսմանյան պատերազմից հետո դադարեցված պայքարը Հարավային Կովկասի համար: Իրաքում եւ Սիրիայում նույնպես Իրանի ու Թուրքիայի միջեւ հակամարտությունը վերսկսել է: Դրանք միմյանց հետ փոխկապակցված հակամարտություններ են: Թուրքայի կողմից հիմա հանդես է գալիս Արեւմուտքը՝ Իրանի ու Ռուսաստանի դեմ, եւ պայքարը, ինչպես հասկանում ենք, Հյուսիս-Հարավ ու Արեւելք-Արեւմուտք հաղորդակցությունների համար է ծավալվում:

Ըստ «ռեալ-պոլիտիկի» տեսության, որեւէ երկիր՝ ուժեղանալով, մյուսի գոյությանը սպառնում է այնքան ժամանակ, մինչեւ չի հանդիպում հակառակ կողմի դիմադրությանը: Ռուսաստանի թուլացման պատճառով Թուրքիային դիմադրություն է ցույց տալիս Իրանը: Մենք պետք է հստակ հասկանանք, որ Ադրբեջանն ու Թուրքիան այնքան են առաջ գալու դեպի Հայաստանի տարածք, մինչեւ հանդիպեն դիմադրության: Եվ այդժամ մեզ կաջակցեն այն երկրները, որոնք մտահոգություն կունենան Թուրքիայի ու Ադրբեջանի տարածապաշտությունից:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: